Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարևոր միջոց է։ Գրքի արտադրության և պատկերազարդման հեղափոխական առաջարկներ է իրագործել Լ․ Մ․ Լիսիցկին։ 1920-ական թթ․ Պ–ման խոշււր վարպետներից են Վ․ Ա․ Ֆավորսկին, Ա․ Ի․ Կրավչենկոն (փայտագրություն), Ն․ Ն․ Կուպրեյանովը, Վ․ Վ․ Լեբեդևը (գծանկար), Ա․ Մ․ Ռոդչենկոն (ֆոտոմոնտաժ)։ Միաժամանակ զարգացել է մանկական գրքի բազմագույն ձևավորումը։ 1930 --50-ական թթ․ սկզբի Պ–մանը բնորոշ է պատումի հոգեբանական կողմի ընդգծման, կերպարներին ռեալիստական հավաստիություն հաղորդելու ձգտումը (Դ․ Ա․ Շմարինով, Ս․ Վ․ Գերասիմով, Կուկրինիկսներ, Ե․ Ա․ Կիբրիկ և ուրիշներ)։ Պ․ մոտեցել է հաստոցային գրաֆիկային: Հետագա սովետական Պ–մանը բնորոշ է արտասովոր բազմազանությունը, պատկերազարդողների ստվար բանակը։

Հայկ․ Պ․ մինչև XIX դ․ հիմնականում հետևել է ձեռագիր մատյանների պատկերների, տիտղոսաթերթերի, գլխսպարդերի, գլխատառերի մանրանկարչական համակարգին։ Հետագայում Աստվածաշնչի և այլ կրոնաբարոյախոսական գրքերի Պ–ների համար հաճախ օգտագործվել են հոլանդ․, գերմ․, իտալ․, ֆրանս․ վարպետների փորագրություններ։ Նախասովետական շրջանում Պ–ման մեծ վարպետ Վ․ Սուրենյանցը առաջին անգամ ռոմանտիկ ոգով պատկերազարդել է հայ ժողովրդական հեքիաթներ («Օձամանուկ և Արևահատ», «Իմաստուն օձը», «Մոխրոտը», «Գառնիկ ախպերը» ևն), ինչպես և Պուշկինի պոեմները (նշանակալից է «Բախչիսարայի շատրվանը»), որոնք աչքի են ընկնում գործող անձանց հուզիչ պատկերումով և միջավայրի հավաստիությամբ։ Վ․ Ախիկյանը պատկերազարդել է «Հասկեր» ամսագիրը, բազմաթիվ գրքեր։ Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայի և Ասիայի տարբեր քաղաքներում հայկ․ հանդեսների, թերթերի հրապ՚սրակումը նպաստել է պարբերական մամուլի Պ–ման արվեստի զարգացմանը, որին մասնակցել են մի շարք նշանավոր նկարիչներ։ Սովետական շրջանում Մ․ Սարյանի և Հ․ Կոջոյանի ստեղծագործություններում գրքի պատկերազարդման արվեստը հասել է իր բարձրակետին։ Մ․ Սարյանը պահպանելով բովանդակությունը, իր պարզ պատկերազարդումներում (Հ․ Թումանյանի «Գիքոր», «Գելը» պատմվածքները, Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» պոեմը) ի հայտ է բերել հայկ․ և այլ մշակույթների գրքարվեստի խորքը թափանցելու զգացողություն (պարսկական մանրանկարչության սարյանական տարրերը «Ռուստամ և Սոհրաբում»)։ էպիկական–պատմողական հանդիսավորությամբ են ներթափանցված Հ․ Կոջոյանի պատկերազարդումները («Հազարան բլբուլ» հեքիաթը, «Սասունցի Գավիթ» էպոսը, Ե․ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն)։ «Հազարան բլբուլի», «Սասունցի Դավթի»Պ–ները աչքի են ընկնում պատմության հանգուցային դրվագների հեքիաթային կամ էպիկական վերարտադրությամբ, «Գիրք ճանապարհի» ժողովածուն՝ առանձին բանաստեղծական շարքերի ներքին տրամադրությունները էպիկական շնչով ընդհանրացնելու ուժով, որին նպաստել են նաև երկաթագիր վերնագրերը, ինչպես սեպագրերը ասորաբաբելական բարձրաքանդակներում, շեշտելով բանաստեղծական երկի գաղափարական–հոզևոր ուժը։ Կոջոյանը զարգացրել է նաև միջնադարյան կենդանատառերի ավանդույթը (Այգեկցու առակների, հայկ․ ժող․ հեքիաթների ևն Պ–ները)։ 1920–30-ական թթ․ սկզբին Ե․ Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսել հայ գրքարվեստի փայլուն օրինակներ։ Գրքի ձևավորման մարզում ստեղծագործել են նաև Տ․ Իոսչվանքյանը, Մ․ Արուտչյանը և ուրիշներ։ 1930-ական թթ․ 2-րդ կեսից մինչև 1950-ական թթ․ 1-ին կեսը գերիշխել է տեքստի ռեալիստական պատկերումը հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի տարրերով (է․ Իսաբեկյանի կատարած Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք»-ի և Գ․ Խանջյանի՝ Հ․ Թումանյանի «Գիքորի» և «Անուշի» Պ–ները)։ 1950-ական թթ․ վերջից նկատելի է տեքստի անհատական մեկնաբանումների միտում՝ երբեմն արտահայտիչ գրաֆիկական դրամատիկ լարվածությամբ (Գ․ Խանջյանի պատկերազարդած Խ․ Աբովյանի «վերք Հայաստանին» և Պ․ Սևակի «Անլռելի զանգակատունը»), պարզամիտ մանկական բանաստեղծական շնչով Պ–ներ (Մ․ Պետրոսյան), գրական տեքստի խիստ ասոցիատիվ կամայական մեկնաբանում (Ա․ Հունանյան)։ Մի շարք նկարիչների մոտ զգացվում է սարյանական և հատկապես կոջոյանական Պ–ների ավանդների շարունակում։ Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXIII։

