Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության լավագույն դասագրքերի հեղինակներին ու մանկավարժներին խրախուսելու ձև ԽՍՀՄ–ում։ ԽՍՀՄ պետական մրցանակները հիմնադրվել են ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1966 թվականի սեպտեմբեր 9-ի, 1969 թվականի մարտի 26-ի և օգոստոսի 11-ի որոշումներով։ ԽՍՀՄ պետական մրցանակների մասին կանոնադրությունը հաստատվել է ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1967 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ։ ԽՍՀՄ պետական մրցանակները շնորհվել են գիտության բնագավառում խոշոր ներդրում ունեցող գիտական հետազոտությունների, առավել արդյունավետ նյութեր, մեքենաներ և մեխանիզմներ ստեղծելու և ժողովրդական տնտեսության մեջ ներդնելու, բարձր արտադրողական–տեխնոլոգիական պրոցեսների, ժողտնտեսական խոշոր նշանակության առաջավոր արտադրատեխնիկական փորձի ներդրման, ինքնատիպ և խնայողական ճարտարապետական և տեխնիկական կառույցների, պետական և տնտեսական շինարարության, մարքս–լենինյան գիտության մեջ տեսական խոր ուսումնասիրությունների, գրականության և արվեստի առավել բարձր գաղափարական ստեղծագործությունների, արտադրության բնագավառում աշխատավորների ձեռք բերած աննախընթաց հաջողությունների ու փորձի համար։ Նոր խոշոր նվաճումների համար նույն հեղինակին ԽՍՀՄ պետական մրցանակ կարելի էր շնորհել երկրորդ անգամ, սակայն ոչ շուտ, քան նախորդ շնորհումից 5 տարի հետո։ Պետական մրցանակները շնորհվել են ամեն տարի՝ մինչև 50 մրցանակ՝ գիտության ու տեխնիկայի, մինչև 10 մրցանակ՝ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառներում։ 1970 թվականից երեխաներին նվիրված գրականության և արվեստի լավագույն ստեղծագործության համար լրացուցիչ շնորհվել է 1, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և միջնակարգ դպրոցների լավագույն դասագրքերի ստեղծման համար՝ 4 մրցանակ։ 1976 թվականից ԽՍՀՄ պետական մրցանակներ են շնորհվվել նաև սոցիալիստական մրցության առաջավորներին։ ԽՍՀՄ յուրաքանչյուր պետական մրցանակի չափը 5 հազար ռուբլի էր։ ԽՍՀՄ պետական մրցանակներ շնորհելու մասին որոշումներն ընդունում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Լենինյան և պետական մրցանակների կոմիտեները և ուժի մեջ էր մտնում ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հաստատմամբ։ Պետական մրցանակներ շնորհելու մասին որոշումն ու դափնեկիրների ցուցակը հրապարակվում էր մամուլում՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձի օրը։ ԽՍՀՄ պետական մրցանակների արժանացածներին շնորհվում էչ «ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր» կոչումը, հանձնվում էր դիպլոմ և պատվո նշան, որի վրա նշվում էր շնորհման տարեթիվը։ Ստալինյան I, II և III աստիճանի մրցանակների (շնորհվել է 1940–1952 թվականներին) դիպլոմներն ու նշանները փոխարինվել են համապատասխան աստիճանների ԽՍՀՄ պետական մրցանակների դիպլոմներով ու պատվո նշաններով։

Միութենական հանրապետություններում սահմանված են եղել հանրապետական պետական մրցանակներ։ ՀԽՍՀ պետական մրցանակներ սահմանվել են ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակների կանոնադրությունը հաստատվել է 1969 թվականի նոյեմբերի 18-ին, գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներինը՝ 1974 թվականի սեպտեմբերի 9-ին, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների դասագրքերի համար՝ 1972 թվականի փետրվարի 9-ին, սոցիալիստական մրցության առաջավորների համար՝ 1977 թվականի օգոստոսի 8-ին։ ՀԽՍՀ պետական մրցանակների արժանացածներին շնորհվում էր «Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր» կոչումը, հանձնվում էր դիպլոմ և պատվո նշան, որի վրա նշված էր շնորհման տարեթիվը։ ՀԽՍՀ պետական մրցանակները շնորհվել են երկու տարին մեկ անգամ, մինչև 9 մրցանակ գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում, մինչև 16 մրցանակ (8-ը՝ բանվորների, 8-ը կոլտնտեսության առաջավորների համար) սոցիալիստական մրցության բնագավառում, մինչև 2 մրցանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների դասագրքերի համար։ Յուրաքանչյուր մրցանակի չափը 2500 ռուբլի էր։ ՀԽՍՀ–ում, որպես կանոն, նույն անձին երկրորդ անգամ պետական մրցանակ չէր շնորհվում։ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը ՀԽՍՀ պետական մրցանակների շնորհման մասին հրապարակվում էր մամուլում՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձի օրը։

