վրա անհաջող արշավանքից հետո նահանջել է Էստոնիա: Սպիտակ վտարանդիների մեջ ակտիվ դեր չի խաղացել:
Յուզբաշյան Կարեն Նիկիտի (հունվարի 6, 1927, Թիֆլիս), հայ սովետական պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1974)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետը (1951)։ 1955-58-ին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում (ավագ գիտաշխատող, 1978-ից՝ պատմամշակույթային ուսումնասիրությունների խմբի վարիչ)։ Զբաղվել է հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության ուսումնասիրությամբ։ Հրատարակել է Արիստակես Լաստիվերցու «Պատմության» բնագիրը (1963), նույն երկի ռուսերեն թարգմանությունը (1968)։
Երկ. «Բագրատունյաց շրջանի» Հայաստանը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, «ՊԲՀ», 1975, №1: Классовая борьба Византии в 1180-1204 гг. и четвертый крестовый поход, Е., 1957; Академик Иосиф Абгарович Орбели (1887-1961), М., 1964.
Յուզբաշյան Մարիուս Արամի (ապրիլի 3, 1924, Բաթում), սովետական պետական աշխատող, գեներալ-լեյտենանտ: ԽՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է հատուկ հրետանային դպրոցը (1943) և Ուժգորոդի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1957)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատարի տեղակալ։ Պետական անվտանգության մարմիններում աշխատել է 1943 թվականից։ 1978 թվականի հունիսի 27-ին նշանակվել է ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի նախագահ, ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու: ԽՄԿԿ XXVI համագումարի պատգամավոր է, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի II աստիճանի,Կարմիր աստղի շքանշաններով:
Յուզբաշյան Մկրտիչ Մովսեսի (1882, Շուշի - 1961, Երևան), հայ սովետական ինժեներ-էլեկտրիկ։ Ավարտել է Դարմշտատի (Գերմանիա) պոլիտեխնիկական ինստիտուտը (1910)։ 1923-1930 թվականներին աշխատել է Թիֆլիսի էլեկտրամեխանիկական գործարանում՝ տնօրեն (1923-1924) և գլխավոր ինժեներ։ 1930 թվականին հրավիրվել է Երևան՝ ղեկավարելու տրամվայի անցկացման շինարարությանը։ 1930-1937-ը եղել է Երքաղգործկոմի տրամվայի վարչության պետ և գլխավոր ինժեներ։ 1932-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Էլեկտրատեխնիկայի հայերեն լեզվով առաջին գրքի հեղինակն է։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1933):
Յուզբաշյան Սիմոն Մովսեսի (27.2.1886, Շուշի - 3.1.1960, Թբիլիսի), հայ սովետական կենդանաբան, էվոլուցիոնիստ, պրոֆեսոր (1929-ից)։ Ավարտել է Ֆրայբուրգի (Գերմանիա) համալսարանը (1910), այնուհետև դասավանդել է Թիֆլիսի բուհերում։ 1929-ից աշխատել է Անդրկովկասյան անասնաբուժական (1931-ից` Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) ինստիտուտում, որտեղ կազմակերպել է ընդհանուր կենսաբանության և գենետիկայի ամբիոն, եղել դրա վարիչը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում (1934-ից)։ 1935-ին Յուզբաշյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ Արմֆանի կենսաբանության ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև 1939-ը։ 1939-ից Թիֆլիսի Ա. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոնի վարիչն էր։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների օրգանների ապաճման խնդիրներին։ Նա զարգացրել է Ա. Սևերցովի ուսմունքը, առաջարկել օրգանների ապաճման առանձին դասակարգում կախված այն բանից, թե օնտոգենեզի որ փուլում է այն տեղի ունենում և թե ինչ հարաբերությունների մեջ է մյուս օրգանների հետ։ Զբաղվել է նաև ընդհանուր կենսաբանության հարցերով։
Երկ. Էվոլյուցիայի տեսություններ, Ե., 1933։ Беседы о жизни и ее развитии, Тифлис, 1928.
Յուզովսկի Իոսիֆ Իլյիչ [կեղծանունը՝ Յու. Յուզովսկի (18.12.1902 - 15.12.1964)], սովետական գրական և թատերական քննադատ, գրականագետ։ 1924-ին ավարտել է Դոնի համալսարանի (Դոնի Ռոստով) հասարակական գիտությունների ֆակուլտետը, 1925-ին՝ Դոնի հնագիտության ինստիտուտի արվեստի պատմության բաժինը։ Յուզովսկու աշխատությունները նվիրված են սովետական թատրոնի խնդիրներին (Վ. Մեյերխոլդի, Ն. Օխլոպկովի, Ա. Թաիրովի, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Կ. Ստանիսլավսկու ռեժիսուրային)։ Յուզովսկու աշխատություններին բնորոշ են ժամանակակից թատրոնի խնդիրների էության խոր ըմբռնումը։ Նրա «Դարն ու կերպարը» (Ե., 1975) աշխատության զգալի մասը նվիրված է հայ շեքսպիրագիտության հարցերին։ Զբաղվել է Գորկու դրամատուրգիայի ուսումնասիրությամբ։ Պիեսներ է թարգմանել լեհերենից, չեխերենից, գերմաներենից։
Երկ. Спектакли и пьесы, М., 1959; Разговор затянулся за полночь, М., 1966.