Գրկ․ Սարգսյան Մ․, Սովետական Հայաստանի գրաֆիկան, Ե․, 1961։ Тынянов Ю․ Н-, Иллюстрации, в его кн․։ -«Архаисты и новаторы»-, Л*, 1929; Искусство книги, в․ 1–6, М․, 1960–70; Bland D-, A History of Book Illustration, Cleveland–N․ Y․, 1958; Lewis V․, The Twentieth Century Book, L․, 1967․ Վ. Ղազարրսն

ՊԱՏԿԵՐԱԿԱԼ, սրբապատկերակալ, ուղղափառ եկեղեցում ինտերիերի հիմնական մասը բեմից առանձնացնող սրբապատկերներով միջնորմ։ Պ․ փոխարինել է բեմի ցածր, սրբապատկերներով անջրպետին։ Իր զարգացած ձևով (բարձր Պ․) հայտնի է XV դ․ սկզբից (Մոսկովյան Կրեմլի Ավետման տաճարի Պ․, 1405, Ֆեոֆան Գրեկի, Անդրեյ Ռուբւյովի, Պրոխոր Գորոդեցցու սրբապատկերներով)։ Պ–ի կոմպոզիցիան ստեղծվել է սյուժեների խիստ կրոն․ ստորակարգմամբ (ցածի «տեղական» սրբանկարներից դեպի վեր, շարքերով, մինչև «մարգարեները»), որը ընդգծվել է շարքերի բարձրությամբ և առանձին սրբանկարների համաչափություններով, նրանց ռիթմաշարով ու գունաշարով, ինչպես և սիմետրիկ դասավորությամբ։ Այդօրինակ կոմպոզիցիայում գեղանկարչությունը և փայտե ոսկեզօծ, քանդակազարդ ճարտ․ շրջանակը զուգակցված են ստեղծելով գեղարվեստական միասնություն։ XVIII դ․–XIX դ․ սկզբի հաղթակամարի տեսքով, փայտե արձաններով որոշ Պ–ներ ընկալվում են որպես բեմի հանդիսավոր մուտքեր։