ՊԵՏԱԿԱՆ ՄՈՒԼՔԱԴԱՐԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ, 1828 թվականից հետո Արևելյան Հայաստանում առաջացած գյուղացիների խումբ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Պարսկաստան փախած մուլքադարների (տես Մուլքադարություն) հողային տիրույթները սեփականացնելով, ցարական արքունիքը շարունակել է գյուղացիներից նախկին մուլքի գանձումը։ 1870 թվականի մայիսի 14-ի կանոնադրությունը տարածվել է նաև պետական մուլքադարական գյուղացիների վրա (տես Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870)։ 1894 թվականի և 1903 թվականի կանոններով 1870 թվականի կանոնագրերում գրանցված հողաբաժինները թողնվել են նրանց մշտական օգտագործմանը՝ առանց դրանք ետ վերցնելու կամ տրոհելու իրավունքի։ 1901 թվականից, երբ Անդրկովկասում ծխահարկը փոխարինվել է հողահարկով, կառավարությունը սաստկացրել է նրանց շահագործումը՝ մուլքի հետ գանձելով նաև բահրա։ 1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքով պետական մուլքադարական գյուղացիներին թույլ է տրվել փրկագնել 1870 թվականի կանոնագրերում նշված հողատարածությունները (հետագայում ձեռք բերված պետական հողերի հարցը պետք է լուծվեր հատուկ օրենքով)։ 1888 թվականին պետական մուլքադարական գյուղացիներ կային Երևանի նահանգի 88 գյուղերում (Երևանի գավառում՝ 24, Էջմիածնի գավառում՝ 16, Սուրմալուի գավառում՝ 19, Շարուր–Դարալագյազի գավառում՝ 6, Նախիջևանի գավառում՝ 23։ Կարսի մարզում և Լոռիում չկային այդպիսի գյուղեր)։ Ա․ Համբարյան

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ, վարկային գործառնություններից առաջացած պետության պարտքի գումարը։ Ըստ փոխառությունների տարաբաշխման ոլորտի լինում է ներքին և արտաքին, իսկ ըստ մարման ժամկետի՝ կապիտալ (վճարման ժամկետը չլրացած) և ընթացիկ (վճարման ժամկետը տվյալ բյուջետային տարում լրացած)։ Պետական պարտքը կապիտալիստական երկրներում առաջանում է պետական փոխառությունների պարբերաբար թողարկման և պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով վարկային ռեսուրսներ ներգրավելու հետևանքով։ Այն օբյեկտիվորեն անհրաժեշտ է նաև բուրժուական պետությունը պահպանելու համար։ Հատկապես մեծ չափերի է հասնում իմպերիալիզմի փուլում։ Բուրժուական մի շարք պետություններում պետական պարտքի գումարը հաճախ գերազանցում է ազգային եկամտի չափը։ Պետական պարտքը և դրա տոկոսը մարվում են պետական բյուջեի հաշվին՝ պետական արժեթղթերի ետգնման ուղիով։

Սոցիալիստական երկրներում պետական պարտքը պայմանավորված է բնակչության դրամական ռեսուրսների ներգրավման համար փոխառությունների օգտագործմամբ, որի նպատակը ընդլայնված վերարտադրության ապահովումն ու ժողովրդի բարեկեցության բարձրացումն է։ ԽՍՀՄ–ում այն կապված է պետական վարկի հետ, ներառում է պետության պարտքը բնակչությանը, պետական և կոոպերատիվ առանձին ձեռնարկություններին ու կազմակերպություններին, որոնց միջոցները փոխառությունների ձևով ներգրավվել են պետական բյուջե։

ՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, հանրապետության պլանային բարձրագույն մարմինը, որը կուսակցության առաջադրած խնդիրների հիման վրա մշակում է տնտեսական ու սոցիալական և հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունների, զարգացման հնգամյա ու տարեկան պլանների նախագծերը, վերահսկում պլանների կատարման ընթացքը։ ԽՍՀՄ պլանային մարմինների միասնական համակարգի օղակներից է, աշխատանքի հիմքում սոցիալիստական պլանավորման լենինյան սկզբունքներն ու կազմակերպման ձևերն են։

ՀԽՍՀ ժողտնտեսության պլանային կազմակերպման խնդիրն առաջադրվել է դեռևս մինչև Պետպլանի ստեղծումը, Հայաստանի հեղկոմի՝ ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհուրդ (ԺՏԲԽ) կազմելու մասին դիրեկտիվում, ուր վերջինիս պարտավորեցվում էր «մշակել ժողովրդական տնտեսությունը կարգավորելու ընդհանուր ծրագիրը»։ Այդ աշխատանքը 1921 թվականից գլխավորել է ժողկոմխորհին առընթեր Տնտեսական խորհրդակցությունը։ Հայաստանի Կենտգործկոմի 1924 թվականի հոկտեմբերի 22-ի դեկրետով ստեղծվել է Պետական պլանային հանձնաժողով (ՀԽՍՀ Պետպլանի առաջին նախագահ նշանակվեց Հ․ Պողոսյանը, տեղակալներ՝ Ա․ Քարամյանն ու Ա․ Թամանյանը), իսկ նոյեմբերի 15-ին Տնտեսական խորհրդակցությունը հաստատել է նրա կանոնադրությունը՝ կառուցվածքը, խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները։ Սկզբնական տարիներին Պետպլանն առավելապես զբաղվում էր հանրապետության էկոնոմիկայի առանձին պրոբլեմների ուսումնասիրությամբ և մշակմամբ, հետագայում պլանավորման հիմնական ձև դարձան հնգամյա պլանները։ Պլանների մշակմանը, իրենց գործունեության սահմաններում,