Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր բովանդակությամբ տարբերվում է օրենսդրական, դատական, դատախազական–հսկողական գործունեությունից, սակայն ամբողջությամբ նույնպես պետական կառավարում է։

Սոցիալիստական պետություններում պետական կառավարման մարմինների համակարգը գլխավորում են պետական իշխանության ներկայացուցչական մարմինները (ԽՍՀՄ–ում՝ ժողովրդական դեպուտատների խորհուրդները)։ Դրանք կազմում են պետական իշխանության իրենց ենթակա և հաշվետու գործադիր–կարգադրիչ մարմինները։ Պետական կառավարման տարբեր բնագավառներում ամենօրյա աշխատանք են կատարում գործադիր–կարգադրիչ մարմինները, որոնք միավորում են ընդհանուր կառավարչական իրավասությունների մարմինները (մինիստրների խորհուրդներն ու տեղական սովետների գործկոմները, ճյուղային և ֆունկցիոնալ կառավարման մարմինները, մինիստրությունները, պետական կոմիտեները, մինիստրների խորհուրդներին առընթեր կենտրոնական գերատեսչությունները), արտադրական միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիաները։ Պետական կառավարման մարմինները կարելի է դասակարգել նաև ըստ տերիտորիալ հատկանիշների՝ տեղական և կենտրոնական, ֆեդերատիվ պետություններում՝ ֆեդերալ և հանրապետական։

ԽՍՀՄ–ում, համաժողովրդական պետության պայմաններում, պետական կառավարման դերը շարունակ աճում էր, կատարելագործվում պետական ապարատի կառուցվածքը, վերացվում էին ավելորդ օղակները, բարձրացվում էր աշխատողների պատասխանատվությունը, պետական կառավարման ոլորտում ստեղծվում էին գիտատեխնիկական խորհուրդներ և այլն։ Կարևոր նշանակություն ունի կառավարման հարցերի իրավական կարգավորումը։ Պետական կառավարման կատարելագործելու հիմնական ուղիներից է նաև պետական կառավարմանը բնակչության մասնակցության հետևողական ընդլայնումը։

Ժամանակակից բուրժուական պետություններում գերակշռող հիմնական միտումը գործադիր իշխանությունների լիազորությունների ընդլայնումն է՝ առաջին հերթին ներկայացուցչական մարմիններից ֆունկցիաներ կորզելու միջոցով։ Պետական կառավարման ապարատի ուռճացումն այդ երկրներում կապիտալիզմին հատուկ միտում է, հատկապես իրագործվում է տնտեսական և սոցիալական կարգավորման օղակներում։ Ուռճանում են նաև պետական կառավարման այնպիսի ավանդական օղակներ, ինչպիսիք են ոստիկանությունը, բանակը, հետախուզությունն ու հակահետախուզությունը, էլ ավելի է դրսևորվում պետական կառավարման բյուրոկրատական բնույթը։

Գրականություն Научные основы государственного управления в СССР, М․, 1968; Лунев А․ Е․, Теоретические проблемы государственного управления, М․, 1974

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԽԻՎ ՀԽՍՀ (ՊԿՊԱ ՀԽՍՀ), ստեղծվել է ՀԽԽՀ Կենտգործկոմի և Ժողկոմխորհի 1932 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ, 1924 թվականից գործող ՀԽԽՀ Պետական կենտրոնական արխիվի (ՊԿԱ) հիման վրա, Երևանում։ 1941–1957 թվականներին վերստեղծված ՀԽԽՀ ՊԿԱ կազմում կրկին միավորված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվ ՀԽՍՀ–ին։ Վերջնականապես ձևավորվել և առանձնացվել է 1958 թվականին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հունվարի 29-ի որոշմամբ։ Ունի տեղեկատու–որոնողական համակարգի, կազմակերպչական–մեթոդական, փաստաթղթերի կոմպլեկտավորման, հաշվառման պահպանության ապահովման և միկրոֆիլմերի, գիտական ինֆորմացիայի և օգտագործման բաժիններ։ Կից գործում են գիտական և մեթոդական խորհուրդներ, փորձագետ հանձնաժողով, ինչպես նաև միկրոֆիլմերի, լուսանկարների և փաստաթղթերի վերականգնման լաբորատորիաներ, տպագրական արտադրամաս, կազմատուն։ Ֆոնդերը բաժանվում են հետևյալ խոշոր խմբերի, պետական ղեկավարման տեղական օրգաններ, քաղաքային ինքնավարություն, դատարան և դատախազություն, ոստիկանություն և ժանդարմերիա, տնտեսական հիմնարկ–ձեռնարկություններ և կազմակերպություններ, կուլտուր–լուսավորական և կենցաղային հիմնարկ–ձեռնարկություններ, հասարակական և բարեգործական կազմակերպություններ, կրոնական պաշտամունքի հիմնարկներ, անձնական և ընտանեկան, Հայաստանի բուրժուական հանրապետության հիմնարկ–ձեռնարկություններ։ Արխիվում պահպանվող փաստաթղթերը հիմնականում ստեղծվել են 1607–1920 թվականներին և արժեքավոր նյութեր են պարունակում նախախորհրդային Հայաստանի քաղաքական, հասարակական, պետական և մշակութային կյանքի վերաբերյալ։ Պահպանվում են սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների և գործիչների, հայոց եկեղեցու գործունեությունն արտացոլող (նաև 1920 թվականից հետո) փաստաթղթեր։ Ա․ Հարությունյան

