Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրենքներից և իրավաբանների դասական երկերից քաղվածաբար կազմված ժողովածուներ։ Հայտնի են նաև դիգեստներ անվամբ։

ՊԱՆԴԵՄԻԱ (< հուն․ Jtav6ta – ամբողջ ժողովուրդ), համաճարակ, բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հայտնի են ժանտախտի, խոլերայի, բծավոր և ետադարձ տիֆերի բազմաթիվ Պ–ներ։ Ընդունված է Պ․ համարել նաև ոչ բարձր ինտենսիվության այն համաճարակները, որոնք տվյալ ժամանակահատվածում հանդիպում են բազմաթիվ երկրներում կամ ամբողջ մայրցամաքներում (օրինակ՝ խոլերայի յոթերորդ Պ․)։ Պանդեմիկ տարածման հակում ունեցող ամենաբնորոշ հիվանդություններից է գրիպը, որը XX դ․ միջին տասնամյակների ընթացքում տվել է մի քանի խոշոր Պ–ներ։

ՊԱՆԴԽՏԻ ԵՐԳԵՐ, հայ ժող․ երգեր, որոնք բանաստեղծական բովանդակության և երաժշտական–կոմպոզիցիոն որոշակի հատկանիշների շնորհիվ կազմել են ազգային դասական ժող․ երաժշտության ժանրային մի ինքնուրույն բաժինը։ Բանաստեղծությունները պայմանական կարելի է ստորաբաժանել՝ պանդխտության մասին կողմնակի պատումների (գրված են գերազանցապես հայրենի չափով) և իր՝ պանդխտի (կամ տանը մնացած հարազատի) կողմից ասվող, անձնական ապրումներ արտահայտող մենախոսությունների։ Պահպանված ու գրառված սակավաթիվ եղանակները, համապատասխանաբար, կամ հանդարտ պատմողական բնույթ ունեն (դասական նմուշներ են Կոմիտասի գրառած պանդխտի անտունիները, տես Անտունի հոդվածի նոտային օրինակը, որ սխալմամբ դրված է <Անտունի>-ի մեջ), կամ ներթափանցված են անմիջական, խոր հուզականությամբ։ Այս 2-րդ տեսակի՝ բուն Պ․ ե–ի հնչյունաշարը սովորաբար ծավալուն է, եղանակներն անկաշկանդ հոսող են, ունեն պարզ պարբերականությունը բացառող, ազատ ձեակառուցվածք, ասերգային տարրերը ազատ օգտագործող անհատականացված ելևէջ, և այս բոլորը՝ ծառայեցված խոր հուզականության դրսևորմանը (դասական նմուշներից է հանրահայտ «Կռունկը»)՝․ Պ․ ե․ կազմում են հայ միջնադարյան ժող, երաժշտ․ ժառանգության բացառիկ արժեքավոր հատվածներից մեկը։ Ռ․ Աթայան

ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ, աստանդություն, Նժդեհություն, տարագնացություն, ապրուստ վաստակելու նպատակով ժամանակավոր արաագնացություն՝ թելադրված տնտ․ և քաղ․ ծանր կացությունից։ Հայերի մեջ տարածվել է օտար նվաճողների, հատկապես օսմանյան սուլթանության տիրապետության ժամանակներում և զգալի չափերի հասել XIX դ․ և XX դ․ սկզբին։

ՊԱՆԴՈՐԵ, Պանդորա (հուն․ Ilav, բառացի՝ համաշնորհ), ըստ հին հուն, դիցաբանության, ի պատիժ Պրոմեթեոսից խնամակալվող ու հովանավորվող մարդկության, Զևսի հրամանով ստեղծված կին։ Առասպելի համաձայն՝ Պ–ին արարել է Հեփեստոսը կավից ու քիչ՝ դիցուհու կերպարանքով ու մարդկային ձայնով, Ափրոդիտեն օժտել է սքանչագեղությամբ, Հերմեսը՝ խորամանկությամբ, հնարամտությամբ, խաբեբայությամբ ու խարդախությամբ, իսկ Աթենասը նրա համար հյուսել է վայելչագեղ զգեստ։ Հակառակ Պրոմեթեոսի նախազգուշացումներին, Պ, իր գեղեցկությամբ հրապուրել ու ամուսնացել է նրա եղբոր՝ Եպիմեթեոսի հետ։ Շուտով Զևսը Հերմեսի միջոցով Պ–ի բնակարանում թողել է ամեն տեսակ հիվանդություններով, վշտերով, դժբախտություններով, մեղքերով ու չարիքներով լեցուն Ս՜ի տուփ։ Հետաքրքրասիրության մոլուցքով բռնված Պ․ բացել է տուփը, և այդ ամենը թևավոր ոգիների նման թափվել են մարդկանց վրա՝ խոցոտելով նրանց հոգիներն ու մարմինները։ Նրանց ուրախությունն ու զվարճությունը փոխվել է տառապանքի։ Զևսի կամքով փակված տուփի հատակում մնացել է միակ մխիթարիչ և բարի ոգին՝ Հույսը, որն ազատություն էր աղերսում՝ խոստանալով բուժել տառապյալ մարդկությանը։

