և հրաբխագիտության ճապոնական դպրոցի կազմավորման գործում մեծ դեր է կատարել Ֆուսակիտի Օմորին։ Համաշխարհային ճանաչում են ստացել Սիբասաբուրո Կիտազատոյի աշխատանքները միկրոկենսաբանության բնագավառում։ XX դ․ 1-ին կեսին բացվել են նոր համալսարաններ, գիտական գործունեության կոորդինացման և միջազգային գիտական կապերի հաստատման նպատակով 1920-ին ստեղծվել է Ճ–ի գիտահետազոտական խորհուրդ։ 1932-ին հիմնվել է գիտության խրախուսման ընկերություն։ Հիմնարար հետազոտություններ են կատարվել գիտության բոլոր բնագավառներում։ Ֆիզիկայի զարգացման գործում զգալի ավանդ է ներդրել Յոսիո Նիսինան, որ Ճ–ում առաջինն է հետազոտել տիեզերական ճառագայթները, 30-ական թթ․ ստացել իզոտոպը, ձեռնամուխ եղել ցիկլոտրոնի կառուցմանը։ Նրա աշակերտ Հիդեկի Յուկավան (1966-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ) մշակել է մեզոնային տեսության հիմնական հասկացությունները (նոբելյան մրցանակ, 1949)։ Մագնիսականության պրոբլեմներին վերաբերող հետազոտություններ են կատարել Հանտարո Նագաոկան (1930-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ) և Սեյձի Կայան (1958-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ)։ Իրենց աշխատանքներով լայն ճանաչման են արժանացել կենսաքիմիկոս Սիրո Ակաբորին (1966-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ), քիմիկոսներ Տոսինոբու Ասաին, Ս․ Ակաբանեն, Ձյոձի Սակուրաին (1927-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ)։ Կենսաբանության, բժշկության բնագավառում գիտական և գործնական լուրջ նշանակություն ունեցող հետազոտություններ են կատարել Ձյոկիտի Տակամինեն (բյուրեղային ադրենալինի անջատում), Ումետարո Մուձուկին (վիտամինագիտություն), Կացուսաբուրո Յամագիվան և Կյոիտի Իտիկավան (քաղցկեղային ուռուցքների փորձնական մակածում), Հիդեյո Նոգուտին և Յոնեձի Միյագավան (վեներոլոգիա), Հիտոսի Կիհարան (բույսերի գենետիկա և ֆիզիոլոգիա) և ուրիշներ։ Երկրաբանա–աշխարհագրական գիտությունների զարգացումը Ճ–ում կապված է Նաոկատա Յամաձակիի գործունեության հետ («Ճապոնիայի ռեգիոնալ աշխարհագրություն», հհ․ 1–10, 1904–15)։ Ռեգիոնալ երկրաբանության ասպարեզում կարևոր աշխատանքներ են կատարել Բ․ Կոբոն և Տեյիտի Կոբայասին։ Օվկիանոսագիտության զարգացման գործում զգալի ավանդ է ներդրել Կանձի Սուդան։ Սեյսմոլոգիական կանոնավոր հետազոտությունների հիմքն է դրել Ակիցունե Իմամուրան։ Կիրառական բնույթի հետազոտություններով զբաղվել են մասնավոր ընկերությունների հետազոտական և նախագծային բաժանմունքները և համալսարաններին պատկանող մի շարք ԳՀԻ–ներ (ավիացիոն, ռազմածովային տեխնոլոգիայի, մետալուրգիայի ևն)։ Համաշխարհային ճանաչում են ստացել Տոկուսիաի Միսիմայի՝ մագնիսական պողպատներին և համաձուլվածքներին վերաբերող աշխատանքները։ 1928-ին Կենձո Տակայանագին պատրաստել է փորձնական հեռուստացույց։
1945-ից հետո գիտական գործունեությունն էապես վերակառուցվել է։ Գիտական աշխատանքների կոորդինացման նպատակով 1949-ին ստեղծվել է Ճ–ի գիտական խորհուրդ, 1956-ին՝ գիտատեխնիկական վարչություն, 1959-ին՝ գիտության և տեխնիկայի խորհուրդ պրեմիեր մինիստրին կից։ Իրենց գործունեությունն են շարունակել Նիսինան և Յուկավան։ Դաշտի քվանտային տեսության բնագավառում կատարած աշխատանքների համար Սինյիտիրո Տոմոնագան (1971-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ) 1965-ին արժանացել է նոբելյան մրցանակի։ Ազգային գիտության զարգացման գործում ծանրակշիռ ավանդ ունեն Ռյոգո Կուբոն (մոլեկուլային ֆիզիկա) և Կաձուհիկո Նիշիջիման (թույլ փոխազդեցությունների տեսություն)։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ասպարեզում հայտնի են Լեո Էսակիի հետազոտությունները (առաջարկել է թունելային դիոդը, նոբելյան մրցանակ, 1973)։ Մաթեմատիկայի զարգացումը կապված է Կունիհիկո Կոդայրայի (հանրահաշվական երկրաչափություն), Տոսիո Կաաոյի և Միկիո Սատոյի (ֆունկցիոնալ անալիզ), Կիյոսի Օկայի (ֆունկցիաների տեսություն), Մ․ Նոգատայի (ինվարիանտության տեսություն) գործունեության հետ։ Համակողմանի զարգացում են ապրել բնագիտության մյուս ճյուղերը՝ կառուցվածքային քիմիան (Մասաո Կատայամա, Ցոնեձո Մորինո), ռադիոքիմիան (Մ․ Կոնդո, Կացումի Կիմուրա և ուրիշներ), բույսերի կենսաքիմիան (Մասաձի Տոմիտա), կենսաբանությունը, հատկապես գենետիկան (Հ․ Յոսիկավա, Ռ․ Օկաձակի, Մ․ Կիմուրա, Ի․ Տակահասի, Դ․ Էգամի, Սուսումու Օնո և ուրիշներ), բժշկությունը (Ս․ Վատանաբե, Տ․ Տոկատու, Ի․ Օնո և ուրիշներ), երկրաբանա–աշխարհագրական գիտությունները (Տակեսի Նագատա, Մանձիրո Վատանաբե, Կիյո Վադատի և ուրիշներ), օվկիանոսագիտությունը (Կոձի Հիդակա, Ի․ Մացիձավա, Միտիտակա Ուդա և ուրիշներ) ևն։ 1950-ական թթ․ կեսերից Ճ–ում սկսվել է տիեզերական ծրագրերի մշակումը։ 1970-ին արձակվել է Երկրի «Օսումի» արհեստական արբանյակը։ 1950-ական թթ․ սկսած կապիտալիստական երկրների շարքում Ճ․ առաջատար տեղ է գրավում ոադիոէլեկտրոնային սարքավորման, ԷՀՄ–ների, ավտոմատացման միջոցների, ատոմային էներգետիկական տեղակայանքների նոր նմուշների ստեղծման ասպարեզում, նավաշինության, ավտոմոբիլաշինության, ճշգրիտ սարքաշինության, նավթաքիմիայի և այլ բնագավառներում։
2․ Հասարակական գիտությունները
Փիլիսոփայությունը։ Ճ–ում փիլիսոփայական մտքի առաջացումը կապված է VI–VIII դդ․ Չինաստանից և Կորեայից կոնֆուցիականության գաղափարների և բուդդայականության ներթափանցման հետ, որոնք տարածվում էին կրոնադիցաբանական ազգային պատկերացումների կողքին և ստանում ուրույն մեկնաբանություն։ XII–XIV դդ․ ձևավորվել են ձեն, ձյոդո և նիտիրեն աղանդների ուսմունքները, հանդես են եկել բուդդայական փիլիսոփայության նշանավոր մեկնիչներ Դոգենը, Սինրանը, Նիտիրենը։ XIV–XVI դդ․ փիլ․ մտքի մեջ տիրապետել է բուդդայականությունը, XVII դարից՝ կոնֆուցիականությունը։ XVII–XVIII դդ․ զարգացել են նաև կոնֆուցիականության դոգմաները ժխտող ուսմունքներ։ Մատերիալիստական գաղափարներով հանդես են եկել Սյոեկի Անդոն, Ձինսայ Իտոն, XIX դ․ 2-րդ կեսին՝ Տյոմին Նակաեն։ 1867–1868-ի անավարտ բուրժ․ հեղափոխությունից հետո բուդդայական–կոնֆուցիական փիլիսոփայությունը աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը՝ տեղը զիջելով արևմտաեվրոպական բուրժ․ փիլ․ տարբեր հոսանքների։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին տարածվել են ֆրանս․ լուսավորականության և անգլ․ պոզիտիվիզմի գաղափարները, ազդեցություն է ձեռք բերել գերմ․ դասական փիլիսոփայությունը։ Նույն շրջանում սկսվել է մարքսիզմի ներթափանցումը։ XX դ․ 20–40-ական թթ․ ճապոնական բուրժ․ փիլիսոփայության վրա ուժեղ կերպով ներազդել են կանտականությունը, հեգելականությունը, ինչպես նաև պրագմատիզմը, ֆենոմենոլոգիան, էկզիստենցիալիզմը։ Ձևավորվել է այսպես կոչված ճապոնական «դասական իդեալիզմը» (Կիոտոյի դպրոց, որը 1940-ական թթ․ վերջին փաստորեն անկում է ապրել)։ Տարածվել են «ճապոնիզմի» հետադիմական գաղափարախոսության փիլ․ տարբեր վարկածներ։ 1950-ական թթ․ առաջատար դիրք են գրավել էկզիստենցիալիզմը և պրագմատիզմը, 1960-ական թթ․՝ անալիտիկ փիլիսոփայությունը և արդի բուրժ․ փիլիսոփայության այլ նորագույն հոսանքներ՝ ճապոնական տարբերակներով («ճապոնական պրագմատիզմ», «ճապոնական էկզիստենցիալիզմ» ևն):
XX դ․ 20-ական թթ․ զգալի տարածում է ստացել մարքսիստական փիլիսոփայությունը։ 1930-ական թթ․ հետևողականորեն դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ է պրոպագանդել «Մատերիալիզմի ուսումնասիրության ընկերությունը»։ Մարքսիստական փիլիսոփայության զարգացման մեջ մեծ ներդրում ունեն Ձյուն Տոսական և Հիրոսի Նագատան։ 1940-ական թթ․ 2-րդ կեսից մարքսիստական փիլիսոփայությունը ստացել է ավելի մեծ տարածում։ Թարգմանվել են Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի և Վ․ Ի․ Լենինի հիմնական երկերը։ Մարքսիստ փիլիսոփաները մշակում են մարքսիստական փիլիսոփայության պրոբլեմները, քննադատում բուրժ․ փիլիսոփայությունը։
Ճ–ում փիլ․ ուսումնասիրությունները կատարվում են խոշոր համալսարաններում։ Հրատարակվում են փիլ․ ամսագրեր։
Պատմագիտությունը։ Ճապոնական առաջին գրավոր ժամանակագրությունները կազմվել են VIII–IX դդ․։ Դրանցից կարևոր են երկուսը՝ «Կոձիկի» («Հին ժամանակների գրառումներ», 712) և «Նիհոն սյոկի» («Ճապոնիայի տարեգրություններ», 720), որոնցում շարադրված է Ճ–ի հին պատմությունը՝ սկսած այսպես կոչված աստվածների դարաշրջանից։ Ժամանակագրությունների՝ «աստվածների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/76
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