Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր» (1889), «Բդդեր» (1890), «Հունոն» (1901) վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ» (1903), «Գյուղական խանութպան» (1889), «Բուլի–բուլի» (1893), «Տատ Բարբարեի վերջին առակը» (1899), «Հինգերորդ գինագիժը» (1901), «Վարդի յուղը մահադեղ» (1901) և այլ պատմվածքներում Պ․ տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ «Երեկ և այսօր» հանգույցի մեջ առնելով ժամանակների բախումը՝ գրողը որոշակիորեն նշմարել է «հին հիմքերի» խորտակման արտասովոր հետևանքները։ «Տասն և իններորդ դարի երկրորդ կիսաշրջանը,–գրում է Պ․,–մի ընդհանրական չտեսնված հեղափոխություն կատարեց ռուսահայոցս կյանքի մեջ, մի վերափոխական տակնուվրայություն, որ դժվար թե աշխարհի ստեղծագործությունից մինչե օրս որևէ դար սորա մի հարյուրերորդական մասն կատարած լինի» (Երկ․, հ․ 4, 1963, էջ 206)։ Այս իրողությունը սրել է գրողի ուշադրությունը իր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, և նա ռեալիստորեն պատկերել է գյուղացիության աղքատացումն ու ունեզրկումը, դրամի հերոսների վայրենի շահատակումները, եկեղեցական դասի այլասերումը, պետ. պաշտոնյաների բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, օրենքի չարաշահումը, և այս ամենի հետ՝ գյուղացու ընդվզումն ու բողոքը, հուսահատությունն ու երկյուղը վերահաս սոցիալական աղետների հանդեպ։
Իր աշխարհայացքով Պ․ գյուղացիական դեմոկրատ էր։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Պ–ի ստեղծագործությունը մի համակ եղերերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։
Իրենց գաղափարական ու գեղարվեստական հարցադրումներով Պ–ի ստեղծագործության մեջ մի ուրույն երանգ ունեն «Կռվածաղիկ» (1878), «Շահեն» (1883), «Սկիզբն երկանց» (1892) վեպերը։ Արտացոլելով XVIII դ․ վերջի և XIX դ․ սկզբի հայ իրականության ողբերգական սարսափները պարսկ․ և թուրք, տիրապետության պայմաններում Պ․ փորձել է պատմ․ ետադարձ հայացքով վերստուգել հայ ազգային–ազատագրական շարժման գաղափարական հայեցությունները։ Ներկայացնելով իր գաղափարատիպ երին՝ նա ակներևորեն ներքուստ բանավեճի է բռնվել հայկական ռոմանտիզմի և «ազգային հեղափոխականների» ազատագրական ըմբռնումների հետ՝ առաջադրելով «ինքնաճանաչության և ինքնապաշտպանության» մի ծրագիր, որի իրագործման միջոցներն էին «կրթությունը և զենքը»։
Պ–ի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»-ը (1894), որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 40–50-ական թթ․ ազգ. մտավորականության գաղափարական որոնումների, գրական–լուսավորական խմորումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։
Պ–ի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատումհոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ․ Դիքենսի «Գավիթ Կոպպերֆիլդ»-ը, Լ․ Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»-ը, Լ․ Օժեշկոյի «Ցասի արկածները» և այլ գրողների ստեղծագործություններ։
Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պ․ խոշոր ավանդ է ներդրել ազգ․ ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ» և ներկայացնելով «գյուղական տիպերի մի ամբողջ ալբոմ» (Թումանյան Հ․, Երկ․ ժող․, հ․ 4, 1951, էջ 437–438)՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պ–ի վեպերը հսկայական նյութ են տալիս XIX դ․ հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։
Երևանում և այլուր կան Պ–ի անվան փողոց, դպրոց, Աշտարակի շրջանում՝ սովետական տնտեսություն, Աշտարակում՝ տուն–թանգարան։
Երկ․Եբկ․ ժող․, հ․ 1 – 7, Ե․, 1962 – 64։ Երկ․ ժող․, հ․ 1-3, Ե․, 1974-79։
Գրկ․ Նալբանդյան Մ․, Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»։ Երկ լիակա․ ժող․, հ․ 4, Ե․, 1982։ Ղանալանյան Ա․, Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը, Ե․, 1938։ Տերաերյան Ա․, Պերճ Պռոշյան, Ե․, 1955։ Բաբայան Ա․, Պերճ Պռոշյան, Ե․, 1962։ Մանուկյան Ս․, Պերճ Պռոշյան, Ե․, 1964։ Գեորգյան Դ․ Վ․, Պերճ Պռոշյան։ Կյանքի և գործունեության տարեգրություն, Մատենագիտություն, Ե․, 1981։ Ս․ Սարինյան
ՊՌՈՇՅԱՆ Պռոշ Պերճի (1883, Աշտարակ– 16․12․1918, Մոսկվա), հայազգի ռուս․ քաղ․ գործիչ։ Պերճ Պռոշյանի որդին։ Նովոռոսիայի համալսարանում (Օդեսա) սովորելիս մտել է էսէռական կուսակցության մեջ։ 1905-ին քաղ․ բանտարկյալներին ազատագրելու փորձին մասնակցելու համար դատապարտվել է վեցամյա տաժանակրության Արևմտյան Աիբիրում։ Աքսորավայրից փախել է, բռնվելն 1913–ին կրկին աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է արտասահման։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) ինտերնացիոնալիստական պրոպագանդա է տարել։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան, հարել էսէռական կուսակցության ձախ թևին։ Պայքարել է ընդդեմ էսէռական ԿԿ–ի պաշտպանողական դիրքորոշման, որի համար 1917-ին երկու անգամ վտարվել է կուսակցությունից։ Հանդես է եկել բոլշևիկների հետ միության օգտին, մասնակցել Պետրոգրադի Հոկտեմբերյան զինված ապստամբությանը։ Սովետների համառուսաստանյան II համագումարում ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ–ի անդամ։ Պ․ ձախ ԷսԷռներ կուսակցության ստեղծողներից էր, այդ կուսակցության ԿԿ–ի անդամ։ 1917-ի դեկտեմբերին մտել է ԺԿԽ–ի կազմ (եղել է փոստ–հեռագրատան– ժողկոմ)։ Որպես Բրեստի հաշտության (տես Բրեստի հաշտություն 1918) հակառակորդ, 1918-ի մարտին մյուս ձախ էսէռների հետ դուրս է եկել ԺԿԻյ–ից։ Եղել է ձախէսէռական խռովության (տես Ձախէսէռական խռովություն 1918) ղեկավարներից, որի ճնշումից հետո անցել է ընդհատակ։ 1918-ի նոյեմբ․ 27-ին հեղափոխական տրիբունալի կողմից, հեռակա կարգով, դատապարտվել է 3 տարվա բանտարկության։ Մահացել է տիֆից։ Վ․ Ի․ Լենինը «Ընկ․ Պռոշյանի հիշատակին» հոդվածում տվել է Պ–ի բնութագիրը (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 37)։
ՊՌՈՇՅԱՆ, ավան ՀՍՍՀ Նաիրիի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հվ–արմ․։ Պ–ի տարածքով է անցնում Մասիս–Նուռնուս երկաթուղին։ Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ավանում են գտնվում «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումը և «Հայպետհողշիննախագիծ» ինստ–ի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։
ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, ստեղծվել է Աշտարակում, 1948-ին, Պերճ Պռոշյանի