Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՍՀՄ–ում կատարվող առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները նույնպես պատժվում են սովետական օրենքներով (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 68)։ Այլ պետական հանցագործությունները ուղղված են պետական կառավարման հիմքերի, տնտեսության սոցիալիստական կարգի և հասարակական անվտանգության կենսականորեն կարևոր շահերի դեմ, սակայն ի տարբերություն առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների, սովետական պետական կամ հասարակական կարգի քայքայման կամ թուլացման նպատակ չեն հետապնդում (ազգային և ռասայական իրավահավասարության խախտում, պետական գաղտնիքի հրապարակում, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կորուստ, բանդիտիզմ, պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափում, պետական սահմանների խախտում, միջազգային թռիչքների կանոնների խախտում, տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում, հաղորդակցության ճանապարհների և տրանսպորտի միջոցների վնասում, կեղծ փողի կամ արժեթղթերի պատրաստում ու իրացում, վալյուտային գործառնությունների կանոնների խախտում և այլն)։ Պետական հանցագործությունների համար պատասխանատվություն է նախատեսվում 16, իսկ գնացքի խորտակման համար՝ 14 տարեկանից։

Պետական հանցագործությունների համար նախատեսվող պատժի խստությունը կախված է հանցագործության վտանգավորության աստիճանից, օրինակ, հայրենիքի դավաճանության, լրտեսության, բանդիտիզմի համար նախատեսվում է 8–15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն՝ գույքի բռնագրավումով։

Գրականություն Թովմասյան Ա․ Թ․, Սովետական քրեական իրավունք, հ․ 3, Ե․, 1979։ Ա․ Թովմասյան

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆ ՀԽՍՀ, տես Հիմն։

ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԽՍՀՄ, ԽՍՀՄ պետական սահմանների մեջ ընդգրկվող ամբողջ հողը։ ԽՍՀՍ–ում հողի բացառիկ սեփականատերը, հետևաբար, հողի սեփականության իրավունքի միակ սուբյեկտը սովետական պետությունն է։ Դրան համապատասխան, ԽՍՀՄ ողջ հողը կազմում է հողի պետական միասնական ֆոնդ, որը համաժողովրդական սեփականություն է։ Հողի պետական ֆոնդի՝ պետության բացառիկ սեփականության օբյեկտի միասնությունը պայմանավորում է հողային հարաբերությունների կարգավորման միասնական իրավական ռեժիմ։ Պետությունը հողօգտագործողներին հողը տրամադրում է անվճար՝ սահմանելով օգտագործման նպատակն ու կարգը (տես նաև Հողային իրավունք, Հողօգտագործում)։ Ընդհանուր տարածությամբ և գյուղատնտեսական հողահանդակների մակերեսով (1981 թվականի նոյեմբերի տվյալներով՝ 606,4 միլիոն հա) ԽՍՀՄ–ն աշխարհում առաջին երկիրն է։

Նախասովետական Ռուսաստանում 367 միլիոն հա գյուղատնտեսական հողերից աշխատավորական գյուղացիական տնտեսությունների հողերը կազմում էին ընդամենը 135 միլիոն հա (37%), ավելի քան 80 մլն հա (22%) պատկանում էր կուլակներին, 152 միլիոն հա (41 %)՝ կալվածատերերին, արքունական ընտանիքին ու վանքերին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ավելի քան 150 միլիոն հա, իսկ հետագայում նաև 80 մլն հա հողեր անվճար հանձնվեցին գյուղացիներին (տես «Народное хозяйство СССР 1922–1982», Юбилейный статистический ежегодник, М․, 1982)։

Ըստ նպատակային նշանակության, պետական հողային ֆոնդը ստորաբաժանվում է՝ 1․ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնք ԽՍՀՄ պետական հողային ֆոնդի կարևոր մասն են և հատկացվում են կոլտնտեսություններին, սովխոզներին ու այլ հողօգտագործողներին՝ գյուղատնտեսական նպատակներով։ Կուտնտեսություններին հողը հատկացվում է անժամկետ ու անվճար․ 2․ բնակավայրերի, քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական վայրերի հողերի․ 3․ արդյունաբերության, տրանսպորտի, առողջարանների, արգելավայրերի և այլ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի։ Դրանք ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկություններին տրամադրվում են հատուկ խնդիրների իրականացման համար։ Ոչ գյուղատնտեսական նպատակներով հողեր հատկացվում են ընդհանուր հիմունքներով։ Գյուղատնտեսական հողահանդակներից այդ նպատակով հողեր հատկացվում են հատուկ անհրաժեշտությամբ, իսկ ոռոգելի, ցամաքեցված հողերը, վարելահողերն ու այլ արժեքավոր հողահանդակները՝ բացառիկ դեպքերում և միայն միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշմամբ։ Այն ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկությունները, որոնց գյուղատնտեսական հողահանդակներից հող է հատկացվում ոչ գյուղատնտեսական կարիքների համար, հողօգտագործողներին պատճառած վնասներից բացի, պարտավորվում են հատուցել հողի հատկացման հետ առնչվող գյուղատնտեսական արտադրության կորուստները․ 4․ պետական անտառային ֆոնդի հողերի։ Այս ֆոնդի մեջ են մտնում բոլոր անտառածածկ հողերը, ինչպես նաև այն հողերը, որոնք թեև անտառածածկ չեն, սակայն նախատեսված են անտառային տնտեսության համար․ 5․ պետական ջրային ֆոնդի հողերի։ Դրանք այն հողերն են, որոնք զբաղված են ջրավազաններով (գետեր, լճեր, լճակներ, ջրամբարներ, ջրանցքներ և այլն), սառցադաշտերով, հիդրոտեխնիկական և այլն ջրատնտեսական կառուցվածքներով և այլն։ 6․ Պետական պահեստի հողերի։ Ի տարբերություն նախորդների, դրանք նպատակային չեն, հողօգտագործողներին անժամկետ կամ երկարաժամկետ