Յոկո Կուբոն։ Երաժշտական կյանքի կենտրոնը Տոկիոն է։ Ճ–ում գործում են 15 սիմֆոնիկ նվագախումբ, կամերա–գործիքային, երգչախմբային կոլեկտիվներ, «Նիպպոնիա», «Սիգենկամ» ավանդական դասական երաժշտական խմբերը ևն։ Հիմնական ուսումնական հաստատություններից են՝ Արվեստների համալսարանը, Տոհո երաժշտական համալսարանը։ Տոկիոյում, Օսակայում, Կարուիձավայում անց են կացվում երաժշտական փառատոներ։ Տարածվել են էստրադային երաժշտության բազմազան ձևվեր, ավելի ուշ ջազը և պոպ–երաժշտությունը։
XVI․ Բալետը
Ճ–ի պարարվեստը ներկայանում է ավանդական դասական բույո պարով (հիմքը նոր թատրոնի խորեոգրաֆիան է) և եվրոպական բալետով։ XVII դ․ սկսել է ձևավորվել ազատ և շարժուն պարարվեստը, որը դարձել է կաբուկի թատրոնի բաղկացուցիչ մասը։ Գործում են բույո պարի մի շարք դպրոցներ, որոնք գլխավորում են ճապոնական պարարվեստի վարպետներ Ձյուրակու Հանայագին, Կանյեմոն Ֆուձիման, Տոմիձյուրո Նակամուրան և ուրիշներ։ Բույոյի պարերը ուղեկցվում են երաժշտությամբ և տեքստով։ Ճապոնական դասական պարում իրանի շարժումները չեն սևեռվում։ Հիմնական ուշադրությունը դարձվում է զգեստների և բեմական իրերի (հովհար, թմբուկ, ծաղկած ճյուղ ևն) գույների ներդաշնակ միահյուսմանը։ XX դ․ սկզբին Ճ–ում հետաքրքրություն է առաջացել եվրոպական դասական բալետի նկատմամբ։ Արտասահմանում կրթություն ստացած ճապոնական բալետի առաջին գործիչներ Մասահիդե Կոմակին, Միկիկո Մացույաման, Յաոկո Կաիտանին, Մոմոկո Տանին և ուրիշներ կազմակերպել ու ղեկավարել են բալետային խմբեր։ Ստեղծվել են ազգային ինքնատիպ բալետներ։ 1958-ին հիմնադրվել է ճապոնական բալետային ասոցիացիան։ 1964-ին Տոկիոյի Չայկովսկու անվ․ բալետային դպրոցի հիման վրա ստեղծվել է «Տոկին բալետ» թատերախումբը, որը մշտական ներկայացումներ է տալիս մայրաքաղաքում, այլ քաղաքներում, հյուրախաղերի մեկնում արտասահման (1966-ին, 1970-ին՝ ՍՍՀՄ)։
XVII․ Թատրոնը
Ճ–ի թատրոնի ակունքները հարում են երկրագործության տոնախմբությունների հին ծեսերին։ VII–VIII դդ․ բուդդայականության հետ Արևելյան Ասիայի երկրներից Ճ․ են թափանցել թատերական տարբեր ձևեր։ Այդ երաժշտապարային ներկայացումները (գիգակու և բուգակու) նպաստել են ճապոնական դասական թատրոնի ձևավորմանը։ XIV դ․ վերջին – XV դ․ սկզբին փոխառնված և բուն ճապոնական ներկայացումներից ծագել է նոր թատրոնը, որն ընդգրկում էր երաժշտություն, պար և դրամատիկ գործողություն։ Գլխավոր հերոսները կրում էին դիմակներ։ Այդ ժանրը պահպանվում է և XX դ․։ XVII դարից քաղաքների աճի հետ զարգացել են նաև թատերական այլ ժանրեր (տիկնիկային ձյորուրի և կաբուկի թատրոնները), որոնք արտահայտում էին ցածր խավի պահանջները և դարձան Ճ–ի թատրոնի առաջատար ավանդական ժանրերը։ Ճ–ի կապիտալիստական զարգացման հետ կապված