կիսագաղութային կախվածության ժամանակ ստեղծված տնտեսական կառուցվածքի վերափոխման կարևոր միջոց է, ապահովում է հետամնաց երկրների տնտեսական զարգացումը, թուլացնում նրանց տնտեսական և քաղաքական կախվածությունը համաշխարհային կապիտալիստական համակարգից։ Պետական սեկտորի ստեղծումը և ընդլայնումը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնության տնտեսական զարգացման բնորոշ գիծն է՝ անկախ դրանց քաղաքական կողմնորոշումից։ Մի շարք երկրներում (Բիրմա, Գվինեա, Ալժիր, Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն) պետական սեկտորը և տնտեսական կյանքի պետական կարգավորումն ուղղված են իմպերիալիզմի և ազգային խոշոր բուրժուազիայի դեմ, նպաստում են անկախ էկոնոմիկայի ստեղծմանը և սոցիալական բարդ պրոբլեմների լուծմանը։ Այն երկրներում, որտեղ պետության տնտեսական քաղաքականությունը որոշում է ազգային խոշոր բուրժուազիան, պետական սեկտորի զարգացումը հաճախ սահմանափակվում է մասնավոր ձեռնարկատիրության աճին նպաստող ճյուղերով ու ձեռնարկություններով։ Պետական սեկտորը ստեղծվում է գաղութային իշխանությունների, նաև տեղական ընկերությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ազգայնացման, ընդլայնվում՝ նորերի կառուցման ուղիով։ Հատուկ նշանակություն ունի արտաքին առևտրի լրիվ կամ մասնակի մենաշնորհի կիրառումը, ինչպես նաև պետության դիրքերի ամրապնդումը բանկային գործի ու վարկի ոլորտում են։
Կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի պետական կապիտալիզմը հասարակական տնտեսական կացութաձև է, որը թույլատրում և կարգավորում է պրոլետարիատի դիկտատուրայի պետությունը (տես Անցման ժամանակաշրջան կապիտալիզմից սոցիալիզմին)։ Դրսևորվում է արտասահմանյան կապիտալի կոնցեսիաների, ներքին մասնավոր կապիտալի կողմից պետական ձեռնարկությունների վարձակալման, խառն ընկերությունների, կոմիսիոն սկզբունքով մասնավոր առևտրի, կոոպերացիաների և այլն ձևերով։ Կարող է կարևոր դեր խաղալ էկոնոմիկայի սոցիալիստական վերափոխման գործում։ ԽՍՀՄ–ում պետական կապիտալիզմի առանձնահատկությունն այն էր, որ պետական կապիտալիստական ձեռնարկությունները համաժողովրդական սեփականություն էին և ենթակա չէին առք ու վաճառքի։ Կոնցեսիոներ–վարձակալներին էին մնում միայն պատրաստի արտադրանքը և դրամական միջոցները։ Հարաբերությունները կապիտալիստական էին, բայց վերահսկվում և կարգավորվում էին պրոլետարական պետության կողմից։ ԽՍՀՄ–ում պետական կապիտալիզմը զարգացում չստացավ և երկրի էկոնոմիկայի համար չունեցավ էական նշանակություն (1923–1924 թվականներին տալիս էր ժողտնտեսության համախառն արտադրանքի միայն 0,1%-ը), որովհետև արագ տեմպերով աճեց սոցիալիստական խոշոր արդյունաբերությունը։ Բացի այդ, պետական կապիտալիզմը սոցիալիստական վերափոխման համար օգտագործելու խորհրդային պետության փորձերը հանդիպեցին բուրժուազիայի ակտիվ դիմադրությանը և, վերջինի սեփականազրկման ուղիով, այն վերացվեց։ Պետական կապիտալիզմի տարբեր ձևերն առաջացել և ժամանակավոր օգտագործվել են եվրոպական սոցիալիստական երկրների մեծ մասում, ինչպես նաև՝ ԿԺԴՀ–ում, ՎՍՀ–ում ու ՉԺՀ–ում։
Գրականություն Մարքս Կ․ Կապիտալ, հատոր 1–3, Երևան, 1933–1949։ Լենին Վ․ Ի․, Սովետական իշխանության հերթական խնդիրները․ Երկերի լիակտար ժողովածու, հատոր 36։ Լենին Վ․ Ի․, Էկոնոմիկան և քաղաքականությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, Երկեր, հատոր 30։ Зомбарт В․, Современный капитализм, пер․ с нем․, т․ 1–3, М․–Д․, 1903–1930; Мирзоян С․ М․ и Орехов Л․ Н., Государственный сектор в экономике освободившихся стран, М․, 1965; Юферова Е․ В․, Ленинское учение о госкапитализме в переходный период к социализму, М․, 1969
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐ, ԽՍՀՄ–ում գործադիր–կարգադրիչ մարմինների լիազորությունների իրագործման իրավական ձև։ Պետական կառավարման մարմինների ակտերի միջոցով պետական կառավարման մարմինները կարգավորում են հասարակական հարաբերությունները, կազմակերպում պլանային առաջադրանքների կատարումը, ղեկավարում արտադրությունը, ապահովում հասարակական և անձնական սեփականության, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ամրապնդում երկրի պաշտպանությունը, պահպանում հասարակական կարգն ու պետական անվտանգությունը։ Պետական կառավարման մարմինների ակտերն արտահայտում են պետական իշխանության կամքը, որին համապատասխան քաղաքացիները, պաշտոնատար