Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հատկացումների աճին զուգընթաց, մեծանում են նաև վերարտադրության պրոցեսին պետության միջամտության հետ կապված ծախսերը՝ փոխատվություններ մոնոպոլիաներին, կապիտալ ներդրումներ ինֆրակառուցվածքի քիչ եկամտաբեր ճյուղերում, գիտատեխնիկական հետազոտությունների կատարման համար են։ Պետական ծախսերի մի մասը կատարվում է սոցիալ–կուլտուրական միջոցառումների իրականացման նպատակով։ Վերջիններիս որոշ ավելացումը պայմանավորված է պրոլետարիատի դասակարգային պայքարի ուժեղացմամբ և համաշխարհային երկու սիստեմների մրցակցության ազդեցությամբ։

Սոցիալիստական հասարակարգում պետական ծախսերը ամբողջությամբ բխում են աշխատավորների շահերից։ Դրանք ընդգրկում են ոչ միայն պետական բյուջեի, այլև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ծախսերը (իրենց գործունեության ընդլայնման ու սպառման հասարակական ֆոնդերի ձևավորման համար)։ Ըստ տնտեսական բովանդակության և ազգային եկամտի ու հասարակական ամբողջական արդյունքի ստեղծման մեջ ունեցած դերի, պետական ծախսերը ստորաբաժանվում են արտադրական (արտադրության ընդլայնման, ռեզերվների կազմավորման համար) և ոչ արտադրական (սոցիալ–կուլտուրական միջոցառումների, կառավարման ու պաշտպանության համար) ոլորտներում կատարվող ծախսերի։ Պետական ծախսերը խմբավորվում են նաև ըստ ճյուղերի, տնտեսական շրջանների, մարզերի ու հանրապետությունների, նպատակային նշանակման (կապիտալ ներդրումներ, շրջանառու միջոցների աճ, աշխատավարձ բյուջետային հիմնարկներում և այլն)։ Ծախսերը ֆինանսավորվում են կենտրոնացված (պետական բյուջե) և ապակենտրոնացված (ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ռեսուրսներ) աղբյուրներից՝ սեփական, բյուջետային ու վարկային միջոցների հաշվին։ Պետական ծախսերի մեջ առանձնապես մեծ է ժողտնտեսության, սոցիալ–կուլտուրական միջոցառումների և գիտության ֆինանսավորմանը հատկացվող բաժինը (1980 թվականին ԽՍՀՄ–ում այն կազմել է 259,8 միլիարդ ռուբլի կամ պետական բյուջեից բոլոր հատկացումների 88,4%-ը)։ Սոցիալիստական երկրներում պետական ծախսերն օգտագործվում են գիտատեխնիկական առաջընթացի տեմպերն ու ուղիները որոշող ճյուղերի առաջնահերթ ֆինանսավորման համար։ Ֆինանսավորման կարևորագույն սկզբունքներն են՝ պլանայնությունը, միջոցների օգտագործման նպատակային բնույթը, ֆինանսավորումը պլանի կատարման չափով, տնտեսման ռեժիմն ու օգտագործվող միջոցների բարձր արդյունավետության ապահովումը (տես նաև Բյուջե պետական

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, պետական ապարատում ընդգրկված քաղաքացիների աշխատանքային գործունեություն։ Որպես վարչաիրավական ինստիտուտ պետական ծառայությունն իրավական նորմերի ամբողջություն է, որը կարգավորում է ծառայության հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման, ծառայողների պատասխանատվության և խրախուսման հարցերը։ Կարգավորվում է պետական, վարչական, ֆինանսական, և իրավունքի այլ ճյուղերի նորմերով։ ԽՍՀՄ–ում, ուր Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով վերացվել է հին պետական ապարատը, բացակայում է ժողովրդից վեր ու նրա նկատմամբ իշխող դիրքում գտնվող արտոնյալ չինովնիկությունը։ ԿԳԿ–Ի 1917 թվականի նոյեմբերի 10(23)-ի դեկրետով վերացվեցին դասային արտոնությունները, 1918 թվականից պետական բոլոր ծառայողների ու բանվորների համար սահմանվեցին աշխատանքային հավասար պայմաններ, կիրառվեց աշխատանքային միասնական օրենսդրություն։ ԽՍՀՄ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքարկել ցանկացած ծառայողի սխալ գործունեությունը։ Պետական ապարատի աշխատողները՝ պետական ծառայողները, մշտական կամ ժամանակավոր պաշտոններ են զբաղեցնում ընտրությամբ, նշանակմամբ կամ մրցույթով և իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվում են։ Պետական ծառայության հիմնական խնդիրը պետական ֆունկցիաների կատարումն է։ Ըստ իրականացվող ֆունկցիաների, պետական ծառայողները դասակարգվում են՝ պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչների, ֆունկցիոնալ աշխատողների (մասնագետներ՝ բժիշկներ, ինժեներներ և այլ) և օժանդակ անձնակազմի։ Պաշտոնատար անձինք ունեն իշխանության լիազորություններ՝ հրամաններ (կարգադրություններ) տալու, աշխատանքի ընդունելու, աշխատողներին խրախուսելու և պատասխանատվության ենթարկելու, պետական գույքը տնօրինելու իրավունք և այլն։ Իշխանության ներկայացուցիչներն ունեն ծառայության ոչ ենթակա անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու իրավունք։ Ֆունկցիոնալ աշխատողները պետական ապարատում աշխատող մասնագետներ են։ Օժանդակ անձնակազմը լիազորված է կատարելու օժանդակ–տեխնիկական գործողություններ, որոնք ինքնուրույն իրավական հետևանքներ չեն առաջացնում։