սոցիալական և քաղ․ փոփոխությունները նկատելիորեն ազդել են թատերարվեստի վրա։ XX դ․ սկզբին երևան եկան նոր ժանրեր, որոնք ստեղծվեցին ավանդական թատրոնի նորացման (սիմպա, սինկոկուգեկի) և եվրոպական ձևերի փոխառության (ժամանակակից դրամա՝ սինգեկի, բալետ, օպերա) հետևանքով: Ճ–ի ժամանակակից թատերարվեստը պարզորոշ բաժանվում է ավանդական (բուգակու, նոո, կաբուկի, ձյորուրի) և եվրոպական (դրամա, օպերա, բալետ) թատրոնների։ Դրանց մեջ ինքնատիպ շերտ են կազմում սիմպան՝ ճապոնական քաղքենիական մելոդրաման, և սինկոկուգեկին՝ մասսայական դրաման։ Ավանդական թատրոնի խաղացանկը կազմում են ճապոնացի դասականների և ժամանակակից դրամատուրգների պիեսները։ Ավանդական թատրոնում ռեժիսորներ չկան։ 1970-ական թթ․ առավել ճանաչված դերասաններից են․ նոո թատրոնում՝ Մինորու Կիտան, Մոտոմասա Կուրո Հոսյոն, կաբուկի թատրոնում՝ Կանձաբուրո Նակամուրան, Ուտաեմոն Նակամուրան, Կոսիրո Մացումոտոն, երիտասարդ դերասաններ Էննոսկե Իտիկավան, Կիտիեմոն Նակամուրան, Ցումասաբուրո Բանդոն, սիմպայում՝ Յաեկո Միձուտանին, սինկոկուգեկիում՝ Սյոգո Սիմադան, Ռյուտարո Տացումին։ 1966-ին Տոկիոյում ստեղծվել է «Կոկուրիցու գեկիձյո» թատերական ազգային կենտրոնը՝ Ճ–ի միակ պետական թատրոնը, որը պահպանում և զարգացնում է ավանդական ժանրերը։ Կենտրոնին կից ստեղծվել է թատերական դպրոց, որը դերասաններ է պատրաստում կաբուկի և ձյորուրի թատրոնների համար։ Սինգեկի թատրոնի խաղացանկը կազմում են եվրոպական և ամերիկյան դրամատուրգների դասական ու ժամանակակից պիեսները, ռուս. և սովետական հեղինակների, ինչպես նաև ճապոնացի արդի հեղինակների գործերը։ Ճ–ում կա սինգեկիի մոտ 100 թատերախումբ, որոնցից ամենախոշորներն են՝ «Հայուձա», «Մինգեյ», «Բունգակուձա» ևն։ Այդ թատրոնի առաջատար գործիչներից են՝ ռեժիսորներ Կորեյա Սենդան, Ձյուկիտի Ունոն, դերասան–դերասանուհիներ Օսամու Տակիձավան, Էյտարո Օձավան, Իսուձու Յամադան, Յասուե Յամամոտոն։ «Հայուձա» թատրոնին կից 1949-ին ստեղծված դպրոց–ստուդիան դերասաններ է պատրաստում սինգեկիի համար։
XVIII․ Կինոն
Ճ–ում առաջին խաղարկային ֆիլմերը ստեղծվել են 1899-ին։ Ազգային կինեմատոգրաֆիան զարգացել է երկու ուղղությամբ․ գենդայգեկի՝ ժամանակակից (կենտրոնը՝ Տոկիոյում) և ձիդայգեկի՝ առասպելական և պատմական (կենտրոնը՝ Կիոտոյում) թեմաներով ժապավեններ։ Ինչպես թատրոնում, կանանց դերերը կատարել են տղամարդիկ (օննագատները), ֆիլմերն ուղեկցվել են մեկնաբանություններով (բենսի)։ 1923-ին կինեմատոգրաֆիայի կենտրոնատեղի է դարձել Կիոտոն, որը խթանել է ձիդայգեկիի ծաղկմանը («Սուսերամարտիկ երեխան», 1927, ռեժիսոր՝ Տեյնոսկե Կինուգասա, «Օօկա դատավորը», 1928, ռեժիսոր՝ Հիրոսի Ինագակի ևն)։ Գենդայգեկիի զարգացմանը նպաստել են Հեյնոսկե Գոսյոյի, Կիեհիկո