ՊԵՏԱԿԱՆ ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Միջտնտեսային ձեռնարկություններ և կազմակերպություններ։

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, պետական կառավարման հատուկ իրավասության կենտրոնական մարմին, որը ԽՍՀ Միության, միութենական կամ ինքնավար հանրապետությունների մասշտաբով իրականացնում էր միջճյուղային (առանձին դեպքերում՝ ճյուղային) կառավարումը։ Պետական կոմիտեների համակարգը զարգացել է 1950–1960-ական թվականներին։ Պետական կոմիտեները կոորդինացնում և վերահսկում են մինիստրությունների և գերատեսչությունների գործունեությունը պլանավորման, գիտության և տեխնիկայի զարգացման, նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման ռացիոնալ կազմակերպման և այլ ոլորտներում։ Միջճյուղային գործունեության ոլորտում պլանային–կազմակերպման, կոորդինացման և վերահսկողական ֆունկցիաների իրականացման հարցում պետական կոմիտեները բոլոր մինիստրությունների և գերատեսչությունների նկատմամբ ունեին վարչական լիազորություններ, իրավասու էին լսել ձեռնարկությունների ղեկավարների հաղորդումները, այդ ձեռնարկություններն ապահովել անհրաժեշտ նյութերով, որոշակի շրջանակներում տալ պարտադիր ցուցումներ։ Պետական կոմիտեների իրավասության շրջանակներում հրապարակվող նորմատիվ ակտերը մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների համար պարտադիր են։ Պետական կոմիտեները կազմում են պետական իշխանության բարձրագույն մարմինները՝ համապատասխան նախարարների խորհուրդների առաջարկությամբ, որոնք միավորում և ուղղություն են տալիս պետական կոմիտեների աշխատանքին, հաստատում դրանց կանոնադրությունները։ Պետական կոմիտեների նախագահները կառավարության անդամներ են։ ԽՍՀՄ-ում կային ընդհանուր–միութենական, միութենական–հանրապետական և հանրապետական պետական կոմիտեներ։ Ընդհանուր–միութենական պետական կոմիտեները ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայում միջճյուղային կառավարումն իրականացնում էին անմիջականորեն կամ իրենց մարմինների միջոցով։ ԽՍՀՄ միութենական–հանրապետական պետական կոմիտեները միջճյուղային կառավարումը, իսկ առանձին դեպքերում ճյուղային կառավարումը, որպես կանոն, իրականացնում են միութենական հանրապետությունների համապատասխան պետական կոմիտեների, այլ մարմինների միջոցով և անմիջականորեն կառավարում են միութենական ենթակայության առանձին ձեռնարկություններ, միավորումներ, այլ կազմակերպություններ ու հիմնարկներ։

ՀԽՍՀ–ում գործում են միութենական–հանրապետական և հանրապետական պետական կոմիտեներ։ ՀԽՍՀ պետական կոմիտեները ՀԽՍՀ–ում իրականացնում են միջճյուղային կառավարումը և պատասխանատու են իրենց հանձնարարված կառավարման ոլորտի վիճակի ու զարգացման համար։ ՀԽՍՀ միութենական և հանրապետական պետական կոմիտեներն իրականացնում են միջճյուղային կառավարումը, իսկ առանձին դեպքերում՝ ճյուղային կառավարումը։ Դրանք ենթարկվում են ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԽՍՀՄ համապատասխան պետական կոմիտեին։ ՀԽՍՀ հանրապետական պետական կոմիտեներն իրականացնում էին միջճյուղային կառավարումը՝ ենթարկվելով ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին։ ՀԽՍՀ պետական կոմիտեներն իրենց իրավասությունների սահմաններում հրապարակում էին ակտեր, կազմակերպում և ստուգում դրանց կատարումը։ Ա․ Լալայան

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սովետական պետության կարևորագույն շահերի դեմ ուղղված առավել ծանր հանցագործություններ։ Պետական հանցագորխությունների համար պատասխանատվություն է նախատեսվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1950 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքով։ Բաժանվում են երկու խմբի՝ առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ և այլ պետական հանցագործություններ։ Առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները կատարվում են հակապետական դիտավորությամբ՝ նպատակ ունենալով քայքայել կամ թուլացնել պետական հասարակական և պետական կարգը, տնտեսության սոցիալիստական կարգը (հայրենիքի դավաճանություն, լրտեսություն, տեռորիստական ակտ, հակապետական ագիտացիա և պրոպագանդա, դիվերսիա, վնասարարություն, պատերազմի պրոպագանդա, տեռորիստական ակտ օտարերկրյա պետության ներկայացուցչի դեմ, հակապետական գործունեություն)։ Աշխատավորների՝ այլ պետության դեմ