Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձևերով, արտահայտել մասսաների հեղափոխական պայքարն ու աշխատանքային սխրանքը (Վ․ Մայակովսկի, «Լենին», «Լա՜վ է», Ա․ Տվարդովսկի, «Վասիլի Տյորկին», Ե․ Չարենց, «Ամբոխները խելագարված», «Ամենապոեմ», Ն․ Զարյան, «Ռուշանի քարափը» ևն)։ Հայ սովետական բանաստեղծները գրել են նաև մեր ժողովրդի անցյալի թեմաներով (Պ․ Սևակ, «Եռաձայն պատարագ»)։ Հայ սովետական պոեզիայում խոհափիլ․ Պ–ի օրինակ է Հ․ Շիրազի «Բիբլիականը»։ Պ․, որպես սինթետիկ, քնարավիպերգական և մոնումենտալ ժանր, հնարավորություն է ընձեռում գեղարվեստորեն մարմնավորելու արդիականության բարդ հոգեվիճակներ ու երևույթներ (Թ․ էլիոթ, «Դատարկ մարդիկ», Պ․ էլյուար, «Անընդմեջ պոեզիա» ևն)։

Գրկ․ Гегель Г․, Эстетика, т․ 3, М․, 1971; Веселовский А․ Н․, Историческая поэтика, Л․, 1940․

ՊՈԵՄ երաժշտության մե', քնարադրամատիկական կամ քնարապատմողական բնույթի միամաս պիես, որին հատուկ է հուզական հագեցվածությունը, անբռնազբոս ծավալումը, ձևի ազատությունը։ Գործիքային Պ–ները սովորաբար գրվում են դաշնամուրի (Ա․ Սկրյաբին, Ա․ Խաչատրյան, Ա․ Բաբաջանյան), որևէ այլ նվագարանի համար՝ դաշնամուրի կամ նվագախմբի նվագակցությամբ (Զ․ Ֆիբիխի Պ․, Ա․ Խաչատրյանի «Երգ–պոեմ»-ը ջութակի և դաշնամուրի համար, է․ Շոսսոնի Պ․ ջութակի և նվագախմբի համար ևն)։ Այդպիսի պիեսներին երբեմն տրվում են գաղափարը կամ բնույթը պարզաբանող ենթավերնագրեր (Սկրյաբինի «Հրո պոեմ» են)։ Նվագախմբային Պ–ները հաճախ ունենում են հայտարարված գրական ծրագիր։ Ծրագրային սիմֆոնիկ Պ–ի ժանրի հիմնադիրն է Ֆ․ Լիաոը, որն իր «Տասսո», «Պրելյուդներ», «Մագեպա», «Օրփեոս» և այլ Պ–ներում միահյուսել է երաժշտ․ ձևի զարգացման և սյուժետային–գաղափարական բովանդակության պահանջները, կիրառել միաթեմայնության սկզբունքը։ Ծրագրային սիմֆոնիկ Պ–ներ են գրել նաև Ս․ Ֆրանկը («Ջիներ»՝ դաշնամուրի մենանվագով), Կ․ Սեն Սանսը, Ռ․ Շտրաուսը («Դոն ժուան», «Տիլ Ուլենշպիգել» ևն), Ա․ Սկրյաբինը, Բ․ Սմետանան, 6ա․ Սիբելիուսը և ուրիշներ։ Լինում են նաև վոկալ, խմբերգային, վոկալ–գործիքային Պ–ներ (Դ․ Շոստակովիչի «10 պոեմ երգչախմբի համար», Ա․ Խաչատրյանի «Վոկալ–սիմֆոնիկ պոեմը» ևն)։ Ա. Բուղաղյան

ՊՈԵՏԻԿԱ (< հուն․ rtouiTiXTi – ստեղծագործելու արվեստ, բանաստեղծական արվեստ), գրականագիտության և արվեաոագիտության ճյուղերից։ Անցյալում և ներկայումս «Պ․» տերմինի մեջ դրվել են տարբեր իմաստներ։ Անտիկ աշխարհում Պ․ ասելով հասկանում էին գեղարվեստական գրականության (կամ, ինչպես այն ժամանակ ընդունված էր՝ պոեզիայի) գիտ․ ըմբռնման ամբողջական տեսությունը։ Այսպես» գրական տարբեր տեսակների քննությանը նվիրված իր աշխատությունը Արիստոտելը կոչել է «Պոետիկա» (կամ «Պոեզիայի արվեստի մասին»)։ Նոր ժամանակներում ևս Պ․ հաճախ նույնացվել է գրականության տեսական քննության հետ ընդհանրապես, և գրականության աեսության գրքերը ուղղակի կոչվել են «Պոետիկա»։ Սակայն ժամանակակից գիտության մեջ Պ․ սովորաբար համարվում է հատկապես այն բաժինը, որն զբաղվում է արվեստի և գրականության երկերի գեղարվեստական յուրահատկության ուսումնասիրությամբ։ Պ–ի հարցերի շրջանակի մեջ մտցվում են երկերի կառուցվածքը, պատկերավորությունն ու արտահայտչամիջոցները, ժանրային, տաղաչափական և մյուս առանձնահատկությունները։ «Պ․» տերմինը հաճախ կիրառվում է նաև որևէ գեղարվեստական ուղղության, հոսանքի կամ առանձին հեղինակների ստեղծագործության առանձնահատուկ գծերը ցույց տալու համար։ Օրինակ, կարելի է խոսել կլասիցիզմի, ռոմանտիզմի կամ սիմվոլիզմի, քննադատական ռեալիզմի կամ սոցիալիստական ռեալիզմի (որպես գեղարվեստական որոշակի համակարգերի) Պ–ի մասին։ Կարող է քննության նյութ դառնալ նաև առանձին արվեստագետների (ասենք՝ Խ․ Աբովյանի կամ Կոմիտասի, Ե․ Չարենցի կամ Մ․ Սարյանի) Պ․, այսինքն՝ նրանց ստեղծագործության գեղարվեստական յուրահատկությունների ամբողջությունը։