Նախատեսվում է պետական ծառայության հետագա դեմոկրատացում, կառավարման դեմոկրատական հիմունքների զարգացում, ընտրական և ներկայացուցչական մարմիններին ու ընտրողներին հաշվետու լինելու սկզբունք։

Բուրժուական պետություններում պետական ծառայությունը հնագույն ինստիտուտ է, ի սկզբանե ամրապնդված դասային աստիճանականությամբ։ Երբեմն «պետական ծառայության» տերմինը փոխարինվում է «քաղաքացիական ծառայություն» (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), «հանրային ծառայություն» (Ֆրանսիա, ԳՖՀ, Ճապոնիա) տերմիններով։ Յուրաքանչյուր երկրում նորմատիվ ակտերով պետական ծառայողները բաժանվում են բարձր և ցածր դասերի (Մեծ Բրիտանիայում ադմինիստրատորներ, կատարողներ, գրասենյակային աշխատողներ և սպասարկող անձնակազմ, Ֆրանսիայում՝ բարձրագույն, I և II կարգեր, որոնք իրենց հերթին բաժանվում են 7–8 աստիճանների)՝ հաշվի առնելով նրանց աշխատավարձը, արտոնությունները և այլն։

Գրականություն Манохин В․ М․, Советская государственная служба, М․, 1966; Административное право, М․, 1970, с․ 84–95, 148–159; Советское административное право, М․, 1981, с․ 102–104․ Ա․ Լալայան

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ, երկրի տնտեսական զարգացմանը նպաստող պետական միջոցառումների ամբողջություն, որոնց էությունը որոշվում է պետության դասակարգային բնույթով, պատմական կոնկրետ պայմաններով և այս կամ այն երկրի տնտեսության յուրահատկություններով։ Տարբերվում է մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանի, զարգացող երկրներում և կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմ։

Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի դարաշրջանում պետական կապիտալիզմը տնտեսական կյանքին պետական միջամտտություն էր, որի նպատակը կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսի արագացումն էր և բուրժուազիայի դիրքերի ամրապնդումը։ Բուրժուական բոլոր հեղափոխությունների ժամանակ պետությունները վերացնում էին առևտրի միջնադարյան կարգորոշումները, գիլդիաների և ցեխերի մենաշնորհային իրավունքները, ազդարարում մրցակցության ազատություն։ Կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանում պետական, եկեղեցական և համայնական հողերը պետությունները վերածում էին մասնավոր սեփականության, դաժան օրենքներ սահմանում և ընչազուրկներին բռնի աշխատեցնում կապիտալիստական ձեռնարկություններում։ Նվաճում էին գաղութներ։ Մասնավոր կապիտալի անբավարարության պատճառով իրենք էին կառուցում և շահագործում խոշոր ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, ջրանցքներ և այլն, կամ այդ նպատակի համար կապիտալիստներին տրամադրում սուբսիդիաներ և վարկ։ Պետական սեփականությունը դառնում էր պետական կապիտալիզմի գլխավոր բովանդակությունը։ Պետությունները հանդես էին գալիս որպես խոշորագույն կապիտալիստներ։ Սահմանում էին սպառողական որոշ ապրանքների (ծխախոտ, օղի և այլն) արտադրության և վաճառահանման մենաշնորհ, կիրառելով պրոտեկցիոնիզմ՝ ազգային բուրժուազիային պաշտպանում արտասահմանյան մրցակցությունից։ Կապիտալիզմի տիրապետության հաստատմամբ, երբ սրվեց նաև պրոլետարիատի դասակարգային պայքարը, բուրժուական պետությունները սահմանափակեցին երեխաների և կանանց աշխատանքի կիրառումը, կրճատեցին աշխատօրվա տևողությունը և դրեցին սոցիալական ապահովագրության սկիզբը։ Նշված ժամանակաշրջանում տնտեսական կյանքին պետական միջամտությունը կրում էր մասնակի բնույթ։ Մոնոպոլիստական կապիտալիզմի փուլին բնորոշ է պետական-մոնոպոլիստական կապիտալիզմը, որը սկզբունքորեն տարբերվում է պետական կապիտալիզմից։

Զարգացող երկրներում պետական կապիտալիզմը տնտեսական ոլորտում պետական ձեռնարկությունների և հիմնարկությունների ստեղծումն է, ինչպես նաև մասնավոր ազգային և արտասահմանյան ձեռնարկատիրության կարգավորմանը, աշխատուժի վերարտադրությանը, ընդհանուր պետական նշանակություն ունեցող կարևորագույն օբյեկտների ֆինանսավորմանն ու վարկավորմանն ուղղված տնտեսական միջոցառումների համակարգ։ Պետական կապիտալիզմը տնտեսությանը պետության ակտիվ միջամտության, գաղութային և