Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը՝ մինչե չորրորդ սերունդ, 24-երորդով՝ կանոնական են ճանաչվել Հին կտակարանի գրքերից 37–ը։

Գրկ․ Մխիթարյանց Ա․, Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղպատ, 1874։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։

ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավանորմերի համակցություն, որը կարգավորում է գույքային հարաբերություններն իրավունքի սուբյեկտների միջև (տես Պարտավորություն)։ Պ․ ի–ի նորմերն ամփոփված են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներում, քաղաքացիական օրենսգրքերում, արտադրատեխ․ նշանակության արտադրանքի և ժող․ սպառման ապրանքների մատակարարման կանոնադրություններում, տրանսպորտային օրենսգրքերում ու կանոնագրքերում, այլ նորմատիվային ակտերում։ Պ․ ի–ի նորմերի մի մասով (ընդհանուր դրույթներ) սահմանվում են պարտավորությունների ծագման, կատարման պայմանները, կատարումն ապահովող իրավական միջոցների, պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը, պարտավորության դադարման հիմքերը (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ 160–238)։ Մյուս նորմերով կարգավորվում են պարտավորությունների առանձին տեսակները՝ առուծախ, մատակարարում, կապիտալ շինարարության կապալ, փոխադրում են (հոդվածներ 239–476)։ ՍՍՀՄ–ում Պ․ ի–ի սուբյեկտներն են սոցիալիստական կազմակերպությունները, քաղաքացիները և սովետական պետությունը։ Հ․ Ներսիսյան

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական իրավահարաբերություն, որով մեկ կողմը (պարտապանը) պարտավորվում է մյուս կողմի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն (գույք հանձնել աշխատանք կատարել, փող վճարեւ են) կամ ձեռնպահ մնալ դրանից, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու այդ գործողությունները։ Պ–ների առաջացման համար հիմք են պայմանագիրը, վարչական կամ պլանային ակտը, հայտնագործությունները, գյուտերն ու ռացիոնալիզատորական առաջարկությունները, գիտության, գրականության և արվեստի երկերը։ Ըստ ծագման հիմքերի, Պ–ները լինում են պայմանագրային (կողմերի համաձայնությամբ) և արտապայմանագրային (առանց կողմերի համաձայնության)։ Պ–յան բովանդակությունն են կազմում կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Տարբերում են միակողմ, երկկողմ և երկընտրելի Պ–ներ։ Միակողմ Պ–ների կողմերից մեկն ունի միայն իրավունքներ, մյուսը պարտականություններ, երկկողմ Պ–ների կողմերն ունեն ե՝ իրավունքներ, և պարտականություններ։ Երկընտրելի Պ–ների դեպքում պարտապանը պարտավորվում է իր ընտրությամբ կատարել օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողություններից միայն մեկը։ Պ–ները լինում են նաև գլխ․ և լրացուցիչ։ Լրացուցիչ Պ․ գլխավորի բաղկացուցիչ մասն է և ապահովում է նրա կատարումը։ Ըստ մասնակիցների թվի, Պ–ները լինում են բաժնային և համապարտ։ Բաժնային պարտավորություններում պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու Պ․, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է Պ․ կատարել մյուսներին հավասար բաժիններով (եթե օրեն– քով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված)։ Համապարտ Պ–ում յուրաքանչյուր համապարտատեր կարող է բոլոր պարտապաններից համատեղ կամ յուրաքանչյուրից առանձին պահանջել Պ․ կատարելու լրիվ կամ մասնակի։ Համապարտ Պ–ները ծագում են այն դեպքում, երբ Պ–յան առարկան անբաժանելի է։ Պ–ների կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում են տնտ․ և քաղ․ երաշխիքներ, իրավական ներգործության միջոցներ (տուգանք, գրավ, երաշխավորություն, կանխավճար են)։ Պ–յան դադարման հիմքերն են Պ–ների կատարումը, միատեսակ հակընդդեմ պահանջների հաշվակցումը, կողմերի համաձայնությունը, պլանային ակտերի փոփոխումը, քաղաքացու մահը են։ Հ․ Ներսիսյան

ՊԱՐՏԱՏԵՐ, պարտավորության մասնակից, որն իրավասու է պարտապանից պահանջել կատարելու որոշակի գործողություն կամ ձեռնպահ մնալ դրանից։ ՍՍՀՄ–ում Պ–եր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք և պետությունը։ Պարտավորությունում, որպես կանոն, մասնակցում է մեկ, առանձին դեպքերում՝ մի քանիՊ․։ Օրինակ, արտադրատեխ․ արտադրանքի և ժող․ սպառման ապրանքների մատակարարման պայմանագրերում որպես գնորդ և մատակարարող կարող է հանդես գալ մի քանի անձ։ Եթե Պ–երը շատ են, նրանցից յուրաքանչյուրը կարող են պահանջել կատարելու պարտավորության մի մասը (բաժնային պարտավորություն) կամ ամբողջ պարտավորությունը (համապարտ պարտավորություն)։ Որոշ պարտավորություններում (առուծախ, բնակարանի վարձակալություն, մատակարարում են) Պ․ միաժամանակ հանդես է գալիս որպես պարտապան։ Պարտավորությունների կատարման ընթացքում (եթե տեղի է ունեցել իրավահաջորդություն) Պ․ կարող է փոխվել։ Հ․ Ներսիսյան

