Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի են միահյուսվում մասնավոր և պետական մոնոպոլիաները։

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմը արտահայտվում է նաև պետության և մասնավոր մոնոպոլիաների միջև շուկայական կապերի զարգացմամբ։ Աճում է հատկապես պետական սպառումը։ Պայմանագրային կարգով նա մոնոպոլիաներից բարձր գներով գնում է արդյունաբերական ապրանքներ, մի շարք երկրներում նաև գյուղատնտեսական արտադրանքի «ավելցուկը»։ Պետությունը միաժամանակ ապրանքների և ծառայությունների խոշոր վաճառող է։ Պետական ձեռնարկություններն իրենց արտադրանքը մասնավոր մոնոպոլիաներին են վաճառում և ծառայություններ կատարում ցածր գներով։

Ուժեղանում են էկոնոմիկայի ռազմականացումը և սպառազինությունների մրցավազքը։ Պետությունը վիթխարի ծախսեր է կատարում զենքի պատվերների և գնման, ստրատեգիական պաշարների ստեղծման, զինված ուժերի պահպանման համար։ Բարձր շահույթներ ստանալու նպատակով մոնոպոլիստական կապիտալը լայնորեն օգտագործում է միլիտարիզմը։ Գլխավոր կապիտալիստական երկրներում ստեղծվել է ռազմաարդյունաբերական կոմպլեքս։ Ընթացքի մեջ դնելով ռազմական տնտեսության մեխանիզմը պետությունը մոնոպոլիաներին ապահովում է կապիտալ ներդրումների նոր ոլորտով, ֆինանսավորում նրանց, մատակարարում հիմնական կապիտալ, աշխատուժ, դեֆիցիտային հումք, ապրանքները գնում մենաշնորհային բարձր գներով և այլն։

Բուրժուական պետությունը վևրաբաշխում է ազգային եկամտի զգալի մասը և պետականացնում ֆինանսական վիթխարի միջոցներ։ Հիմնականում հարկերի միջոցով պետությունը կենտրոնացնում է խոշոր դրամական գումարներ (ազգային եկամտի 25–55%–ը), պետական փոխառությունների, բանկնոտների թողարկման ուղիով ստանում վարկ, վճռական դիրքեր զբաղեցնում բանկային գործում, իր ձեռքում կենտրոնացնում բնակչության խնայողությունները, սոցիալական ապահովագրության ֆոնդերը։ Պետական սուբսիդիաների և վարկի տրամադրումը, հարկային արտոնությունները, պետական ամորտիզացիոն քաղաքականությունը (ամորտիզացիայի բարձր նորմայի սահմանում) են զգալիորեն մեծացնում են մոնոպոլիաների ֆինանսական միջոցները նոր կապիտալ ներդրումների համար։

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի ձևերից է էկոնոմիկայի պետական կարգավորումը և ծրագրավորումը։ Պետությունն իրականացնում է հակացիկլային քաղաքականություն (տես Կապիտալիստական ցիկլ)։ Տնտեսությունն անկայուն վիճակից դուրս բերելու նպատակով փորձում է ընթացիկ կարգավորումը լրացնել տնտեսության զարգացման երկարաժամկետ կանխատեսումներով և ծրագրավորմամբ, որն էկոնոմիկայի պետական միջամտության բարձրագույն աստիճանն է։ Կառավարական տնտեսական ծրագրերը, սակայն, դիրեկտիվ բնույթ ունեն միայն պետական սեկտորում, իսկ մասնավոր մոնոպոլիստների համար հանձնարարականներ են։ Ծրագրավորումը որոշակիորեն ազդում է էկոնոմիկայի վրա, փոխում տնտեսության կառուցվածքը, արագացնում արտադրության մոնոպոլիստական հանրայնացման պրոցեսը։ Սակայն կապիտալիզմի պայմաններում էկոնոմիկայի պետական կարգավորումն ու ծրագրավորումը չեն կարող կապիտալիզմը փրկել գերարտադրության տնտեսական ճգնաժամերից, ինֆլյացիայից, գործազրկությունից և այլ երևույթներից (տես «Պլանային կապիտալիզմ»

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմը զարգանում է նաև մոնոպոլիստական կապիտալի արտաքին տնտեսական էքսպանսիայի և նեոգաղութացման ուղղությամբ։ Մոնոպոլիաները պետությունն օգտագործում են իրենց արտաքին տնտեսական էքսպանսիան ֆինանսավորելու և պաշտպանելու համար։ Այդ նպատակին են ծառայում մաքսային քաղաքականությունը, ապրանքներ արտահանող մոնոպոլիաներին հարկային արտոնություններ տալը, արտահանմանն ու արտասահմանյան ներդրումներին կառավարության աջակցությունը և այլն։ «Օգնության» ձևով պետական կապիտալի արտահանումը նեոգաղութացման ուղիներից մեկն է։

