Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մատիկական թատրոն, որը հայտնի է 1503-ից։

«ՊԱՆ–ԵՎՐՈՊԱ», ցամաքային Եվրոպայի կապիտալիստական պետությունների քաղ․ և տնտ․ միավորում ստեղծելու նախագիծ։ Նման միավորում ստեղծելու գաղափարը տարածում է գտել 1923-ից, իսկ նախագիծը առաջարկել է 1929-ի սեպտեմբերին Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ա․ Բրիանը, զարգացվել է եվրոպ․ պետությունների կառավարություններին ֆրանս․ կառավարության ներկայացրած 1930-ի մայիսի 1-ի հուշագրի մեջ։ Բրիանի նախագիծը նախատեսում էր «Եվրոպական ֆեդերալ միության» ստեղծում, որի մեջ չէին մտնում ՍՍՀՄ U Մեծ Բրիտանիան։ Նախագծի նպատակն էր Եվրոպայում հաստատել Ֆրանսիայի հեգեմոնիա, ՍՍՀՄ–ի քաղ․ մեկուսացում։ Սովետական դիվանագիտական ակտիվ հակագործողությունները, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և այլ պետությունների բացասական վերաբերմունքը խափանեցին (1931) ֆրանս․ նախագիծը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Եվրոպայի կապիտալիստական պետությունների միավորման արտահայտություններից են ռազմաքաղ․ և տնտ․ մի շարք կազմակերպություններ (Եվրոպական տնտ․ համագործակցություն են)։

ՊԱՆԶՈՈՏԻԱ (պան․․․Կ < հուն․ Zcoovc£>o – կենդանի), համաճարակի զարգացման բարձրագույն աստիճան, նաև համաճարակային պրոցեսների ինտենսիվության (լարվածության) քանակական դրսևորում, երկրում կամ մի քանի երկրներում, մայրցամաքում կենդանիների վարակիչ հիվանդությունների լայն տարածում։ Նման բնույթով կարող են տարածվել դաբաղը, խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների ժանտախտը, ձիերի վարակիչ էնցեֆալոմիելիտը ևն։ Ծագման պատճառները տարաբնույթ են, օրինակ, դաբաղի ժամանակ կարող է նկատվել հարուցիչի փոփոխություն և կենսբ․ նոր հատկանիշներով տարբերակների առաջացում։ Հիվանդությունների տարածման վրա նկատելիորեն ազդում են նաև սոցիալական և տնտ․ գործոնները։ Պ–ի կանխման արդյունավետությունը կախված է տվյալ հիվանդության ուսումնասիրվածության աստիճանից, պայքարի մեթոդների ճշգրտությունից և դրանց ժամանակին ու արդյունավետ կիրառումից։

ՊԱՆԹԵԻԶՄ (պան․․․ և թեիզմ), փիլ․ ուսմունք, ըստ որի աստված և բնությունը նույնական են՝ աստված բնության մեջ է և բնությունն ինքը աստված է․ գերբնականը ոչ թե բնության սահմաններից դուրս է, այլ լուծված է բնության մեջ։ «Պ․» տերմինը առաջարկել է Զ․ Թուանդը։ Ըստ Պ–ի, աստված անձնավորված ու բնությունից մեկուսացված էակ չէ, այլ անդեմ սկզբնապատճառ է և հանդես է գալիս բնության ուժերի ձևով, որպես նրա փաիոխության, շարժման ներքին դրդապատճառ և ակունք։ Պ․, ըստ էության, հակադրվում է կրեացիոնիզմին։ Զանազան փիլ․ համակարգերում և տարբեր դարաշրջաններում Պ․ տարբեր արտահայտություն է ստացել, ունեցել է ինչպես միստիկական–իդեալիստական, այնպես էլ ընդգծված մատերիալիստական բովանդակություն։ Պանթեիստական գաղափարներ հանդիպում են հին հնդ․, չին․ և հուն, փիլ–յան մեջ, դրանք գլխավորապես բնապաշտական երանգ են ունեցել, աստվածայինը դիտվել է բնության երևույթների ձևով։ Միջնադարում Պ․ հանդես է եկել որպես առաջադիմական փիլ․ ուղղություն (Ցոհան Սկոտ էրիուգենա, Նիկոլաուս Կուզանցի, Զորդանո Բրունո)։ Պանթեիստական փիլ–յան դասական ներկայացուցիչ է Բ․ Սպինոզան, որի Պ․ հագեցած է մատերիալիստական բովանդակությամբ։ Գ․ Գրիգորյան

ՊԱՆԹԵՈՆ (հուն․ ndvdsLOv, լատ․ Pantheon – համադիցարան, համայնադից տաճար), 1․ որևէ ժողովրդի կամ կրոնի աստվածներին նվիրված տաճար, վայր։ Հին Արևելքի ու անտիկ երկրներում Պ․ ունեցել է միասնական կրոն ստեղծելու և կենտրոնացված պետականությունն ամրապնդելու նպատակ։ Այդպիսիք են եղել ողիմպականը՝ Հին Հունաստանում, Հռոմի Պ․՝ Հռոմ․ կայսրությունում, Մուսասիրի (Արդինի) տաճարը՝ Ուրարտու (Արարատյան) թագավորությունում, Աշտիշատի (Վիշապավան), Բագավանի (Դիցավան) տաճարները՝ Մեծ Հայքում են։ 2․ Նշանավոր մարդկանց աճյունների ամփոփարան կամ գերեզմանոց–հանգստարան։ Սովորաբար Պ–ների են վերածվել պաշտամունքային շինությունները (վանքեր, եկեղեցիներ, տաճարներ)։ Օրինակ, 1791-ից Փարիզի Ս․ ժենննի տաճարը դարձել է Պ․, որտեղ ամփոփվել են Վոլտերի, Ռուսսոյի, Հյուգոյի և նշանավոր այլ մարդկանց աճյունները։ Հայաստանում մ․ թ․ ա․ IV–III դդ․ Կոմմագենեի Երվանդունի արքայատան Պ․ եղել է Նեմրութ լեռան վրա, մինչև IV դ․ կեսը Արշակունի արքայատան Պ–հանգստարանը՝ Դարանաղյաց գավառի Անիում (տես Անի–Կամախ), այնուհետև՝ Աղցում։ Համանման Պ․ են ունեցել հայ իշխանական տոհմերը, հոգևորական խոշոր գործիչները (էջմիածնի Մայր տաճար, Մշո Ս․ Կարապետի վանք են)։ Հայ արվեստի ու գրականության գործիչների Պ․ էր Թիֆլիսի Խոջիվանքը։ Մեր օրերում Երևանի Կոմիտասի անվ․ զբոսայգում ամփոփված են հայ նշանավոր գործիչների (Կոմիտաս, Ավ․ Իսահակյան, Վ․ Փափազյան, Մ․ Մարյան, Ա․ Խաչատրյան, Վ․ Սարոյան և ուրիշներ) աճյունները։

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ, համաթյուրքականություն, ծայրահեղ ազգայնական–շովինիստական բուրժ․ գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է թյուրքալեզոլ ժողովուրդների մեկ ազգ լինելու և թուրքերի գլխավորությամբ նրանց մեկ պետության մեջ միավորելու գաղափարը։ Սկզբնավորվել է XIX դ․ վերջին իբրև թուրք, նորաստեղծ բուրժուազիայի գաղափարախոսություն, դարձել երիտթուրքերի ասիմիլյատորական և նվաճողական քաղաքականության հիմնական գաղափարական զենքը։ Պ–ի առավել հայտնի տեսաբաններն էին Զիյա Գյոքալփը, Ցուսուֆ Ակչարան, Ահմեդ Աղաևը, Ֆուադ Քյոփրյուլուն և ուրիշներ։ Բալկանյան պատերազմները (1912–13) վերջնականապես խորտակեցին օսմանիզմի պատրանքները և թուրք, բուրժ․ նացիոնալիզմը՝ թյուրքիզմը (Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներին թուրքացնելու գաղափարախոսությունը) փոխարինվեց Պ–ով, որը պանիսչամիզմի հետ դարձավ երիտթուրքերի ներքին և արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը, Օսմանյան կայսրության մահմեդական ժողովուրդների նկատմամբ թուրք, տիրապետությունն արդարացնելու միջոց և թյուրքալեզու ու իսլամ դավանող ժողովուրդների տարածքները նվաճելու հիմնավորում։ Պ–ի գաղափարների լայն պրոպագանդման նպատակով երիտթուրքերը 1911-ին Կ․ Պոլսում և գավառական կենտրոններում բացեցին հատուկ ակումբներ՝ «թուրք, օջախներ»։ Երիտթուրքերը, Թուրքիայում ոչ թուրք ժողովուրդների առկայությունը համարելով Եվրոպայի մշտական միջամտության առիթ, գտնում էին, որ թյուրքիզմի իրագործումից հետո միայն կստեղծվեն պայմաններ Պ–ի նպատակներն իրականացնելու համար։ Պ․ օգտագործվել է նաև Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու և նրա մահմեդական բնակչությամբ տարածքները գրավելու համար։ Անդրկովկասում և Միջին Ասիայում Պ–ի գաղափարներ էին քարոզում մի շարք բուրժուաազգայնական կուսակցություններ և կազմակերպություններ՝ նպատակ ունենալով ժող․ զանգվածների ուշադրությունը շեղել հեղափոխական շարժումից։ Երիտթուրքերը Ռուսաստանի մահմեդական ազգաբնակչությանը Օսմանյան կայսրությանը ենթարկելու Պ–ի գաղափարի իրագործման ճանապարհին հիմնական խոչընդոտներից էին համարում Հայաստանը և հայ ժողովրդին։ Այս հանգամանքը եղավ Մեծ եղեռնի գլխ․ պատճառներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18) Պ–ի իրագործման պլանները ձախողվեցին։ Հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանները որդեգրեցին Պ–ի գաղափարները։ Դա հատկապես պարզորոշ արտահայտվեց երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին՝ հետապնդելով ՍՍՀՄ տարածքի մի մասը զավթելու նպատակ։ Պ․ այժմ էլ մնում է Թուրքիայի կառավարող վերնախավի հակակոմունիստական քաղաքականության հիմնական միջոցներից մեկը։

Գրկ․ Սարգսյան Ե․, Թուրքիան և նրան վաճողական քաղաքականությունը Անդր–