Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1539) Իտալիայի ազգային նշանակության առևտրային բանկերից է։ Կապիտալը գրեթե ամբողջապես պատկանում է պետությանը։ Երկրում ունի 498 բաժանմունք, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ՝ արտասահմանում։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 7212 մլրդ լիրա։

Աշխարհի 50 խոշորագույն բանկային մոնոպոլիաներից 12-ը ճապոնական են։ Դրանցից առաջատար են երեքը։ Առևտրային խոշորագույն բանկերից է «Ֆուձի բանկ»-ը (հիմնադրվել է 1880-ին՝ «Յուսուդա բանկ» անվանումով)։ Ներկայիս անվանումը ստացել է 1948-ին։ Ֆուձիի մոնոպոլիստական խմբի կորիզն է։ Միջոցներ է ներդնում օվկիանոսի յուրացման, նավթարդյունահանող, ավիացիոն արդյուաբերության և ինֆորմացիոն ծառայության մեջ։ Սպասարկում է խոշոր կորպորացիաներին, միջին ու մանր ձեռնարկություններին և մասնավոր անձանց։ 1977-ի կեսերին երկրում ուներ 213 բաժանմունք, արտասահմանում՝ 21 բաժանմունք և ներկայացուցչություն։ Թղթակցական հարաբերություններով կապված է աշխարհի խոշորագույն բանկերի, այդ թվում՝ ՍՍՀՍՄ արտաքին առևտրի և սոցիալիստական մյուս երկրների բանկերի հետ։ Հաշվեկշռի գումարը 1977-ին կազմել է 10898 մլրդ իեն։ «Սումիտոմո բանկ»-ը (1895) Սումիտոմո ֆինանսական–արդյունաբերական խմբի վարկային կենտրոնն է։ Առևտրային բանկերի մեջ դեպոզիտների և տրված վարկերի գումարով առաջինն է։ Առաջատարն է ճապոնիայի միջազգային հաշվարկներում։ 1977-ի կեսերին երկրում ուներ 188 բաժանմունք, արտասահմանում՝ 17 բաժանմունք և ներկայացուցչություն, ինչպես նաև դուստր բանկեր։ Թղթակցական հարաբերություններ է պահպանում ՍՍՀՄ արտաքին առևտրի և սոցիալիստական մյուս երկրների բանկերի հետ։ Հաշվեկշռի գումարը 1977-ին կազմել է 11700 մլրդ իեն։«Սանվա բանկ»-ը Ճապոնիայի առևտրային խոշորագույն բանկերից է։ Կազմավորվել է 1933-ին, «Կանոիկ բանկ»-ի (1877), «34-րդ բանկ»-ի (1878) և «Յամագատի բանկ»-ի (1879) միաձուլման հետևանքով։ Սանվա ֆինանսական–արդյունաբերական խմբի վարկային կենտրոնն է։ Մասնակցում է արտասահմանյան վալյուտայով միջազգային հաշվարկներին և գործառնություններին, արտասահմանյան բանկերի կապիտալին։ 1976-ին երկրում և արտասահմանում ուներ 215 բաժանմունք։ Գործարար թղթակցական կապերով կապված է ՍՍՀՄ արտաքին առևտրի և սոցիալիստական մյուս երկրների բանկերի հետ։ Հաշվեկշռի գումարը 1977-ի սկզբին կազմել է 1088 մլրդ իեն։