Զարգանում է միջազգային պետական մոնոպոլիստական ինտեգրացումը։ Ստեղծվում են իմպերիալիստական պետությունների միջպետական ռեգիոնալ մոնոպոլիստական տնտեսական միավորումներ (տես Քարածխի և․պողպատի եվրոպական միավորում, Եվրոպական տնտեսական համագործակցություն)։ Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, հենվելով պետության վրա, մոնոպոլիաները գործում են նաև միջազգային ասպարեզում՝ ստեղծելով կարտելային համաձայնություններ (տես Միջազգային կարտել

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացմամբ օբյեկտիվորեն նյութական և սոցիալական նախադրյալներ են ստեղծվում սոցիալիստական հասարակարգին անցնելու համար։ Աշխատանքի ու արտադրության հանրայնացումը հասնում է կապիտալիզմի պայմաններում հնարավոր բարձր աստիճանի։ Միաժամանակ, մոնոպոլիստական սեփականության տիրապետության աճը սրում է արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև եղած հակասությունը։ Տեղի է ունենում կապիտալիստական հասարակության երկու հակադիր դասակարգերի բաժանման հետագա խորացում։ Աճում է պրոլետարիատի և բոլոր վարձու աշխատողների, իջնում կապիտալիստական սեփականատերերի, հատկապես՝ արտադրողական կապիտալի ներկայացուցիչների և բուրժուազիայի միջին շերտերի տեսակարար կշիռը։ Կապիտալիստների դասակարգը պառակտվում է, նրանից առանձնանում է տիրապետող պետական մոնոպոլիստական օլիգարխիան (խոշոր սեփականատերեր, մենեջերներ, կառավարման ապարատի բարձր աստիճանավորներ, զինվորական վերնախավ)։ Պետական մոնոպոլիստական սեփականության առաջացումն ու զարգացումը և էկոնոմիկայի կարգավորման գործում պետության տնտեսական դերի աճը բացարձակապես ավելորդ են դարձնում մոնոպոլիստական կապիտալի տերերի կողմից արտադրության ղեկավարումը, ուժեղացնում նրանց պորտաբուծությունը։ Ավելի խիստ է դրսևորվում արտադրողական ուժերի զարգացման անհամատեղելիությունը կապիտալիստական սեփականության, գիտությունն ու տեխնիկան իր շահերին հարմարեցնելու մոնոպոլիստական կապիտալի ձգտման, ռազմական սպառման ընդլայնման, սպառազինությունների մրցավազքի հետ։

Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումն ուղեկցվում է հակադեմոկրատական միտումների, քաղաքական ռեակցիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական զանգվածների կենսամակարդակի և իրավունքների վրա հարձակման ուժեղացմամբ։ Մոնոպոլիստական բուրժուազիան բռնի ճնշում է գործադրում կոմունիստական և բանվորական շարժման նկատմամբ և սոցիալական դեմագոգիայի ուղիով ձգտում պառակտել բանվոր դասակարգին։ Սրվում են հակամարտությունները նաև իմպերիալիստական պետությունների, նրանց և ազատագրված երկրների միջև։ Պրոլետարիատի լայն զանգվածները, կոմունիստական ավանգարդի գլխավորությամբ, համախմբում են գյուղացիության, քաղաքային մանր բուրժուազիայի, մտավորականության զգալի մասը, մոնոպոլիաներին հակադրված սոցիալական մյուս խմբերին և պայքարում պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի ամբողջ համակպրգի դեմ։

Կենսական պատմական անհրաժեշտություն է դառնում սոցիալիստական հեղափոխումթյան ուղիով կապիտալիզմից սոցիպլիզմին անցնելը։

Գրականությում Էնգելս Ֆ․, Անաի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկերի լիակտար ժողովածու, հատոր 27։ Լենին Վ. Ի., Պատերազմ և հեղափոխություն, նույն տեղում, հատոր 32։ Լենին Վ․ Ի, Սպառնացող աղետը և ինչպես պայքարել նրա դեմ, նույն տեղում, հատոր 34։ Լենին Վ․ Ի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, Երկեր, հատոր 31։ ՍՄԿԿ ծրագիրը, Երևան, 1974։ Սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորական պարտիաների ներկայացուցիչների 1957 թ․ նոյեմբերի 14–16-ը Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցության դեկլարացիան, Խաղաղության մանիֆեստ, Երևան, 1957։ Կոմունիստական ու բանվորական պարտիաների ներկայացուցիչների 1960 թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացած խորհրդակցության հայտարարությունը, Երևան, 1960։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությունը։ Մոսկվա, 1969, Երևան, 1969։ Арзуманян А․ А․, Борьба двух систем и мировое развитие, М., 1964; Чепраков В. А., Государственно-монополистический капитализм, М., 1964; Политическая экономия современного монополистического капитализма, т․ 1–2, М., 1970; Буржуазные экономические теории и экономическая политика империалистических стран, М․, 1971․ Վ․ Ներկարարյան

ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, գիտության և տեխնիկայի, գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ստեղծագործական ակնառու նվաճումների հասած անձանց, սոցիալիստական մրցության առաջավորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական