Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐՍՈՆՍ (Parsons) Թոլկոտ (1902 – 1979), ամերիկացի սոցիոլոգ-տեսաբան։ Ուսանել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում (1924 – 25), Հայդելբերգի համալսարանում (1926 – 27)։ 1944-ից՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ապա սոցիոլոգիայի բաժանմունքի դեկավար։ 1949-ից՝ Ամեր․ սոցիոլոգիական ընկերության պրեզիդենտ։ Պ․ ստեղծել է «գործողության տեսությունը», որը կառուցվածքային ֆունկցիոնալիզմի տարածված տարատեսակն է և հավակնում է լինել ընդհանուր սոցիոլոգիական ու աշխարհայացքային տեսություն, այսինքն՝ ընդգրկել գործողության բոլոր ոլորտները։ Իրականում Պ․ քննում է առանձին մարդու վարքը՝ «գործողությունները», որոնց ամբողջությունը, իր կարծիքով, կազմում է հասարակական համակարգը։ Ըստ Պ–ի, եթե մարդկանց համար մշակվեն վարքի ընդունելի սկզբունքներ, չնայած առանձին ոչ բնական երևույթների, հասարակության մեջ կստեղծվի «հավասարակշռություն»։ Պ․ վարքի հիմքում դնում է կյանքից անկախ գործող բարոյական կանոնը, օրինակ, լավ մարդ լինելու ձգտումը։ Բարոյականությունը, պատմությունը, ողջ հոգևոր մշակույթը զրկելով նյութական հասարակական հիմքից և համարելով «գերկսաուցվածքային»՝ Պ․ տուրք է տալիս միստիցիզմին և ագնոստիցիզմին։ Պ–ի «գործողության տեսությունը» ամերիկանիզմի ջատագովություն է։

Գրկ․ Մխիթարյան Դ․ Ե․, Թ․ Պարսոնսի «Գործողության տեսության» հակագիտական էությունը, Ե․, 1980։ История буржуазной социологии первой половины XX века, М» 1979․ Գ․ Մխիթարյան

ՊԱՐՍՈՆՍ (Parsons) Չարլզ Ալջերնոն (1854–1931), անգլիացի ինժեներ և ձեռնարկատեր։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1898), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1931)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Սենտ Ջոնի կոլեջը (1876)։ 1884-ին հայտնագործել է բազմաստիճան ռեակտիվ շոգետուրբինը, որը մեծ դեր է խաղացել էներգետիկայի զարգացման գործում։

ՊԱՐՍՊԱՏՈՒՆԻՔ, Պատսպարունիք, Պասպարունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղորոշումը անստույգ է կամ ենթադրական։ VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում նշված է Վասպուրականի արլ–յան գավառների թվում։

ՊԱՐՍՈՒՆԱ («պերսոնա» բառի աղավաղված ձևը, < լատ․ persona – անձնավորություն, դեմք), XVII դ․ ռուս, դիմանկարային գեղանկարչության ստեղծագործություն։ Առաջին Պ–ները ոչ իրենց կատարման տեխնիկայով և ոչ էլ կերպարային կառուցվածքով չեն տարբերվել սրբանկարից (Ֆեոդոր Իվանովիչ թագավորի Պ․, XVII դ․ 1-ին կես, Պատմության թանգարան, Մոսկվա)։ XVII դ․ 2-րդ կեսին Պ–ի զարգացումն ընթացել է երկու ուղղությամբ, առաջինում՝ սրբանկարչության սկզբունքների խորացմամբ, երկրորդում՝ արևմտաեվրոպ․ գեղանկարչության հնարանքների յուրացմամբ՝ պատկերվողի անհատականության դրսևորման ու ձևերի ծավալայնությունը հաղորդելու ձգտումով (Գ․ Պ․ Գոդունովի Պ․)։ Պ–ներ հիմնականում ստեղծել են Զինապաւաւոի գեղանկարիչները (Ս․ Ֆ․ Ուշակով, Վ․ Պոզնանսկի, Մ․ Ի․ Չոկլոկով և ուրիշներ)։

ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ, տես Ընդհանուր ուսուցում։

ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿ, պետ․ գրապահոցներին, մատենագիտական և տեղեկատու կենտրոններին, գրադարաններին և այլ հաստատություններին պարտադիր կերպով տրվող տպագրական արտադրանքի նմուշ՝ գրանցման և հաշվարկման, մատենագիտական և տեղեկատու աշխատանքների կազմակերպման, գրադարանային ֆոնդերի համալրման ու պետ․ արխիվների ստեղծման, ինչպես նաև հեղինակային իրավունքի պահպանության նպատակով։ Առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում, 1537-ին։ Ռուսաստանում, որպես համապետ․ համակարգ, ընդունվել է 1783-ին։ 1959-ից ՍՍՀՄ–ում գործում է երկու հիմնական տեսակ, անվճար պարտադիր (ստուգողական) և վճարովի պարտադիր։ 1․ Անվճար պարտադիր (ստուգողական) օրինակը տպագրական արտադրանքի նմուշ է, որ տպագրական ձեռնարկությունը (կամ հրատարակող կազմակերպությունը) անհատույց տրամադրում է պետ․ գրապահոցներին, մատենագիտական և տեղեկատու կենտրոններին, երկրի առաջատար գրադարաններին։ Լինում է համամիութենական, հանրապետական և տեղական։ 2․ Տպագրական արտադրանքի նմուշ, որ ուղարկվում է հրատարակչությանը կամ հրատարակող կազմակերպությանը՝ որակի ստուգման նպատակով։