Գրկ․ Հովհաննիսյան Հ․ Վ․, Բեմական խոսքի պոետիկան, Ե․, 1973։ Ջրբաշյան է․, Պոետիկայի հարցեր, Ե․, 1976։ է․ Ջրբաշյան

ՊՈԶ ԱՐՄՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Քանկալի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 30 տուն (250 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։

Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներ ապաստանել են տարբեր երկրներում։

ՊՈԶԱՃՅԱՆ Հակոբոս (6․8․1808, Անկարա, Թուրքիա –1․10․1883, Վիեննա), հայ բառարանագիր։ Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (1855-ից)։ Երկար տարիներ դասավանդել է միաբանության դպրոցում։ Միաբանությանը կից հիմնել է (Ա․ Ազատյանի և այլոց հետ) Արամյան ընկերությունը (1843–1920), որի նպատակն էր հրատարակել գեղարվեստական, հայ ագիտական–բ տնասիրական և թարգմանական գրականություն։ Պ․ դպրոցներ է հիմնել Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Տրիեստում և այլուր։ 1836-ին լույս է տեսել նրա «Քերականութիւն իտալական լեզվուի» աշխատությունը, ապա հրատարակվել են «Համառոտ բառարան ի հայէ ի տաճիկ»-ը (1838, 25000 բառ) և «Համառոտ բառարան ի տաճկականէ ի հայ»-ը (1841, 45000 բառ), որոնք Վիեննայի Մխիթարյանների բառարանային առաջին գործերն են։ Բառարաններում տաճկերենը հայատառ է։ Պ․ գրել է նաև թուրք․-հայերեն–իտալ․-լատ․-ֆրանս գերմ․ բազմալեզվյան թարգմանական մի բառարան, որն անտիպ է։ Խ․ Կարաղեսան

ՊՈԶԱՊԱԼՅԱՆ Լուիզ (ծն․ 1936, Սարսել), հայ երգչուհի (սոպրանո)։ Երգել սկսել է «Գուսան» երգչախմբում (Բեյրութ)։ Կատարելագործվել է Միլանում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է։ 1966-ից՝ Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Նյու Չորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, Մոնրեալում․ Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Մյունխենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Մոսկվայում, Երեանում։ Դերերգերից են՝ Դոննա Աննա (Մոցարտի «Դոն ժուան»), Դեզդեմոնա, Լեոնորա, Ալիս (Վերդիի «Օթելլո»․ «Տրուբադուր», «Ֆալստաֆ»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Միմի (Պուչչինիի «Բոհեմա») են։ Կատարել է սոպրանոյի երգամասեր վոկալ–սիմֆոնիկ երկերում (Բախի h-moll մեսսա, Մոցարտի «Ռ–եքվիեմ», Բեթհովենի IX սիմֆոնիա, Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» ևն)։ Հանդես է գալիս նաև որպես կամերային երգչուհի (Կոմիտաս, Մ․ Եկմալյան, Բ․ Կանաչյան, Գ․ Ալեմշահ ևն)։ Ց․Բրոսոյան․

ՊՈԶԻՏԻՎ (< լատ․ positivus– դրական), կինոտեխնիկայում և լուսանկարչության մեջ, լուսանկարչական պատկեր, որում լույսի պայծառությունը, իսկ գունավոր Պ–ում նաև գույների հարաբերական բաշխումը համապատասխանում է լուսանկարված առարկայի վրա նրա բաշխմանը (տես նաև Նեգատիվ)։ Պոզիտիվային պատկերներն ստանում են անթափանց (թուղթ, հախճապակի, մետաղ ևն) կամ թափանցիկ (ապակի, ժապավեն են) աստառանյութի վրա նստեցված լուսազգայուն թաղանթներում։ Պ–ի որակը գնահատվում է նրա սևացած մասերի օպտիկական խտությամբ, շղարշաշերտի մգությամբ, գույների հարաբերական պայծառությամբ, առարկայի իրական գույների հետ նրանց համապատասխանությամբ։ Պ–ի ստացումը՝ պոզիտիվային պրոցեսը, ներառնում է պոզիտիվային ժապավենի (թղթի, թիթեղի) լուսակայումը (տպագրություն) և նրա հետագա քիմ․ վերամշակումը (հայտածում, ամրացում, լվացում ևն)։ Տպագրությունն իրականացնում են հպատպման և հեռատպման (պրոյեկցիոն) եղանակներով։ Առաջին դեպքում պոզիտիվային լուսազգայուն թաղանթը հպում են նեգատիվի էմուլսիոն շերտին, երկրորդ դեպքում՝ նեգատիվային պատկերը պրոյեկտում են պոզիտիվային թաղանթի վրա օպտիկական խոշորացնող սարքի օգնությամբ։ Տպագրելիս նեգատիվով անցնող լույսն ընկնում է պոզիտիվային թաղանթի վրա՝ լուսակայում, որի տևողությունը պայմանավորված է նեգատիվի օպտիկական խտությամբ, լույսի պայծառությամբ, թաղանթի լուսազգայնությամբ և որոշվում է փորձով։ Գունավոր Պ–ներ ստացվում են բազմաշերտ գունավոր պոզիտիվային թաղանթներ և գունավոր նեգատիվներ օգտագործելով (տես Գունավոր չուսանկարչություն)։ Վերջին 30 տարիներին լայն տարածում են գտել դարձելի լուսազգայուն թաղանթները, որոնց քիմ․ վերամշակ–