ՊԱՐՏԵԶ (այժմ՝ Բարդիզչայ), գետ Հայկական լեռնաշխարհում, Բերդիկ (Փենյակ) գետի ձախ վտակը (ձորոխի համակարգ)։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Սկիզբ է առնում Մեծրաց (Չախիրբաբա) լեռների նույնանուն գագաթից։ Լեռնային գետ է։ Հոսում է բուսազուրկ, ժայռոտ լանջերի նեղ կիրճերով։ Սնումը ձնաանձրեային է, հորդանում է գարնանը։ Անձրևների ժամանակ հաճախ սելավատար է։

ՊԱՐՏԵԶ, ավան Մեծ Հայքի Տայք նահանգի Պարաիզաց փոր գավառում, Ուխտիքի Պարտեզ վտակի ափին։ Հնում եղել է Պարտիզաց փոր գավառի կենտրոնը (գավսաանունն առաջացել է Պ–ի անունից)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Պ․ գտնվում էր ռուսթուրք․ սահմանագլխին և ուներ ավելի քան 200 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Թուրք, նոր զավթումների ժամանակ Պ–ի հայերը գաղթել են Սովետական Ռուսաստան և հաստատվել հիմնականում Սև ծովի առափնյա շրջաններում։

«ՊԱՐՏԵԶ», գրական–մանկավարժական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1903–04-ին, Ալեքսանդրիայում։ Խմբագիր–տնօրեն՝ Մ․ Ասքանազ։ Ծանոթացրել է մանկավարժության առաջադիմական մեթոդներին, «Մանկապարտեզ և ծաղկոց» խորագրի տակ տպագրել նյութեր՝ նվիրված հայերեն բանավոր ու գրավոր խոսքի ուսուցման բարելավմանը, սովորեցրել խաղեր ու վարժություններ։ «Պ․»-ի գրական բաժնում զետեղվել են հայ և օտար հեղինակների ստեղծագործություններ։ Արձագանքել է միջազգային քաղ․ իրադարձություններին, համակրանք արտահայտել Ռուսաստանի հեղափոխական շարժումների նկատմամբ, տպագրել հաղորդագրություն ՌՍԴԲԿ II համագումարի վերաբերյալ։

«ՊԱՐՏԵԶ», մանկական ամսագիր։ Լույս է տեսել 1932–38-ին, Պլովդիվում։ Աջակցել է հայոց լեզվի ուսուցմանը։ Ծանոթացրել է ՀՍՍՀ նվաճումներին, նրա աշխարհագրական դիրքին, բնակլիմայական պայմաններին ու պատմությանր։ Դրական բաժնում տպագրել է հայ սովետական հեղինակների, թարգմանաբար՝ ռուս և եվրոպ․ գրողների ստեղծագործություններ, անդրադարձել նշանավոր հայ գործիչների (Հ․ Շմավոնյան, Մ․ խրիմյան, Ա․ Մյասնիկյան և ուրիշներ) կյանքին ու գործունեությանը։ Ս․ Նազարյան

«ՊԱՐՏԵԶ», մանկապատանեկան պատկերազարդ ամսաթերթ։ Լույս է տեսել 1946–1967-ին, Ստամբուլում։ Խմբագիրներ՝ Ա․ Տատրյան, Ա․ էոզեր։ Հայ գրողների (Ա․ խնկոյան, Հ․ Հայրապետյան, Ս․ Զորյան, Ա․ Դարբնի և ուրիշներ) մանկական ստեղծագործությունների հետ մեկտեղ տպագրել է նաև ռուս, թուրք, արևմտաեվրոպացի հեղինակների գործերը։ «Մեծ մարդիկ», «Նշանավոր մարդիկ» խորագրերով պատմել է անվանի երգահանների, նկարիչների, գիտնականների ու մանկավարժների մասին։ Լուսաբանել է սովետահայ արվեստն ու մշակույթը։

ՊԱՐՏԵԶԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, պարտեզներ, պուրակներ և այլ կանաչապատ տարածքներ ստեղծելու արվեստը, որի խնդիրն է լանդշաֆտի կոմպոզիցիոն կազմակերպումը, բնության և գեղարվեստական ստեղծագործության (ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարի) տարրերի ներդաշնակ ամբողջացումը։ Պ․ ա․ առանձնահատուկ է նրանով, որ գործ ունի անընդհատ փոփոխվող բուսական կենդանի նյութի հետ։ Պ․ ա․ ընդգրկում է պարտեզների և պուրակների հատակագծման աշխատանքները, զանազան կլիմայական և հողային պայմանների համար տարբեր դեկորատիվ հատկություններով օժտված բույսերի ընտրությունը, նրանց տեղաբաշխումը և խմբավորումը ճարտ․ կառույցներին, ջրավազաններին, ճանապարհներին, հրապարակներին, քանդակներին ներդաշնակ, պարտերների, ծաղկանոցների ձևավորու–