Գրկ․ Лазарев В․ Н․, Русская средневековая живопись, М․, 1970, с․ 128–39․

ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, Բյուզանդիայով հասարակական–քաղաքական, գաղափարական շարժում կրոնական քողի տակ 726–842-ին։ Շարժումը, որը սկզբնավորել են ժող․ զանգվածները, արտաքնապես ուղղված էր պատկերապաշտության՝ սրբապատկերների պաշտամունքի (եկեղեցին դա օգտագործել է իր ազդեցությունն ամրապնդելու և հարստանալու նպատակով) դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր աշխարհիկ և եկեղեցական ֆեոդ, շահագործման դեմ պայքարը։ Նահանգային աշխարհիկ և եկեղեցական ավագանին ձգտել է այդ պայքարն օգտագործել մայրաքաղաքի վերնախավի տիրապետության դեմ, իսկ կայսրերը՝ իրենց տնտ․ և քաղ․ դիրքն ամրապնդելու, եկեղեցին իրենց ենթարկելու, նրա հարստությանը տիրելու համար։ Պատկերապաշտության դեմ ելույթներ եղել են դեռևս IV դ․ (Եվսեբիոս Կեսարացի, Եպիփանես Կիպրացի, Փիլոքսենոս և ուրիշներ), սակայն դրանք ունեին զուտ կրոնադավանաբանական բնույթ։ VI –VII դդ․ Պ․ տարածված էր նաև Հայաստանում, որտեղ պատկերապաշտության պաշտպանությամբ հանդես են եկել Վրթանես Քերթողը, Հովհան Մայրագոմեցին և ուրիշներ։

Բյուզանդիայում Պ․ ունեցել է երկու ժամանակաշրջան։ Առաջին ժամանակաշրջանը սկսվել է 726-ին, Լեոն III-ի՝ սրբապատկերներն արգելող հրովարտակով։ Փակվել են մի շարք վանքեր, բռնագրավվել է նրանց կալվածքը, յուրացվել եկեղեցու հարստությունը։ Պ․ ուժեղացել է Կոստանդին V-ի (741–775) ժամանակ և որոշ անկում ապրել Կոստանդին VI-ի (780–797) և կայսրուհի Իրենեի (797– 802) ժամանակ։ Լեոն V Հայկազնի (813–820) օրոք սկզբնավորվել է Պ–յան երկրորդ ժամանակաշրջանը, որը տևել է մինչև Թեոփիլոս կայսեր (829–842) մահը։ 842-843-ին հայազգի կայսրուհի Թեոդորան (842–856) վերականգնել է սրբապատկերների պաշտամունքը։

Պ․ լայն արձագանք է գտել Արևմտյան Եվրոպայում (առանձնապես՝ Գերմանիայում և Նիդերլանդներում), դարձեւ միջնադարում բռնկած հակաֆեոդալական մի շարք շարժումների դրոշ, իսկ պատկերամարտ կայսրերը համարվել են առաջադեմ գործիչներ։ Բուրժ․ առաջադեմ պատմագիտությունը Պ․ համարում է Ռեֆորմացիայի նախակարապետը, շարժում, որի նպատակն էր ֆեոդ, շահագործման, հոգևորականության այլանդակ բարքերի վերացումը, անհատի ազատագրումը։ Բուրժ․ պահպանողական պատմագիտությունը Պ․ դիտում է իբրև հավատքի դեմ ուղղւյած ոտնձգություն, հերետիկոսություն։ Հ․ Բարթիկյան

ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, Քրիստոսի, Աստվածածնի, սրբապատկերների (որոնց վերագրվել է գերբնական, աստվածային զորություն) պաշտամունքը։ Սկզբում տարածված էր Քրիստոսի՝ որպես բարի հովվի կամ մարդկության մեղքերը իր վրա կրող գառան պատկերի, սրբերի ու խաչի նշանի պաշտամունքը։ Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով, կանոնաց–