անձինք, պետական և հասարակական հիմնարկները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները պարտավոր են կատարել որոշակի գործողություններ (զերծ մնալ որոշակի գործողություններից) կամ նրանց վերապահվում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, և դրանով իսկ առաջացնում տարբեր իրավահարաբերություններ ու իրավական հետևանքներ։ ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններին համապատասխան, պետական կառավարման բարձրագույն մարմինները (մինիստրների խորհուրդները) իրավասու են հրապարակել որոշումներ և կարգադրություններ, ճյուղային կառավարման մարմինները՝ հրամաններ և հրահանգներ, տեղական կառավարման մարմինները (ժողովրդական դեպուտատների խորհուրդների գործկոմները)՝ որոշումներ և կարգադրություններ։ Ձեռնարկությունների և հիմնարկների ադմինիստրացիաները հրապարակում են հրամաններ։
Պետական կառավարման մարմինների ակտերը պետք է հրապարակվեն օրենքի հիման վրա և ի կատարումն օրենքի, այն փոփոխել կամ չեղյալ համարել չեն կարող։ Պետական կառավարման մարմինների ակտերը իրավաբանական փաստեր են և կարող են ապացույց ծառայել քննչական մարմիններում, դատարանում, իրավարարությունում և վարչական վարույթում, ինչպես նաև հիմք լինել կառավարման այլ ակտերի հրապարակման կամ քաղաքացիական–իրավական գործարքների կնքման։ Ըստ իրավական բովանդակության, տարբերում են նորմատիվ և անհատական Պետական կառավարման մարմինների ակտեր։ Նորմատիվ ակտերը (տես Նորմատիվ իրավական ակտ) կարգավորում են որոշակի միասեռ հարաբերություններ (օրինակ, մինիստրությունների մասին կանոնադրությունը), իսկ անհատական ակտերը իրավունքի կիրառման ակտեր են և կարգավորում են որևէ կոնկրետ դեպք (օրինակ, աշխատանքի ընդունելու հրամանը)։ Հատուկ խումբ են կազմում այն ակտերը, որոնց խախտումների համար նախատեսում են նաև վարչական սանկցիաներ։ Այդպիսի ակտեր հրապարակելու իրավունք վերապահված է ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, իսկ որոշակի հարցերով՝ ժողովրդական դեպուտատների խորհուրդներին (բացի գյուղական խորհուրդներից) ու դրանց գործկոմներին (օրինակ, հասարակական կարգի պահպանման, բնակավայրերի սանիտարական վիճակի և այլ հարցեր)։ Կառավարման ակտն ուժի մեջ է մտնում կամ ակտի տեքստում նշված ժամկետում, կամ այն կատարողներին տեղեկացնելու պահից։ Կառավարման ակտում կարող է նշվել նաև գործողության մեջ մնալու ժամկետը։ Իսկ եթե չի նշվում, գործում է այնքան, քանի դեռ այլ ակտով չի համարվել ուժը կորցրած։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1954 թվականի հատուկ որոշմամբ ընդհանուր նշանակության կամ նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են ԽՍՀՄ կառավարության որոշումների ժողովածուում։ Ընդ որում, նորմատիվ բնույթի որոշումներում նշվում է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը։ Անհետաձգելի միջոցառումների դեպքերում որոշումը հրապարակվում է անմիջապես (թերթի, ռադիոյի, հեռագրի, հեռուստատեսության միջոցով) և ուժի մեջ մտնում անհապաղ։ Մինիստրների խորհուրդների կարգադրություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից։ Պետական կառավարման մարմինների ակտերի կատարման հսկողությունն իրագործում են կառավարման վերադաս մարմիններն ու դատախազությունը։
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, պետության գործունեության ձև, որը կառավարման համապատասխան մարմինների միջոցով ապահովում է պետական իշխանության իրականացումը։ Պետական կառավարումը սոցիալական կառավարման կարևորագույն մասն է։ Պետության ներքին ու արտաքին ֆունկցիաներն իրականացնող բոլոր մարմիններն այս կամ այն չափով մասնակցում են պետական կառավարմանը, պաշտպանելով իշխող դասակարգի տնտեսական, քաղաքական և սոցիալական շահերը։ Այդ մարմինների համակարգը սահմանվում է սահմանադրություններով, օրենքներով և իրավական այլ ակտերով։ Իրենց լիազորությունների շրջանակներում դրանք ապահովում են օրենքի կատարումը (գործադիր գործունեություն), հասարակական կարգի և պետական կարգապահության պահպանման համար իրագործում իշխանավոր ֆունկցիաներ (կարգադրիչ գործունեություն)։ Պետական մարմինները պետական կառավարումն իրականացնում են համապետական մասշտաբով կամ որոշակի շրջանում, տնտեսության, լուսավորության, առողջապահության, արտաքին և ներքին անվտանգության բնագավառներում և այլն։ Այդպիսի, զուտ կառավարման, մարմինների գործունեությունն