Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նյասայի ափերին են Չիպոկա, Նկուոա Կուոա, Կարոնգա, Բանդավե, Մոնկի Բեյ, Մվայա, Մբամբա բեյ, Կոբվե, Մետանգուլա և այլ նավահանգիստներ: Հայտնագործել է պորտուգալացի Գ. Բուկառուն (1616 թ.-ին):

ՆՅԱՍԱԼԵՆԴ (Nyasaland), անգլիական նախկին գաղութ: 1964 թ.-ից Մալավի պետություն:

ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական գիտություն, ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիան (բնականոն և ախտաբանական վիճակներում), օրինաչափությունները ֆիլոգենեզում և օնտոգենեզում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են մորֆոլոգիական գիտությունները՝ անատոմիան, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը և նյարդաֆիզիոլոգիան: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը ՍՍՀՄ–ում կոչվում էր նյարդախտաբանություն:

Դեռես 16- դ․ Ա․ Վեզալիուսը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19- դ․ սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին նեյրոնի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ Գլխուղեղում և ողնուղեղում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին օրգանիզմի շարժիչ և զգացող ֆունկցիաները: 19-րդ դ․ 2-րդ կեսին գիտնականները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, միկրոկառուցվածքի, նյարդային համակարգի ֆիլոգենեզի և օնտոգենեզի բնագավառում: Մեծ նշանակություն ունեցան Վ․ Բեխտերևի, Ի․ Սեչենովի, Ն․ Վվեդենսկու, Չ․ Շերինգթոնի և ուրիշների աշխատանքները: Ռուսաստանն առաջին երկրներից մեկն էր, որտեղ նյարդաբանությունը առանձնացվեց որպես ինքնուրույն գիտություն: 20-րդ դ․ նյարդաբանության կարևորագույն նվաճումներից էր Ի․ Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին, ուղեղի ֆունկցիայի և կառուցվածքի օրինաչափությունների բացահայտումը, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի տարբեր կառուցվածքների կենսաքիմիական տարբերակումը և այլն: ՍՍՀՄ–ում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Վ. Չեռնիգովսկու, Պ. Անոխինի, Լ. Օրբելու, Է. Հասրաթյանի փորձառական հետազոտությունները:

ՍՍՀՄ–ում նյարդաբանության պրոբլեմներով զբաղվել են ՍՍՀՄ ԲԳԱ ուղեղի, ՍՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի, նյարդաբանության ինստիտուտներում (Մոսկվա), ՍՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկության Վ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանության ինստիտուտում (Լենինգրադ), Խարկովում, Մինսկում, Թբիլիսիում: Նյարդաբանության խնդիրները պարբերաբար լուսաբանվել են «Ժուռնալ նևրոպատոլոգիի ի պսիխիատրիի իմենի Ս․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», 1901 թ.-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», 1920 թ.-ից) ամսագրերում:

Արտասահմանում նյարդաբանության խոշորագույն կենտրոններ կան Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Գերմանիայում,Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր: Տարբեր երկրների նյարդաբանները միավորված են նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայում։ Միջազգային կոնգրեսներ են հրավիրվում 1897 թ.-ից:

ՀՍՍՀ–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո: Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է Երևանի քաղաքային պոլիկլինիկայում, 1921 թ.-ին: Այնուհետև՝ 1926 թ.-ին, Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը, պրոֆեսոր Ա. Արզումանյանի գլխավորությամբ: ՀՍՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոններում: Նյարդաբանական բաժանմունքներ կային Լենինականում, Կիրովականում, Գորիսում, Էջմիածնում և այլն: Հայ նյարդաբաններն ուսումնասիրել են նյարդային համակարգի ախտահարումները նյարդաինֆեկցիաների, մասնավորապես մալարիայի, վնասվածքների ժամանակ: Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ գոյացությունների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի հիպոթալամո–մեգէնցեֆալ գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։ Ուսումնասիրվել են ախտաբանական սեքսոլոգիայի, էպիլեպտիկ հիվանդության պատճառագիտության, կլինիկայի, բուժման և կանխարգելման հարցերը, ինչպես նաև արտադրական վնասակար ազդակների ներգործությունը նյարդային համակարգի վրա: Տես նաև Նյարդավիրաբուժություն, Հոգեկան հիվանդություններ:

Գրկ․ Многотомное руководство по неврологии, т․ 1–8, М., 1955–1963; Архангельский Г․ В․, История неврологии от истоков до 20 века, Л․, 1965: Է.Գևորգյան

ՆՅԱՐԴԱԲԻՈՆԻԿԱ, նեյրոբիոնիկա (նեյրո․․․ և բիոնիկա), բիոնիկայի բաժին, որի հիմնական խնդիրն է մարդու և կենդանիների նյարդային համակարգի ուսումնասիրումը, նեյրոնների և նեյրոնային ցանցերի մոդելավորումը՝ հաշվողական տեխնիկայի հետագա կատարելագործման, ինչպես նաև ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի նոր տարրերի մշակման համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նյարդային համակարգն օժտված է մի շարք հատկություններով, որոնց հետազոտությունը նյարդաբանների շրջանակներում շատ կարևոր է կիբեռնետիկական հարմարանքների հետագա կատարելագործման համար: Այդ հատկանիշներն են.

1. արտաքին ինֆորմացիայի կատարյալ և ճկուն ընկալումն անկախ հաղորդման ձևից: Այս հատկության հետ կապված հարցերի շրջանը նյարդաբանությունում ընդունված է անվանել կերպարների ճանաչման պրոբլեմ:
2. Տեխնիկական համակարգերի նկատմամբ ունեցած բարձր հուսալիությունը: Եթե տեխնիկական սարքերում, որպես կանոն մեկ տարրի (օրինակ՝ էլեկտրոնային լամպի) խափանումից դադարում է ամբողջ սարքի աշխատանքը, ապա կենդանի օրգանիզմի հազարավոր նյարդային բջիջներ ընդգրկող հատվածի վնասումը հաճախ չի խաթարում կամ ժամանակավորապես է դժվարացնում համապատասխան բաժնի ֆունկցիան, որը հետագայում վերականգնվում է: Նյարդային համակարգի այս հատկությունը նյարդաբիոնիկների առջև խնդիր է դնում անհուսալի տարրերից ստեղծել հուսալի համակարգեր:
3. Նյարդային համակարգի ինքնակազմակերպման բարձր աստիճանը, արագ հարմարվելը արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին, սովորելու ընդունակությունը։ Այս հատկությունների ուսումնասիրությունը կարևոր է այնպիսի տեխնիկական և տնտեսական համակարգերի ստեղծման համար, որոնք ի վիճակի են որոշումներ ընդունել ղեկավարման ենթակա պրոցեսներում անորոշության (նախնական ինֆորմացիայի անբավարարության) պայմաններում:
4. Մարդու և կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի կարևոր առանձնահատկությունն էարդյունավետորեն կազմակերպված և տեխնիկական սարքերին գերազանցող հիշողությունը: Գործնական մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուղեղում հիշողության տեղաբաշխված պահպանման, ասոցիատիվ բնույթի և այլն ուսումնասիրությունները:

Նյարդային համակարգի նշված հատկությունների հետազոտությունները հնարավորություն կտան լուծելու մի շարք կարևորագույն տեխնիկական խնդիրներ: Օգտագործելով նյարդային համակարգի առանձին սկզբունքներ՝ մասամբ ստեղծված են տեխնիկական համակարգեր, որոնք գործնական կիրառություն են գտել արբանյակների, տեխնոլոգիական պրոցեսների կառավարման այլ սարքերի միջոցով ստացված օդային լուսանկարահանումների վերծանման մեջ:

Գրականություն Гамбарян Л․ С․, Вопросы физиологии двигательного анализатора, М․, 1962; Брайнес С․ Н․, Свечинский В. Б., Проблемы нейрокибернетики и нейробионики, М., 1968 թ.:

ՆՅԱՐԴԱԲՈՐԲ, ն և ր ի տ, ծայրամասային նյարդերի (նստանյարդ, միջկողային, եռարմատ, դիմային և այլն) բորբոքային հիվանդություն. բնորոշվում է ցավերով, ախտահարված նյարդի ֆունկցիայի խանգարումով (շարժողության խանգարում, զգացողության և համապատասխան ռեֆլեքսների անկում կամ բացակայություն և մկանների ատրոֆիա (պարեզ կամ լուծանք): Առաջացման պատճառներ կարող են դառնալ սուր և քրոնիկական վարակիչ հիվանդությունները, թունավորումները,