Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

VIII․ Զինված ուժերը
Ճ–ի զինված ուժերը (այսպես կոչված, ինքնապաշտպանության ուժերը) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը պրեմիեր մինիստրն է․ անմիջական ղեկավարությունն իրականացնում են Պաշտպանության վարչությունը՝ շտաբների պետերի միացյալ կոմիտեի միջոցով և բոլոր զորատեսակների շտաբները։ Զինված ուժերը (մոտ 267 հզ․ մարդ, 1977) համալրվում են վարձկաններով։ Ցամաքային զորքերը (մոտ 180 հզ․ մարդ) ունեն բանակային 5 շտաբ, տանկային 1, հետևակային 12 դիվիզիա, օդադեսանտային 1 բրիգադ, հատուկ զորքերի հրետանային, ինժեներական և մի քանի այլ առանձին միավորումներ, զենիթային կառավարվող ռեակտիվ արկերի 7 խումբ։ Ռազմաօդային ուժերը (մոտ 45 հզ․ մարդ) ունեն 450 մարտական ինքնաթիռ, 17 էսկադրիլիա, զենիթային կառավարվող ռեակտիվ արկերի 5 դիվիզիոն, ռազմա–ծովային ուժեր (մոտ 42 հզ․ մարդ)՝ 16 սուզանավ, 30 ականակիր, շուրջ 200 մարտական ինքնաթիռ ևն։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
1976-ին Ճ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 16,4, մահացությունը՝ 6,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 9,3։ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 72 տարի է, կանանցը՝ 77։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ–անոթային, շնչառական օրգանների հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները։ Տարածված են տրախոման, դիզենտերիան, վեներական հիվանդությունները, տուբերկուլոզը, աճում է հոգեկան հիվանդությունների թիվը։ Սոցիալական պրոբլեմ են թմրամոլությունը և ալկոհոլամոլությունը։
Առողջապահության կազմակերպման համակարգում զուգակցված են մասնավոր կապիտալիստական և ապահովագրական բժշկության տարրերը։ Արտահիվանդանոցային օգնությունը գրեթե ամբողջությամբ տնօրինում են մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները։ Բնակչության չնչին տոկոսն է օգտվում ձրի բուժման իրավունքից։ Գործող օրենսդրությամբ ծերության թոշակ է նախատեսված 60 տարեկան տղամարդկանց և 55 տարեկան կանանց համար։ Առողջապահության պետ․ մարմինը առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունն է։
1975-ին գործել են 8,3 հզ․ հիվանդանոց՝ 1 մլն 163,7 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ ավելի քան 10 մահճակալ), որից պետ․ (1973)՝ 2,5 հզ․ հիվանդանոց՝ 377,2 մահճակալով։ 1973-ին եղել է ավելի քան 30 հզ․ առողջապահական կետ՝ 258, 9 հզ․ մահճակալով (947-ը 9,2 հզ․ մահճակալով՝ պետ․), 1974-ին աշխատել են 126,8 հզ․ բժիշկ (860 բնակչին՝ 1 բժիշկ), 40,6 հզ․ ստոմատոլոգ, 74,4 հզ․ դեղագործ, 26,8 հզ․ մանկաբարձ, 347 հզ․ միջին և կրտսեր բուժաշխատող։ Բժշկ․ կադրեր են պատրաստում բժշկ․ 68, ստոմատոլոգներ՝ 15, մանկաբարձներ՝ 37 դպրոց, դեղագործներ՝ 34 ուս․ հաստատություն։ 1973-ին գործել են առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությանը ենթակա 9 ԳՀԻ։ Հայտնի են Կիմակուրա, Տիգասակի, Օիսո կլիմայական, Նիկկո, Կարուիձավա, Հուցիմի լեռնակլիմայական, Ատամի, Նասու, Յումոտո բալնեոլոգիական առողջարանները։ 1973-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 1,8%-ը։
X․ Լուսավորությունը
Ճ–ում առաջին դպրոցները հիմնվել են VI դ․, բուդդայական մենաստաններին կից։ VIII դ․ սկզբին ժող․ կրթության մասին ընդունված առաջին օրենքով ստեղծվել են պետ․ դպրոցներ, ուր բարձր խավի պատանիներն ուսումնասիրում էին չինական դասական գրականությունը, փիլիսոփայություն, օրենքներ, պատմություն, մաթեմատիկա։ Ֆեոդալական մասնատվածության ուժեղացմանը զուգընթաց այդ դպրոցները փոխարինվել են խոշոր ֆեոդալների արքունիքներում ստեղծված տոհմական դպրոցներով, ուր պատանիներն ստանում էին ասպետական դաստիարակություն, ուսումնասիրում զինվորական գործը, դասական գրականությունը, մաթեմատիկա և սովորում վարվելակերպի կանոնները։ XVII դ․ առևտրի ու արհեստների զարգացման հետ դպրոցներ են բացվել վաճառականների, արհեստավորների և աղքատ սամուրայների երեխաների համար, որտեղ սովորեցնում էին գրաճանաչություն, հաշվել, ձեռքի աշխատանք։ 1870-ական