ոսկեզօծ որմնազարդանկարներով (Նիձյո ամրոց, Ֆուսիմի պալատ, XVII դ․)։
XV դ․ թեյի պաշտամունքի տարածումով ձևավորվել է ճարտ–յան այլ տիպ․ թեյի ծիսակատարությունների համար պարտեզների խորքում կառուցվել են ընդգծված պարզությամբ տաղավարներ՝ առտնին իրերի և բնական շրջապատի գեղեցկությանը հաստատող կիսատաճար–կիսախրճիթներ։ Տան և պարտեզի փոխազդեցությունը այստեղ դառնում է հատկապես մտերմիկ։ Թեթև, բնության աշխարհին օրգանապես հաղորդակցվող բաց կոնստրուկցիայով թեյի տաղավարի գեղագիտությունը էական ազդեցություն է ունեցել Ճ–ի հետագա ողջ բնակարանաշինության վրա։ Թեյի ծիսակատարությունները նպաստել են նաև խեցեգործության հետագա զարգացմանը։ Վերելք է ապրել ճենապակու արտադրությունը՝ Կուաանի, Արիտա կենտրոններով։
Էդո (Տոկիո) նոր մայրաքաղաքի հետ է առնչվում գեղանկարիչ և գեղարվեստական լաքերի վարպետ Կորին Օգատայի և դեմոկրատ փայտագրող վարպետների մի ամբողջ սերնդի (Ուկիյյո–Է, Մորոնոբու Հասիկակա և ուրիշներ) ստեղծագործությունը։ Նկարիչ–փայտագրողների ստեղծագործությունները բնորոշվում են մեղմ քնարականությամբ (Հարունոբու Սուձուկիի և Ուլոամարո Կիտագավայի կանացի կերպարները) և հոգեբանական լարվածությամբ (Ձյուրոբեյ Սյարակուի և Տոյոկունի Ուտագավայի թատերական կերպարները)։ Ճապոնական փայտագրությունը նոր մակարդակի են բարձրացրել Կացուսիկա Հոկուսայը և Հիրոսիգե Անդոն։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին Ճ–ի քաղաքային ճարտ–յանր բնորոշ է ազգային և եվրոպական ոճերի էկլեկտիկ զուգակցումը, գեղանկարչության մեջ՝ իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցությունը։ 1920–30-ական թթ․ գերակշռող է դարձել կուբիզմի, սյուրռեալիզմի և մոդեռնիստական այլ ուղղությունների ազդեցությունը;
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Ճ–ում արագորեն զարգանում են ճարտ․, գրաֆիկան և դեկորատիվ արվեստը։ Ճարտ–յան մեջ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում ազգային շինարվեստին։ Հիմնակմախքի թեթև կոնստրուկցիաները և ճարտ․ ձևերը համատեղվում են նորագույն նյութերին և շինարարական եղանակներին (ճարտ–ներ՝ Կունիո Մայոկավա, Կենձո Տանգե և ուրիշներ)։ 1950-ական թթ․ վերջից որոնումներ են տարվում ճարտ․, քանդակագործական և գեղանկարչական ձևերի համադրման ուղղությամբ, ինտենսիվորեն յուրացվում են բետոնի և փայտի պլաստիկական և դեկորատիվ հնարավորությունները, լայնորեն կիրառվում են խճանկարն ու որմնանկարը։ Չնայած շինարարության տեխնիկական և գեղագիտական բարձր մակարդակին, ժամանակակից ճապոնական ճարտ–յան մեջ քաղաքաշինության միասնական ծրագիր գոյություն չունի։ Քաղաքների վերակառուցմանը խոչընդոտում են հողատարածությունների պակասը, յուրօրինակ սեյսմիկ պայմանները, միահարկ մասնավոր բնակարանների կառուցումը։ Ժամանակակից գեղանկարչությանը բնորոշ է