Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աշխարհագրությունը (արտադրության ու տնտ․ կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), դ․ քաղ․ աշխարհագրությունը՝ ըստ պատմ․ ժամանակների քաղ․ ու վարչ․ բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմ․ վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումները, քաղաքների, բնակավայրերի, բերդերի ու ամրոցների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը են։ Պ․ ա–յան համար սկզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած քարտեզները, նյութական մշակույթի մնացորդները, ժող․ ավանդություններն ու զրույցները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը են։ Պ․ ա․ առաջին ուսումնասիրությունները կապված են Վերածննդի և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հետ։ Սկզբնական շրջանի հեղինակները էական տարբերություն չէին դնում Պ․ ա–յան և աշխարհագրության պատմության միջև։ Առաջինը համընդհանուր աշխարհագրություն է ըստ պատմաշրջանների, երկրորդը՝ աշխարհագրական գիտության կամ աշխարհագրական գիտելիքների պատմություն (աշխարհագրական հայտնագործությունների, արշավախմբերի ու ճանապարհորդությունների, աշխարհագրական տեսական մտքի ու աշխարհագրական պատկերացումների պատմություն)։ Ռուսաստանում Պ․ ա–յան զարգացման կարևոր փուլ սկսվեց Մ․ Վ․ Լոմոնոսովի աշխատություններով։ Պ․ ա․ կարևոր տեղ են տվել պատմաբաններ վ․ Ն․ Տատիշչևը, Ի․ Ն․ Բոլտինը և ուրիշներ։ Պ․ ա․ տվյալներն օգտագործել է նաև վ․ Ի․ Լենինը, հատկապես «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատության մեջ։

Հայաստանի Պ․ ա–յան ակունքները սկիզբ են առնում V դարից, սակայն որպես գիտության ճյուղ ձևավորվել է XVIII – XIX դդ․՝ Ղ․ Ինճիճյանի, Ղ․ Ալիշանի և ուրիշների աշխատություններով։ Տայաստանի Պ․ ա․ սովետական ժամանակաշրջանում հարստացել է մենագրություններով, դասագրքերով, ձեռնարկներով, գիտական հոդվածներով, պատմական քարտեզներով ու սկզբնաղբյուրների («Աշխարհացոյց»-ների ու ճանապարհորդությունների) հրապարակումներով։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3. Երևմյան Ս․Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հակոբյան Թ. Խ. Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 հրտ․, Ե․, 1968։ Магидович И․ П․, Очерки по истории географических открытий, [перераб․ и доп․ изд․], М․, 1967․ Թ․ Հակոբյան

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՐԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բնագավառ, որն զբաղվում է որևէ լեզվի բարբառների պատմական քննության հարցերով։ Պ․ բ–յան առանցքային խնդիրներն են՝ տվյալ լեզվի ժամանակակից բարբառների արմատների բացահայտումը, բարբառների զարգացման ընթացքի ուսումնասիրումը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, բարբառային ճյուղավորման մոտավոր ժամանակի որոշումը և ըստ այդմ պատմական շրջանում առաջացող լեզվական երևույթների (նորաբանությունների) ժամանակագրության հարցերի լուծումը, լեզվի զարգացման յուրաքանչյուր փուլում բարբառների բաժանվածության և նրանցում առկա հնչյունական, քերականական ու բառային տարբերությունների աստիճանի որոշումը, բարբառների տերիտորիալ բաշխվածության բնութագիրը և նրանց ունեցած փոխհարաբերությունները միմյանց ու գրական լեզուների նկատմամբ, բարբառների տեղն ու դերը լեզվի պատմության մեջ են։

Պ․ բ–յան որոշ տարրեր կան նաև տվյալ լեզվի պատմ․ քերականության մեջ, քանի որ վերջինս չի կարող կառուցվել առանց բարբառների ընձեռած լեզվական նյութի հաշվառման։ Այս տեսակետից էլ Պ․ բ․ և պատմ․ քերականության մի շարք խնդիրներ նույնանում են։ Պ․ բ–յան համար որպես աղբյուր են ծառայում՝ ա․ կենդանի բարբառների և նրանց համեմատական ուսումնասիրության տվյալները, բ․ Լեզվաբանական աշխարհագրության մեթոդներով կատարված հետազոտությունների արդյունքները (որ կատարվում է բարբառագիտական ատլասի օգնությամբ) և գ․ պատմ․ շրջանից ավանդված գրավոր աղբյուրները (տես նաև Բարբառագիտություն)։ Հ․ Մուրադյան

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԳԵՐ, տես Վիպական երգեր։

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, երկրաբանության բնագավառ, ուսումնասիրում է երկրակեղևի և ամբողջությամբ Երկրագնդի պատմությունն ու զարգացման օրինաչափությունները։ Գլխավոր խնդիրներն են՝ Երկրի մակերևույթի և նրա օրգ․ աշխարհի վերականգնումը և մեկնաբանումը, ինչպես նաև երկրակեղևի ներքին կառուցվածքի վերափոխումների և դրանց հետ կապված ներծին պրոցեսների պարզաբանումը։ Պ․ ե․ հենվում է երկրբ․ առանձին գիտությունների (հնէաբանություն, պետրոգրաֆիա ևն) եզրակացությունների վրա, սակայն նրա հիմքը կազմում է շերտագրությունը, որը սահմանում է ապարների առաջացման հաջորդականությունը և մշակում երկրբ․ անցյալի ժամանակագրական համակարգը։ Շերտագրության գլխավոր բաժիններից է կենսաշերտագրությունը, որը որպես ապարների հարաբերական հասակի ցուցանիշ օգտագործում է մահացած կենդանիների ու բույսերի մնացորդները և սերտորեն կապված է հնէաբանության հետ։ Հարաբերական երկրաժամանակագրությանը զուգահեռ զարգանում է բացարձակ ժամանակագրությունը, որը հնարավորություն է ընձեռում ուղղակի որոշելու ապարների բացարձակ հասակը։ Երկրբ․ ժամանակագրական համակարգի ստեղծումը անհրաժեշտ նախապայման է անցյալ ժամանակներում Երկրի մակերևույթին և ընդերքում տեղի ունեցած բազմաթիվ արտածին ու ներծին պրոցեսների ժամանակագրության վերստեղծման համար։ Այդ պրոցեսների և այն ֆիզիկաաշխարհագրական միջավայրի վերականգնումը, որտեղ դրանք ընթացել են, ներառյալ ցամաքի ու ծովի բաշխումը, ջրային վազանների խորությունն ու հիդրոլոգիական ռեժիմի առանձնահատկությունները, ռելիեֆը և կլիման, օրգանիզմների և նրանց համակեցությունների տարածումը հանդիսանում են հնէաաշխարհագրության խնդիրները։

Պ․ ե․ ուսումնասիրում է նաև երկրակեղևի կառուցվածքի ձևավորման պատմությունը (պատմական գեոտեկտոնիկա), քանի որ երկրակեղևի շարժումներն ու տեկտոնական դեֆորմացիաները Երկրի վրա տեղի ունեցող փոփոխությունների հիմնական գործոններն են։

Պ․ ե․ ծագել է XVIII և XIX դդ․ սահմանագծում, երբ երկրաբանության մեջ կիրառվեց հնէաբանական մեթոդը (Ու․ Սմիթը Անգլիայում, ժ․ Կյուվեն ու Ս․ Րրոնյարը՝ Ֆրանսիայում)։ XIX դ․ կեսերին մշակվեց երկրբ․ ժամանակագրական սանդղակը։ ժ․ Կյուվեի աղետների տեսության ժխտման ու բնության մատերիալիստական ըմբռնման գործում վճռական դեր խաղացին ժ․ Լամարկի, Չ․ Լայեչի և Չ․ Դարվինի աշխատանքները։ Այդ շրջանի հետ է կապված Պ․ ե–յան ձևավորումը որպես գիտություն։

Գրկ․ Борисяк А․ А․, Курс исторической геологии, Л–М․, 1935; Мирчинк Г․ Ф․, Историческая геология, ч․ 1, М․–Л․, 1935; Мазарович А․ Н․, Историческая геология, 3 изд․, М–Л․, 1938; Страхов Н․ М․, Основы исторической геологии, ч․ 1–2, М․–Л․, 1948; Леонов Г․ П․, Историческая геология, М․, 1956; Бубнов С․ Н-, Основные проблемы геологии, М․» 1960; Немков Г․ И․ и др․, Историче– ская геология, М-, 1974․

ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՆՐ, կերպարվեստի հիմնական ժանրերից մեկը՝ նվիրված պատմ․ իրադարձություններին և գործիչներին հասարակության պատմության սոցիալական նշանակալի երևույթներին։ Պ․ ժ․ ներառնում է նաև ոչ հեռավոր անցյալի իրադարձությունների պատկերումը։ Պ․ ժ–ի ստեղծագործությունների հիմնական տեսակներն են՝ պատմ․ նկարները, որմնանկարները, ռելիեֆներն ու բոլորաքանդակները, հաստոցային գրաֆիկայի գործերը։ Պ․ ժ․ հաճախ միահյուսվում է այլ ժանրերի՝ կենցաղային ժանրին (պատմակենցաղային պատկերներ), դիմապատկերին (անցյալի գործիչների պատկերումներ, պատմախմբապատկերային կոմպոզիցիաներ), բնանկարին («պատմական բնանկար»)։ Պ․ ժ–ին հատկապես մոտ է մարտանկարչությունը։ Պ․ ժ–ի էվոլյուցիան շատ բանով պայմանավորված է պատմ․ հայացքների զարգացմամբ, իսկ նրա վերելքի փուլերը կապված են մինչ–սոցիալիստական հասարակարգերում սոցիալական բախումների ուժեղացման, դասակարգային և ազգ․ ինքնագիտակցության աճի, արվեստում առաջադեմ հասարակական իդեալների մարմնավորման ձգտման հետ։ Պ․ ժ–ում իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել պատմ․ ուժերի դրամատիկական բախումները, դասակարգային և ազգային–ազատագր․ պայքարը։ ժամանակակից իմաստով Պ․ ժ․ ձևավորվել է XVIII–XIX դդ․, սակայն նրա շատ յուրահատկություններ սկզբնավոր–