Հայրենական տպագրության անվճար պարտադիր օրինակ տրամադրվում է նաև բոլոր սոցիալիստական երկրներին։

ՊԱՐՏԱԿՈՒՄ, տես Առնչակցություն։

ՊԱՐՏԱՊԱՆ, պարտավորության մասնակից» որը պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանցից։ ՍՍՀՄ–ում Պ–ներ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք և պետությունը։ Պարտավորությանը կարող են մասնակցել մեկ կամ մի քանի Պ–ներ։ Եթե Պ–ները մի քանիսն են, յուրաքանչյուրը պարտավորությունը կատարում է կամ իր բաժնի չափով (բաժնային պարտավորություն), կամ պարտատիրոջ պահանջով ողջ պարտավորությունը կատարում է նրանցից մեկը (համապարտ պարտավորություն)։ Այս դեպքում կատարողը Մյուս Պ–ների նկատմամբ ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք։ Երկկողմ պարսավորություններում Պ․ կարող է միաժամանակ հանդես գալ որպես պարտատեր (օրինակ, առուծախի պայմանագրում գույք ձեռք բերողը որպես վճարող Պ․ է, որպես գնորդ՝ պարտատեր)։ Պարտավորության կատարման ընթացքում Պ․ կարող է փոխվել միայն պարտատիրոջ համաձայնությամբ (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 215)։ Հ․ Ներսիսյան

ՊԱՐՏԱՎ, քաղաք Մեծ Հայքի Ուտիք նահանգի Ուտի Առանձնակ գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին, ներկայիս Ադրբ․ ՍՍՀ Բարդա քաղաքից 5–6 կմ հս–արմ․։ 460-ական թթ․ հիմնադրել է հայոց Աղվանքի տեր Վաչեն՝ պարսից Պերոզ արքայի հանձնարարությամբ։ Սկզբում կոչվել է Պերոզապատ, եղել Աղվանքի մարզպանի նստավայրը։ 552-ից դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության կենտրոնը։ Գտնվելով առևտրակարավանային ճանապարհների հանգուցակետում՝ Պ․ բարգավաճել է, դարձել վաճառաշահ քաղաք։ Գարդմանի տեր Ջվանշիր իշխանը (իշխել է 637–683-ին) պարսից մարզպանին դուրս է քշել Ուտիքից, Պ․ ամրացրել և դարձրել իր նստավայրը, կառուցել եկեղեցիներ և այլ շինություններ։ Արաբ, տիրապետության հաստատումից հետո, Պ․ եղել է Արմինիա կուսակալության երկրորդ (Դվինից հետո) ռազմավարչական կենտրոնը, այնտեղ հատվել է դրամ։ VIII–IX դդ․, չնայած մահմեդական (հիմնականում՝ արաբալեզու) տարրի ներհոսին, Պ․ շարունակել է մնալ հայկ․ քաղաք։ 768-ին Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնացու նախաձեռնությամբ Պ–ում գումարվել է եկեղեց․ ժողով (տես Պարտավի եկեղեցական ժողով)։ IX–X դդ․, Ուտիքի մյուս վարչատնտեսական կենտրոնի՝ Գանձակի վերելքից հետո Պ․ կորցրել է իր նախկին նշանակությունը։ IX դ․ սկզբին Աղվանից կաթողիկոսությունը փոխադրվել է Բերդակուր, Պ․ մնացել է եպիսկոպոսանիստ։ X դ․ սկզբին դեյլեմցիները (դելեմիկներ) Սալարյանների գլխավորությամբ գրավել են Պ․։ 914-ին, վեց ամսով Պ–ին տիրել է Կասպից ծովի հվ–արմ․ ափը արշաված ռուս, մի գորաջոկատ։ Երկրորդ անգամ ռուսները Պ–ում հայտնվել են 940-ական թթ․։ Պ․ հիմնովին ավերվել է XIII դ․՝ մոնղ․ արշավանքների ժամանակ։

Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Պատմության Հայոց, Ե․, 1961։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն անվանից աշխարհի, Ե․, 1969։ Ուլուբաբյան Բ․, Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության, Ե․, 1981։ Բ․ Ուլուբաբյան

ՊԱՐՏԱՎԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ, Պարտավի ժողով, գումարվել է Պարսավ քաղաքում, Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնեցու նախաձեռնությամբ, 768-ին։ Մասնակցել են հոգևոր և աշխարհիկ գործիչներ։ Ընդունվել է 24 կանոն, որոնց նպատակն է եղել կանխել հոգևորականների ներքին չարաշահումները (եպիսկոպոսներին արգելվել է մյուռոն օրհնել, բռնի տուգանքներ գանձել, իրենց չենթարկվող վիճակների համար քահանաներ ձեռնադրել, եկեղեց․ հասույթներով հարկեր վճարել ևն)։ 16-րդ կանոնով ազգականների միջև արգելվել է ամուսնու–