Կանադան ունի բանկային 4 խոշորագույն մոնոպոլիա, որոնցից առաջատարները երկուսն են։ «Ռոյալ բանկ օֆ Կանադա»-ն («Կանադայի թագավորական բանկ», 1869) առևտրային խոշորագույն մասնավոր բանկն է։ Ներկայիս անվանումը ստացել է 1901-ին։ 1976-ի կեսերին երկրում ուներ 1430 բաժանմունք, ինչպես նաև բաժանմունքներ և ներկայացուցչություններ՝ արտասահմանում։ Հաշվեկշռի գումարը կազմել է 28,6 մլրդ դոլլար։ «Կանադիըն իմփիրիըլ բանկ օֆ քոմերսե»–ն («Կանադական առևտրային կայսերական բանկ», 1867) ակտիվների մեծությամբ երկրորդ մասնավոր առևտրային բանկն է։ Ներկայիս անվանումը ստացել է 1961-ին՝ Կանադայի կայսերական բանկի հետ միաձուլվելուց հետո։ Հիմնական ֆունկցիան միջոցների ընդունումը և վարկերի տրամադրումն է, գնում է նաև արժեթղթեր։ Լայն գործառնություններ է ծավալում արտասահմանում։ 1977-ի սկզբին երկրում ուներ 1693 բաժանմունք, արտասահմանյան բաժանմունքներ և դուստր բանկեր։ Հաշվեկշռի գումարը կազմել է 26 մլրդ դոլլար։

Շվեյցարական բանկերն աշխարհի 50 խոշորագույնների մեջ վերջին տեղերում են։ խոշորագույն առևտրային բանկը «Շվեյցարական բանկային միություն»-ն է (հիմնադրվել է 1872-ին՝ «Բազլեր բանկֆերայն» անվանումով)։ Ներկայիս անվանումը ստացել է 1897-ին։ Կատարում է բազմաբնույթ հատուկ և գաղտնի, թանկարժեք մետաղների հետ կապված գործառնություններ։ Երկրում ունի 156 բաժանմունք և 9 դուստր ընկերություն, արտասահմանում՝ 7 բաժանմունք, 13 ընկերություն և 21 ներկայացուցչություն։ Մասնակցում է բազմազգ բանկերին։ 1977-ի կեսերին հաշվեկշռի գումարը կազմել է 53,8 մլրդ ֆրանկ։

Առևտրային մոնոպոլիաներ

Կապիտալիստական երկրներում ապրանքաշրջանառության մեծ մասն իրականացնում են առևտրային մոնոպոլիաները։ Դրանք մասնագիտացել են արտաքին, ներքին, մեծածախ կամ մանրածախ առևտրում, գործառնություններ են կատարում պարենային, սպառման ապրանքների, արդ․ հումքի կամ սարքավորումների շրջանառության ոլորտներում։ Արտաքին տնտ․ էքսպանսիայի ակտիվացման հետևանքով Ճապոնիայի, ԱՄՆ–ի և Արևմտյան Եվրոպայի երկրների նախկին գաղութային ու մի շարք մանրածախ առևտրի մոնոպոլիաներ ստացել են արտաազգային բնույթ։

Շրջանառության ծավալով խոշորագույնը ճապոնական առևտրային մոնոպոլիաներն են, որոնց գործունեության հիմքն արտաքին առևտրային և դրանց հետ կապված գործառնություններն են։ «Միցուբիսի քորփորեյշըն»-ի (հիմնադրվել է 1870-ին) շրջանառության ծավալը 1976-ին կազմում էր 34,3, ակտիվները՝ 13,3 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 9,8 հզ․ մարդ։ Նրան բաժին էր ընկնում ճապոնական ամբողջ արտահանության 9, ներմուծման՝ 14% –ը։ Իրացնում էր Միցուբիսիի խմբի արդ․ ընկերությունների արտադրանքի 55%–ը։ Կատարում է մետաղների, նավթամթերքների, սարքավորումների, պարենային ապրանքների առևտուր։ Մասնաճյուղեր ունի 63 երկրում։ «Միցուի ընդ քամփընի»-ն (հիմնադրվել է 1876-ին) գլխավորում է Միցուի ի ֆինանսական խումբը։ Զբաղվում է մետաղների, պարենային ու քիմ․ ապրանքների, սարքավորումների ևնի առևտրով, 23 երկրում ունի մոտ 200 բաժանմունք։ 1976-ին շրջանառության ծավալը կազմում էր 32,2, ակտիվները՝ 14,1 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 10,5 հզ․ մարդ։ Ճապոնիայում հզորությամբ 3-րդ առևտրային ընկերություն «Մարուբենի քորփորեյշըն»-ը (հիմնադրվել է 1858-ին) երկրում առաջատար դիրքեր ունի տեքստիլ ապրանքների առևտրի, սուրճի և փայտանյութի ներմուծման բնագավառներում։ Մասնակցում է նավթի և գազի հանքավայրերի հետազոտման աշխատանքներին։ 1976-ին շրջանառության ծավալը հասնում էր 23, ակտիվները՝ 8,7 մլրդ դոլլարի, զբաղվածների թիվը՝ 8 հզ․ մարդու։ Մտնում է Ֆույո ֆինանսական խմբի մեջ։

Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ առևտրում մասնագիտացած առաջատար մոնոպոլիաներն են արևմտագերմանական «Խ․ Շտիննես»-ը (արդ․ ապրանքներ, շրջանառությունը 1974-ին՝ 3,5 մլրդ դոլլար) և «Ա․ Ս․ Տյոպֆեր»-ը (սպառման ապրանքներ, շրջանառությու– նը 1974-ին՝ 3,3 մլրդ դոլլար), նաև դա– նիական Արևելաասիական ընկերությունը (ապրանքների գրեթե բոլոր տեսակները, նավագնացություն, շրջանառությունը 1974-ին՝ 3,3 մլրդ դոլլար)։

Մանրածախ առևտրի խոշորագույն մոնոպոլիան ամերիկյան «Սիրս Ռոբակ ընդ քամփընի»-ն է (հիմնադրվել է 1886-ին), որը կատարում է սպառման ապրանքների առևտուր (նաև առաքմամբ)։ Ունի տեխ․ սպասարկման կենտրոններ, վերամշակող ձեռնարկություններ, 873 մանրածախ խանութ, մոտ 350 խոշոր հանրախանութ և քարտարանային ու հեռախոսային պատվերով առևտրի 3 հզ․ բյուրո։ Շրջանառության (1978-ին՝ 17,9 մլրդ դոլլար) կեսը կազմում է տարկետումով վաճառքը։ Ակտիվները 15,3 մլրդ դոլլար են, զբաղվածների թիվը՝ 430 հզ․ մարդ։ «Սեյֆուեյ սթորս» մոնոպոլիան (հիմնադրվել է 1914-ին) զբաղվում է պարենային ապրանքների առևտրով։ 1976-ին ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում և Ավստրիայում ուներ 2,5 հզ․ խանութ, վերամշակող 200 ձեռնարկություն։ Շրջանառության ծավալը՝ 12,5, ակտիվները 2,8 մլրդ դոլլար են, զբաղվածների թիվը՝ 144 հզ․ մարդ (1978)։ «Կ․Մարթ»-ը (մինչև 1977-ը՝ «Ս․ Ս․ Կրեսջ») ունի ավելի քան 1,6 հզ․ խանութ, այդ թվում 440 հանրախանութ ԱՄՆ–ում, 180-ը՝ Կանադայում, որոնց միջոցով վաճառում է մինչև 60 հզ․ տեսակ սպառման ապրանքներ։ Առևտրային մոնոպոլիաների մեջ շրջանառության ծավալով 1978-ին երրորդն էր (11,8 մլրդ դոլլար), ակտիվներով՝հինգերորդը (4,8 մլրդ դոլլար), զբաղվածների թվով՝ երկրորդը (213 հզ․ մարդ)։

Արևմտյան Եվրոպայում մանրածախ առևտրի ամենահզոր մոնոպոլիան արևմտագերմանական «Կարշտատ Ա․ Գ․»-ն է (հիմնադրվել է 1881-ին), որը զբաղվում է տեքստիլ, կենցաղային և պարենային ապրանքների վաճառքով։ Ունի 180 հանրախանութ, ստանդարտ գների և ինքնասպասարկման խանութներ։ Շրջանառության ծավալով (2,7 մլրդ դոլլար) զիջում է միայն ճապոնական ու ամերիկյան խոշորագույն մոնոպոլիաներին, ակտիվները 1,1 մլրդ դոլլար են, զբաղվածների