տարասեռ ուղղությունների և դպրոցների առկայությունը։ Նրանում հակասական կերպով զուգակցվում են դեմոկրատական միտումները, արխաիկ ոճի ձգտումները, արևմտաեվրոպական և ամերիկյան ավանգարդիստական ուղղությունների ոճական սկզբունքները։ Մի շարք վարպետներ ավանդական դեկորատիվությունը, բանաստեղծական հեքիաթայնությունը համատեղում են արդի աշխարհընկալման հետ։ Տոսիկո Ակամացուի և Իրի Մարուկիի ստեղծագործություններին բնորոշ են քաղաքացիական պաթոսն ու ռեալիստական վարպետությունը։ Ճ–ի արդի քանդակագործությունը ամենից քիչ է կապված ազգային ավանդույթներին։ Եվրոպայում կրթված ժամանակակից քանդակագործները հետևում են արտասահմանյան տարբեր հոսանքների (Սիգերու Ուեկի, Տոմոնորի Տոյոֆուկու և ուրիշներ)։ Ետպատերազմյան դեմոկրատական շարժումների վերելքն արտացոլող գործերի հեղինակներ են Սեյբո Կիտամուրան, Կաձուո Կիկուտին և ուրիշներ։ Ժամանակակից ճապոնական արվեստում ամենադեմոկրատականը և մասսայականը գրաֆիկան է, որը սերտորեն միահյուսում է ազգային յուրահատկությունն ու արդիական ձևամտածողությունը։ Տադասիգե Օնոյի, Մակոտո Ուենոյի, Տակիդայրա Ձիրոյի ստեղծագործություններում պատկերվում են հասարակ մարդկանց ճակատագրերը, Ճ–ի բնությունը։
XV․ Երաժշտությունը
Ճ–ի հնագույն, ինքնատիպ երաժշտությունն իր զարգացման ընթացքում կրել է կորեական, հատկապես չինական, ինչպես նաև Հնդկաստանի և Հարավ–Արևելյան Ասիայի, XIX դարից՝ Եվրոպայի երկրների և ԱՄՆ–ի երաժշտական արվեստի ազդեցությունը։ Մ․ թ․ առաջին դարերում Ճ–ի երաժշտությունը սերտորեն առնչվում էր սինտոական ծիսակատարություններին։ VII դ․ աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտությունը կապված էր գիգակու պարային դրամային և դենգակու ու սարուգակու թատերական ժանրերին (սրանց հիման վրա հետագայում ձևավորվեց պալատական նոո թատրոնը)։ VII–IX դդ․ չինական պալատական երաժշտության ազդեցությամբ ստեղծվել է գագակու (նրբագեղ երաժշտություն) պալատական արվեստը, որի մեջ իրենց զարգացումն են գտել զուտ ճապոնական ավանդույթները և դարձել Ճ–ի դասական երաժշտության հիմքը։ Գագակուի մեջ առանձնանում էին կոգակու (հին երաժշտություն) և սինգակու (նոր երաժշտություն) ոճերը, կանգեն (զուտ գործիքային երաժշտություն) և բուգակու (պարին նվագակցող երաժշտություն) ժանրերը։ Ճ–ի երաժշտության ազգային առանձնահատկությունները արտահայտվել են յուրահատուկ լադային կառուցվածքում, առանց կիստոնների պենտատոնիկ լադերի հետ, որ պահպանվել են ժող․ երաժշտության մեջ, տարածում են գտել 5-աստիճանի լադերը՝ կիսատոնային, ամբողջ տոնային և երկտոնային ինտերվալների հաջորդականությամբ (քաղաքային երաժշտության մեջ միյակոբուսի լադը, գեղջկական երաժշտության մեջ՝ ինակոբուսի լադը)։ XIV դ․ ձևավորվել է նոո քնարական դրաման, որտեղ արտասանությունը զուգակցվում էր յուրահատուկ երգեցողությամբ, պարով և գործիքային նվագակցությամբ։ Երաժշտական գործիքներից են՝ լարային (կսմիթավոր)՝ կոտո (13-լարանի ցիտրա), սյամիսեն (լյուտնյայի տեսակ) և բիվա (Չինաստանից փոխառված 4-լարանի լյուտնյա), փողային՝ կագուրա–բուե և յոկոբուե, րյուտեկի կամ ֆուե և բամբուկե ֆլեյտաների այլ տեսակներ, հիտիրիկի (հոբոյի տեսակ), հարվածային՝ տայկո, կոցուձումի, օ–ցուձումի (զանազան թմբուկներ), սյոկո (բրոնզե գոնգ), չինական ծագում ունեցող բազմաթիվ նվագարաններ։ Նշանավոր կատարողներից էին Յասուձի Կենձյոն և Կենձյո Իկուտան (XVII դ․), Կոսակու Յամադան (XVIII դ․ վերջ – XIX դ․ սկիզբ), Կենձյո Յաեձակին (XIX դ․)։ XVII դ․ սկզբին առաջացած կաբուկի թատրոնի երաժշտությունը հիմնված է այսպես կոչված նագաուտայի («երկար երգ») վրա, ուր երգչի քառյակները հերթագայվում են գործիքային ինտերլյուդիայով։ XIX դ․ 2-րդ կեսին ներթափանցել է եվրոպական և ամերիկյան երաժշտության ազդեցությունը։ 1879-ին մանկավարժ Սյուձի Իձավան (ամերիկացի մանկավարժ Լ․ Ու․ Մեյսոնի հետ) տարրական դպրոցներում մտցրել է խմբերգեցողության ընդհանուր ուսուցում, Տոկիոյում հիմնադրել երաժշտական հետազոտությունների ինստ․ (1886-ից՝ Տոկիոյի երաժշտական դպրոց)։ XIX դ․ վերջից Ճ–ում ելույթներ էին ունենում այլ երկրների, հետագայում՝ նաև Ռուսաստանի երաժիշտները։ 1897-ին ստեղծվել է ճապոնական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։ Եվրոպայում երաժշտական կրթություն ստացած առաջին ճապոնացի կոմպոզիտորներ Կոսակու Յամադան, Կիյոսի Նոբուտոկին, Յասուձի Կիյոսեն և Յորիցունե Մացուդայրան հիմնադրեցին կոմպոզիտորների նոր ֆեդերացիա (1930-ից՝ ժամանակակից երաժշտության ճապոնական ասոցիացիա)։ Ազգային երաժշտական բանահյուսությունը և ճապոնական դասական երաժշտության ավանդույթները լայնորեն օգտագործվել սկսեցին 1940-ական թթ․ վերջերից (Միտիո Մամիյա, Յասուսի Ակուտագավա)։ 1950-ական թթ․ վերջերին Ճ–ի երաժշտությունը կրեց ավանգարդիստների ազդեցությունը (1949-ին հիմնադրվել է Փորձարարական ստուդիա)։ 1950–60-ական թթ․ կոմպոզիտորներից են Տորու Տակեմիցուն, Կաձուո Ֆուկուսիման, Տոսիրո Մայուձումին։ 1950-ական թթ․ սկզբին կազմակերպվեցին ինքնագործ երգչախմբեր, առաջիններից է (1952-ից) Տոկիոյի «Ճապոնիայի երգող ձայներ» կենտրոնական երգչախումբը (1964-ին ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում)։ 1960–70-ական թթ․ կոմպոզիտորներ Տերույակի Նոդան, Յոսիո Հատիմուրան, Սինիտիրո Իկեբեն շարունակում են փորձերը էլեկտրոնային երաժշտության և սոնորիստիկայի բնագավառում։ Նշանավոր կատարողներից են՝ դիրիժորներ Կոմեի Աբեն, Մասասի Ուեդան, Ակեո Վատանաբեն, Յուձի Տայաման, դաշնակահար Կեյկո Տանական, ջութակահարուհի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/82
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