Պ–ի առասպելը նմանեցվում է աստվածաշնչյան այն առասպելին, ըստ որի չարիքը մարդկանց ու աշխարհին հասնում է կնոջ (Եվա) միջոցով։ «Պ–ի ւոուփ» արտահայտությունը այլաբանորեն նշանակում է արհավիրքների զետեղարան կամ դժբախտություններով լեցուն նվեր։ Պ–ի առասպելն արտացոլվել է արվեստում (Ռուբենս և ուրիշներ)։

ՊԱՆԵԳԻՐԻԿ (< հուն․ jtcwyyupLHOG X6-yo£ – տոնական, հանդիսավոր խոսք), գովաբանական բնույթի գրական ժանր։ Որպես այդպիսին եվրոպ․ գրականության մեջ ի հայտ է եկել մ․ թ․ ա․ V դ․, Հունաստանում։ Պ․ արտասանվել է տոնական հանդիսությունների, բազմամարդ ծիսական արարողությունների ժամանակ, հղվել է տվյալ քաղաքին, զոհված հերոսին, տեղային աստծուն ևն։ «Պ․» տերմինը առաջին անգամ օգտագործվել է Իսոկրատևսի (մ․ թ․ ա․ 436–338) մի նշանավոր ճառում։ Պ–ի նմուշ է Պլինիոս Կրտսերի (61/62–մոտ 114) «Ներբող Տրայանոսին» ճառը։ Սակայն Պ․, իբրև բանաստեղծական ձև, որն իդեալականացնում էր աստվածներին ու իշխանավորներին, ծագել է Հին Արևելքում։ Տարբերակվում է Պ–ի երկու տեսակ՝ փառաբանական (եգիպտ․ Օսիրիս աստծուն ուղղված հիմները) և ինքնափառաբանական [շումերական (մ․ թ․ ա․ III հազարամյակ) ու խեթական (մ․ թ․ ա․ XVIII դ․) արձանագրություններ]։ Պանեգիրիկական բանաստեղծությունները դասական արտահայտություն են գտել պարսկ․ («Ավեստայի» հնագույն մասը՝ Դաթերը, մ․ թ․ ա․ VI դ․), արաբ, և այլ գրականություններում։ Եվրոպ․ Վերածնության շրջանում դրսևորվել են պալատական բանաստեղծությունների և երգիծական Պ–ի ձևով (էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության», 1509)։ Պանեգիրիկական բանաստեղծություններ, ներբողներ, գաղափարական և գեղագիտական իմաստների նորացումներով, գրվում են նաև մեր ժամանակներում։

ՊԱՆԵԼ (գերմ․ Paneel), 1․ գործարանային պատրաստման շինարարական կոնստրուկցիայի խոշոր չափսերով հարթ տարր։ ժամանակակից հավաքովի շինարարության մեջ Պ–ները լայնորեն կիրառվում են տարբեր նշանակման շենքերում ու կառույցներում (տես Խոշորապանելային կոնստրուկցիաներ)։ 2․ Սենյակների պատերի ներքևի մասի դեկորատիվ ծածկ, որը տարբերվում է ամբողջ պատի հարդարանքից։ 3․ Պանելային ջեռուցման ջեռուցիչ տարր։ 4․ էլեկտրական բաշխիչ վահանի, կառավարման կետի, ռադիոտեխնիկական սարքավորման, սարքի մաս, որտեղ տեղավորվում են կառավարման, վերահսկման և ․ազդանշանման օրգանները։ 5․ Նույնն է, ինչ մայթը։ 6․ Ֆերմայի՝ հիմնական բեռնվածքը կրող երկու հարակից հանգույցների միջև գտնվող հենամեջը։

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ, նույնն է, ինչ ճառագայթային ջեռուցումը։

ՊԱՆԵՆԹԵԻԶՄ (պան․․․, հոլն․ £v – մեջ և թեիզմ), կրոնափիլիսոփայական ուսմունք, ըստ որի աշխարհն աստծու մեջ է։ Պ․ թեիզմի և պանթեիզմի որոշ գաղափարների համադրությունն է։

ՊԱՆԵՎԵԺԻՍ, քաղաք Լիտվական ՍՍՀ–ում, Պանևեժիսի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Նյավեժիս գետի ափերին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ 104 հզ․ բն, (1980)։ Պ–ում կան մալուխի, ավտոկոմպրեսորների, էլեկտրատեխնիկական, ապակու, մետաղե իրերի, շաքարի, համակցված կերերի գործարաններ, սպիրտի, մսի, կաթի, վուշի մշակման կոմբինատներ, կահույքի, կարի ֆաբրիկաներ։ Գործում է Կաունասի պոլիտեխ․ ինստ–ի երեկոյան ֆակուլտետը։ Ունի պոլիտեխնիկում, բժշկ․, երաժշտական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, դրա–