թթ․ ստեղծվել է կրթական կենտրոնացված համակարգ, մտցվել պարտադիր տարրական ուսուցում, բացվել են պետ․ դպրոցներ։ 1890-ին հրապարակվել է «Դաստիարակության և կրթության մասին կայսերական հրովարտակը» («Կյոիկու տյոկուգո»), որի համաձայն դպրոցներում դաստիարակությունը տարվում էր միլիտարիզմի և ազգայնամոլության ոգով։ 1947-ին ընդունվել է «Կրթության մասին հիմնական օրենքը», որով սահմանվել է կրթության հավասար իրավունք, 9-ամյա համընդհանուր, ձրի, պարտադիր կրթություն, տղաների և աղջիկների համատեղ ուսուցում։ Բայց այդ սկզբունքները լրիվ չեն կենսագործվում։ Ժող․ կրթության համակարգը ղեկավարում են լուսավորության մինիստրությունը և տեղական կոմիտեները։
Նախադպրոցական դաստիարակությունը (3–6 տարեկանների) իրականացվում է մանկապարտեզներում։ 1975-ին Ճ․ ուներ 13,1 հզ․ մանկապարտեզ։ Պարտադիր կրթության I աստիճանը 6-ամյա տարրական (6–12 տարեկանների), II աստիճանը՝ 3-ամյա ցածր միջնակարգ (13–15 տարեկանների) դպրոցներն են։ Բարձր միջնակարգ դպրոցը (ուսուցումը՝ վճարովի) 3-ամյա է (16–18 տարեկանների)։ Գործում են երեկոյան բարձր միջնակարգ դպրոցներ (4-ամյա)։ Բարձրագույն կրթության (բարձր միջնակարգ դպրոցի հիմքի վրա) համակարգը կազմում են համալսարանները (4-ամյա, բժշկ․ ֆակուլտետները՝ 6-ամյա, 77%-ը՝ մասնավոր), ցածր և տեխ․ կոլեջները։ 1975-ին Ճ–ում կար 420 համալսարան։ Խոշորագույն պետ․ համալսարաններից են՝ Տոկիոյի համալսարանը, Տոհոկու (հիմնադրվել է 1907-ին, ք․ Սենդայ), Կիոաոյի (1897), մասնավորներից՝ Նիհոն (1903), Վասեդա (1882), Մեյձի (1881), Հոսեյ (1880), Տոկայ (1942), բոլորն էլ՝ Տոկիոյում։ Կան նաև փոքր (մեկ–երկու ֆակուլտետով) համալսարաններ։ Ցածր կոլեջները (85%-ը՝ մասնավոր) պատրաստում են տեխ․ կամ մանկավարժական միջնակարգ կրթությամբ մասնագետներ։ Տեխ․ կոլեջները (5-ամյա, հիմնականում՝ պետ․) ստեղծվում են ցածր միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ 1975-ին Ճ–ում կար 895 հանրային գրադարան։ Խոշորագույնը Ազգային պառլամենտականն է (հիմնադրվել է 1948-ին, ավելի քան 6,5 մլն գիրք), խոշորներից են Տոկիոյի (1887, ավելի քան 4 մլն գիրք) և Կիոտոյի (1899, 3,4 մլն գիրք) համալսարաններինը։
Ճ. ունի (1975) 409 թանգարան, այդ թվում՝ Ազգային (1871), Օկուրա Սյուկոկան (1917), Ազգային գիտական (1877), Ժամանակակից արվեստի ազգային (1952), բոլորն էլ՝ Տոկիոյում, Ազգային (1889), Ժամանակակից արվեստի պատկերասրահ (1963), երկուսն էլ՝ Կիոտոյում ևն։
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
Հին դարերում և վաղ միջնադարում բնագիտական գիտելիքներ կուտակվել են գլխավորապես այն բնագավառներում, որոնք կապված են եղել գյուղատնտեսության, բժշկության, արհեստների (ապակեգործություն, խեցեգործություն, մետաքսագործություն ևն) հետ։ Դրանց զարգացման վրա էական ազդեցություն է գործել Չինաստանի և Կորեայի մշակույթը։ VII դ․ 2-րդ կեսին հայտնաբերվել են նավթի, ծարիրի, անագի հանքավայրեր, սկիզբ է դրվել մետալուրգիային, թղթի արտադրությանը։ 675-ին Ասուկայում կառուցվել է աստղադիտարան։ Մոտ 840-ին Ճ․ է թափանցել գրատպությունը (փայտագրություն)։ X դ․ սկզբին Ս․ Ֆուկաեն տվել է Ճ–ի կենդանական և բուսական աշխարհի նկարագրությունը։ XVII–XVIII դդ․ ձևավորվել են ազգային ինքնատիպ գիտական դպրոցներ։ Մաթեմատիկայի բնագավառում հայտնի էին Կովա Սեկիի և նրա աշակերտների աշխատանքները։ 1744-ին Էդոյում կառուցվել է աստղադիտարան։ Աստղագիտության և բարձրագույն գեոդեզիայի հարցերով զբաղվել են Գորյու Ասադան, Մ․ Մոտոկին, Տադաո Սիձուկին։ Ռինսո Աոտին գրել է «Ֆիզիկայի ընդհանուր դասընթացը» (1825), իսկ քիմիայի վերաբերյալ առաջին ինքնուրույն աշխատությունը ստեղծել է Յոան Ուդագավան։ Կենսաբանական գիտելիքների զարգացմանը նպաստել են Յակուսուի Ինոյի, Ռանձան Օնոյի հետազոտությունները։ XIX դ․ սկսած պետությունը վարել է գիտական գործունեությունը խթանելու քաղաքականություն։ Հիմնադրվել են եվրոպական տիպի պետ․ (Սապպորոյում՝ 1876-ին, Տոկիոյում՝ 1877-ին ևն) և մասնավոր համալսարաններ և ավելի քան 70 գիտական հիմնարկներ ու նույնքան գիտական ընկերություններ։ Սեյսմոլոգիայի