Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դարաշրջանին» վերաբերող բաժինները XVII դ․ սկզբից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ավարտը պաշտոնապես ճանաչվել են իբրև պատմական իրական փաստեր և օգտագործվել ճապոնական ազգի աստվածային ծագման վերաբերյալ ազգայնական հետադեմ տեսությունը հիմնավորելու համար։ XVII դ․ կեսին ավարտվեց դարասկգբին Ռաձան Հայասիի սկսած «Հոնտյո ցուգան» («Մեր երկրի համապարփակ հայելին») 310-հատորանոց աշխատությունը։ XVII դ․ վերջին ստեղծվեցին «Հոնգի» («Հիմնական տարեգրություններ») և «Ռիցուդեն» («Կենսագրություններ») գործերը, սկիզբ դրվեց «Դայնիպպոնսի» («Մեծ Ճապոնիայի պատմություն») աշխատությանը (397 հատոր, ավարտվել է մինչև 1906-ը)։ Պատմագիտության զարգացման մեջ կարևոր ավանդ է ներդրել կոնֆուցիական գիտնական և քաղ․ գործիչ Հակուսեկի Արաին (1657–1725), որն իր աշխատություններում [«Տոկուսի յորոն» («Պատմության լրացուցիչ մեկնաբանություններ»), «Կոսիցու» («Հին պատմության ուրվագիծ»)] առաջին անգամ փորձել է տալ Ճ–ի պատմության պարբերացումը, «աստվածների դարաշրջանը» դիտել իբրև մարդկային պատմության արտացոլում։ XVIII–XIX դդ․ սկսել է զարգանալ ազգային գիտությունը, որի ներկայացուցիչները [Մաբուտի Կամո (1697–1769), Նորինագա Մոտոորի (1730–1801) և ուրիշներ] մերժել են կոնֆուցիականության անառարկելի հեղինակությունը, իդեալականացրել Ճ–ի հին պատմությունը, հիմնավորել ռազմաֆեոդալական բռնապետության փոխարինման անհրաժեշտությունը կայսերական իշխանությամբ։
1867–68-ի անավարտ բուրժ․ հեղափոխությունից հետո, բուրժ․ վերափոխումների շրջանում, պատմագիտությունը զգալիորեն կրել է եվրոպական պոզիտիվիզմի ու լուսավորականության ազդեցությունը (Ուկիտի Տագուտի, Միցումի Մուրոտա), առաջացել է լիբերալ–բուրժուական ուղղությունը։ 1887-ին հիմնվել է Տոկիոյի համալսարանի պատմության ֆակուլտետը, 1889-ին՝ «Սիգակկայ» պատմական առաջին ընկերությունը։ 1895-ին սկսել են հրատարակվել «Ճապոնիայի պատմության նյութերը» («Դայնիհոն սիրյո») և «Պատմական հին փաստաթղթերի ժողովածուն» («Դայնիհոն կոմոնձյո»)։ XIX դ․ վերջից պատմագիտության մեջ տիրապետող դիրք են գրավել ճապոնակենտրոն ազգայնական ըմբռնումները, որոնք անվերապահորեն ընդունում էին կայսերական դինաստիայի աստվածային ծագումը, ճապոնական ազգի ռասայական գերազանցությունը։ XX դ․ 20-ական թթ․ մարքսիզմի տարածման պայմաններում փորձեր են արվել նոր ձևով լուսաբանելու Ճ–ի պատմությունը, մասնավորապես, ցույց տալու ժող․ զանգվածների դերը, ուսումնասիրելու «Մեյձի» հեղափոխության սոցիալ–տնտեսական նախադրյալները ևն (Գորո Հանի, Յոսիտարո Հիրանո և ուրիշներ)։ Աշխուժացել է լիբերալ բուրժ․ ուղղությունը (Յոսաբուրո Տակեգոսի, Էյձիրո Հոնձյու և ուրիշներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճ–ի պատմագիտության մեջ ձևավորվեց առաջադեմ դեմոկրատական ուղղությունը, որի շատ ներկայացուցիչներ ունեն մարքսիստական դիրքորոշում կամ մոտ են նրան (Ձյոկիտի Ուտիդա, Յոսիկացու Ֆուրուհատա, Սաբուրո Իենագա և ուրիշներ)։ Կարևոր տեղ է գրավում բուրժուաօբյեկտիվիստական ուղղությունը (Յոսիտակե Օկա, Տակեսի Իսիդա և ուրիշներ)։ Միաժամանակ հրատարակվում են այնպիսի աշխատություններ, որոնցում Ճ–ի պատմության (առանձնապես՝ նախապատերազմյան) հարցերը կրկին լուսաբանվում են ազգայնական դիրքերից (Մասասի Նաձու, Սիգենոի Տոկո և ուրիշներ)։
Պատմություն ուսումնասիրությունը կենտրոնացած է հիմնականում Տոկիոյի համալսարանին կից Հասարակական գիտությունների ինստ–ում, Արևելյան մշակույթի ինստ–ում, Տոկիոյի Վասեդա համալսարանին կից Հասարակական գիտությունների ինստ–ում և այլուր։ Հրատարակվում են պատմագիտական հանդեսներ։
Տնտեսագիտությունը։ Ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին, երկրում կապիտալիզմի հաստատման շրջանում։ Սկզբում տիրապետող էր ուշ մերկանտիլիզմը (Սյոնան Եկոի, Կիմիմասա Յուրի), կարևորվում էր պետության կողմից մանուֆակտուրաների ու առևտրի հովանավորումը։ Շահույթը համարվում էր արտաքին շուկայում անհամարժեք փոխանակության արդյունք, իսկ նյութական արտադրության զարգացումը՝ առևտրական հաշվեկշռի ակտիվացման ուղի։ Այդ շրջանում տնտեսագիտական մտքի վրա մերկանտիլիզմի ազդեցության թուլացման գործում մեծ էր Ուկիտի Տագուտիի, Յուկիտի Ֆուկուձավայի, Մասանա Մաեդայի ներդրումը։ Նրանք հարստությունն արդեն չէին նույնացնում միայն դրամի հետ, էկոնոմիկայի զարգացման վճռորոշ պայման էին համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի վերելքը, արտադրողական ուժերի կատարելագործումը, իսկ ոսկու և շրջանառության վարկային լծակների լայն կիրառումն ընդունում էին իբրև անհրաժեշտություն։ 1870-ական թթ․ վերջին տնտեսագետներն ուսումնասիրում էին կապիտալիստական արտադրության շարժիչ ուժերը (Տամեյուկի Ամանո, Ինեձիրո Տաձիրի, Սանաե Տակադա և ուրիշներ), իսկ 1880-ական թթ․՝ սոցիալ–տնտեսական պրոցեսների և վերնաշենքային երևույթների կոնկրետ առանձնահատկությունները (Հիրոյուկի Կատո, Սյուձո Յաձիրո Սինագավա)։ XX դ․ սկզբին գաղափարական պայքարի կենտրոնում ընդհանուր մեթոդաբանական և աշխարհայացքային պրոբլեմներն էին։ Մարքսիստներ Սեն Կատաաման, Իսաո Աբեն, Տոսիհիկո Սակաին պաշտպանում էին հասարակական զարգացման դիալեկտիկական–մատերիալիստական ըմբռնումը, իսկ բուրժ․ ռեֆորմիստները (Տոկուձո Ֆուկուդա և ուրիշներ) և Կ․ Մարքսին Հ․ Սպենսերի հետ «հաշտեցնող» Հաձիմե Կավակամին հասարակական, այդ թվում տնտ․ երևույթները գնահատում էին իդեալիստական ու մետաֆիզիկական դիրքերից։ Ֆուկուդան կապիտալիստական արտադրության հիմնական շարժառիթ էր համարում իբր մարդուն հատուկ եսասիրությունն ու շահամոլությունը, իսկ Կավակամին կողմ էր արտադրողների ու սպառողների հոգեբանական հակազդեցությունը որպես տնտ․ վերլուծության ինքնուրույն ոլորտ առանձնացնելուն։ 1929–1933-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում բուրժ․ տնտեսագետները էկոնոմիկայի կարգավորման ուղի էին համարում վերադարձը ոսկյա դրամի ստանդարտին, վալյուտային կուրսի և իենի անվանական արժեքի մակարդակների հավասարեցումը (Ձյուննոսուկե Ինսոե) կամ, ընդհակառակը, իենի վալյուտային կուրսի իջեցումը և ոսկու օգտագործումը միայն արտաքին տնտ. հաշվարկների ոլորտում (Կամեկիտի Տակահասի, Տասուձումի Յամաձակի)։ 1930-ական թթ․ բուրժ․ տնտեսագիտության մեջ տարածված էին սահմանային օգտակարության տեսությունը (տես Ավստրիական դպրոց), այնուհետև՝ քեյնսականությունը (Նիսաբուրո Կիտո, Կեյ Սիբատա), որոնք մեկնաբանվում էին մաթ․ տարբեր սխեմաների ու մոդելների կիրառման միջոցով (Իտիրո Նակայամա, Յասումա Տակադա)։ 1950-ական թթ․ տնտեսագիտության զարգացումն ընթանում էր արդ․ արտադրության աճի տեմպերի բարձրացման, տեխնոլոգիայի կատարելագործման, արտաքին տնտ․ էքսպանսիայի ու դրա ձևերի փոփոխման պրոբլեմների մշակման, ինչպես նաև նեոքեյնսականության տեսական որոշ դրույթների քննարկման ուղղությամբ (Օսամու Սիմոմուրա, Հիսաո Կանամորի)։
1950–60-ական թթ․ տարածված էին քաղաքատնտեսության նոր դասական ուղղությունը (Կենյիտի Ինադա, Յոիտի Սինկայ, Հիրոբումի Ուձավա) և ինստիտուցիոնալիզմը (Սիգետո Ցուրու)։ Այս շրջանում պետական–մոնոպոլիստական կարգավորման հակասությունները, բուրժ․ պետության տնտ․ և սոցիալական քաղաքականության դասակարգային բնույթը բացահայտվում էր միայն մարքսիստ տնտեսագետների (Յոսիհիկո Օնո, Ցուտոմու Օուտի, Ֆումիո Մորիա և ուրիշներ) աշխատություններում։ 1970-ական թթ․ տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տնտ․ զարգացման համար աննպաստ պայմաններին հարմարվելու, արտադրողական ուժերի տեղաբաշխման անհամամասնությունները վերացնելու, շրջապատող միջավայրը պահպանելու, տնտ․ մրցակցության, հակացիկլային քաղաքականության և այլ պրոբլեմներն են։ Տնտ․ զարգացման պետ․ պլանների ձախողումը տնտեսագետներին ստիպում է կատարելագործել էկոնոմիկայի կարգավորման, ծրագրավորման և կանխատեսման մոդելները։ Սկսել է զարգանալ քաղաքատնտեսության «ձախ արմատական» ուղղությունը։
Տնտ․ հետազոտությունների կենտրոններն են՝ համալսարանները, արտաքին առևտրի ու արդյունաբերության մինիստրությունը, նաև տնտ․ պլանավորման վարչությանն առընթեր ինստ–ները, տնտ․ հետազոտությունների ճապոնական կենտրոնը, Նոմուրայի, Միցուբիսիի և այլ ինստ–ներ, տնտեսագիտական ընկերությունների