Յուժին, Յուժին-Սումբատով (իսկական ազգանունը՝ Սումբատով) Ալեքսանդր Իվանովիչ [4(16).9.1857, գ. Կուկուևկա (այժմ՝ Տուլայի մարզում) - 17.9.1927, Նիցցա, թաղված է Մոսկվայում], դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ: Ծագումով վրացի։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1922): Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում և Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1877-81)։ Բեմական գործունեությունը սկսել է 1876-ին Թիֆլիսում: 1882-ից աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում (1909-ից՝ թաթերական խմբի կառավարիչ, 1918-ից՝Խորհրդի նախագահ, 1923-ից՝ դիրեկտոր)։ Խաղացել է ռոմանտիկական, դրամատիկական և ողբերգական (մասամբ բնութագրական) դերեր: Լավագույներից են՝ Չացկի, Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), մարկիզ Պոզա (Շիլլերի «Դոն Կառլոս»), Դոն Կառլոս, Ռյուի Բլազ (Հյուգոյի «Էռնանի», «Ռյուի Բլազ»), Մակբեթ, Կորիոլան, Ռիչարդ III (Շեքսպիրի «Մակբեթ», «Կորիոլան», «Ռիչարդ III»), Բոլինգբրոկ (Սկրիբի «Մի բաժակ ջուր»), Կրոմվել (Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել»), Ֆիգարո (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Օթար Բեկ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»): 1877-ից հանդես է եկել իբրև դրամատուրգ («Կյանքի իրավունքը», 1877, «Ջենտելմեն», 1897, «Մայրամուտ», 1899 ևն)։ Յուժինը առանձին և Փոքր թատրոնի խմբերի հետ հաճախ հանդես է եկել Թիֆլիսում, մտերմական կապեր է ունեցել գրական-թատերական մի խումբ գործիչների, հայերից՝ Գ. Սունդուկյանի, Գ. Չմշկյանի, Պ. Ադամյանի, Շիրվանզադեի, Հ. Թումանյանի, Տ. Նազարյանի, Հ. Աբելյանի, Օ. Մայսուրյանի և այլոց հետ: Յուժինի «Բազեներ և ագռավներ» (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ), «Շղթաներ» պիեսները բեմադրվել են հայ թատրոնում, իսկ «Դավաճանություն» դրաման՝ նաև սփյուռքում: 1912-ին Մոսկվայում Սիրանույշի և Հ. Աբելյանի ղեկավարած դերասանական խմբի ներկայացումներից է եղել «Դավաճանություն»-ը:
Երկ. Записки. Статьи. Письма, 2 изд., М., 1951
Գրկ. Филиппов В., Южин-Сумбатов, М.-Л., 1943
Յուժնո-Սախալինսկ (1905 - 46-ը՝ Տոյոհարա), քաղաք Ռուսաստանի Սախալինի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սախալին կղզու հարավ-արևելյան մասում, Սուսույա գետի ափին: 143 հզ. բն. (1980)։ Երկաթուղային հանգույց է: Կան լեռնահանքային սարքավորումների նորոգման, մեխանիկական, ջերմաքարշավագոնանորոգման, ավտոնորոգման, ձկնամշակման և այլ գործարաններ, տնաշինական, կահույքի կոմբինատներ, թեթև, սննդի արդյունաբերություն: Յուժնո-Սախալինսկում են ԽՍՀՄ ԳԱ Հեռավորարևելյան գիտական կենտրոնի Սախալինյան ԳՀԻ-ն, ձկնային տնտեսության և օվկիանոսագիտության Խաղաղօվկիանոսյան ԳՀԻ-ի Սախալինյան մասնաճյուղը, ունի մանկավարժական ինստ., տեխնիկումներ, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն:
Յուլիոս (Julius) Ասֆալգ (16․11․1919, Մյունխեն - 12.1.2001, Մյունխեն ), գերմանացի արևելալգետ, հայագետ (ԳՖՀ)։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1952)։ 1946–1952 թվաններին սովորել է Մյունխենի համալսարանում, աշակերտել հայագետներ Վ․ Հագենբերգին և Ա․ Աբեղյանին։ 1961 թվականից՝ Մյունխենի համալսարանի պրիվատ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/130
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