Ուսիհարայի, Կենձի Միձոգուտիի ստեղծագործությունները։ 1929-ին հիմնադրվել է ճապոնական պրոլետարական կինոյի միությունը («Պրոկինո», 1934-ին փակվել է)։ 1920-ական թթ․ ստեղծվել են հասարակության սոցիալական կառուցվածքը քննադատող ֆիլմեր («Կենդանի տիկնիկ», 1929, ռեժիսոր՝ Տոմու Ուտիդա)։ Հնչուն կինոն հաստատվել է «Հարևանուհին և կինը» (1931, ռեժիսոր՝ Գոսյո) ֆիլմով։ 1940-ական թթ․ լավագույն ֆիլմերից են՝ «Ձին» (1941, ռեժիսորներ՝ Սիրո Տոյոդա և Կաձիրո Յամամոտո), «Մուհոմացուի կյանքը» (1943, ռեժիսոր՝ Ինագակի)։ Ետպատերազմյան առաջին տարիներին առավելապես զարգացել է վավերագրական կինոն։ 1948-ին 6-ամսյա գործադուլից հետո «Տոհո» ընկերության ստուդիայից հեռացված առաջադեմ կինեմատոգրաֆիստները հետագայում ստեղծել են իրենց կինոընկերությունը և թողարկել 1950-ական թվականների սոցիալական լավագույն ֆիլմերը, դրանցից են «Եվ այնուամենայնիվ մենք ապրում ենք» (1951, ռեժիսոր՝ Տադասի Իմաի), «Անարև փողոցը» (1954, ռեժիսոր՝ Սացուո Յամամոտո), «Լերկ կղզին» (1960, ռեժիսոր՝ Կանետո Սինդո) ևն։ Այդ շրջանում Ճ․ ֆիլմերի արտադրության ծավալով աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Ճապոնական կինոյի համաշխարհային էկրան դուրս գալը պայմանավորված է ռեժիսորներ Միձոգուտիի («Մշուշապատ լուսինը», 1953), Ակիրա Կուրոսավայի («Ռասյոմոն», 1950, «Յոթ սամուրայներ», 1954, «Կարմիր մորուք», 1964), Կոն Իտիկավայի («Օտարականները», 1973) և Մասակի Կոբայասիի («Ապստամբը», 1967, «Քարացածություն», 1975) ստեղծագործություններով։ 1960-ական թթ․ երիտասարդ ռեժիսորները իրենց ստեղծագործություններում զարգացրել են ետպատերազմյան սերնդի ճակատագրի թեման («Պատմվածք դաժան պատանեկության մասին», 1960, ռեժիսոր՝ Նագիսա Օսիմա, «Հարսնացուն Անդից», 1966, ռեժիսոր՝ Սուսումա Հանի, «Կինը ավազների մեջ», 1964, ռեժիսոր՝ Հիրոսի Տեսիգահարա, «Կինը, որին ես լքեցի», 1969, ռեժիսոր՝ Կիրիո Ուրայամա ևն)։ 1970-ական թթ․ ճապոնական ազգային կինոն ճգնաժամ է ապրում, կտրուկ իջել է ֆիլմերի գեղարվեստական մակարդակը, մեծ տարածում են գտել «սեքս–ֆիլմերը», կազմակերպված հանցագործությունների («էկուձա–էյգա»), աղետների («պանիկ–էյգա») մասին ֆիլմերը։ 1975-ին թողարկվել է 396 (1960-ին՝ 547) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Գործում են 4 խոշոր («Նիկկացու», «Սյոտիկու», «Տոհո», «Տոեյ») և բազմաթիվ մանր կինոֆիրմաներ։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXIX–XXX։
Գրկ․ Геология и минеральные ресурсы Японии, пер․ с англ․, М․, 1961; Аккерман Э․А․, Природные ресурсы Японии и перспективы японской экономики, пер․ с
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/83
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