Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ–ի ստեղծագործությունը, սկսած XIX դ․ 20-ական թթ․, եղել է և շարունակում է մնալ ռուս գրականագիտության ուշադրության կենտրոնում։ Պուշկինագիտությունը ռուս գրականագիտության ամենալայն ճյուղն է և իր զարգացման բոլոր փուլերում կապվել է ազգ․ գրականության պատմության և տեսության կարևորագույն հանգուցային հարցերի հետ։ Պ–ի գնահատման գործում մեծ է հատկապես Վ․ Բելինսկու դերը, որն իր հոդվածներով դրել է նրա ստեղծագործության առավել խոր և ճշմարիտ ըմբռնման հիմքերը։ Պուշկինյան ժառանգության մեկնաբանությունը անընդհատ շարունակվող և խորացող գործ է, որովհետև, ինչպես գրել է Բելինսկին․ «Պ․ պատկանում է հավիտյան ապրող և շարժվող երևույթների թվին, որոնք կանգ չեն առնում այն կետում, որտեղ վրա է հասել մահը, այլ շարունակում են զարգանալ հասարակության գիտակցության մեջ» (Белинский В․ Г․, Поли․ собр․ соч․, т․ 5, 1954, с․ 555)։

Մեծ է Պ–ի դերը նաև Սովետական Միության ժողովուրդների գրականության և մշակույթի զարգացման մեջ։ Մահից քիչ առաջ գրած «Հուշարձան» բանաստեղծության «Համբավն իմ Ռուսիայում անծայրածիր կտարածվի, Ինձ կհիշի ամեն լեզու այնտեղ ապրող,․․․» մարգարեական կանխատեսումը ժամանակի ընթացքում լիովին իրականացավ։

Պ–ի կապերը հայ իրականության հետ բազմազան են և խոր։ 1829-ին նա եղել է Հայաստանում, որի մասին մանրամասն պատմել է «ճանապարհորդություն դեպի Արզրում» (1835, հայ․ հրտ․ 1937) գրքում։ Նրա երկերը հայ ընթերցողին հասել են դեռևս բանաստեղծի կենդանության ժամանակ, իսկ 1830-ական թթ․ Մկրտիչ էմինը թարգմանել է «Բախչիսարայի շատրվանը» և «Կովկասի գերին» պոեմները (մնացել են անտիպ)։ Հ․ Համազասպյանի կազմած «Թարգմանութիւնք արձակ և ոտանավոր ի ռուսաց լեզուէ ի հայ բարբառ» գրքում, որ լույս է տեսել Մոսկվայում, 1843-ին, տեղ է գտել Պ–ի տասը բանաստեղծություն։ 1850-ական թթ․ և հաջորդ տասնամյակներում նրա երկերից թարգմանել են Մ․ Նալբանդյանը, Ռ․ Պատկանյանը, Ս․ Շահազիզը, Ղ․ Աղայանը, Գ․ Բարխուդարյանը, Հ․ Հովհաննիսյանը, Ա․ Ծատուրյանը, Ա․ խնկոյանը և ուրիշներ։ Նրանց երկերում տարբեր ձևերով արտահայտվել է Պ–ի ստեղծագործական ազդեցությունը։ Սակայն նրա ռեալիստական արվեստի և ժողովրդայնության ամբողջական և խոր յուրացման փուլը կապվում է Հ․ Թումանյանի տնվան հետ, որը, իր իսկ վկայությամբ, օգտագործել է Պ–ի և Լերմոնտովի ստեղծագործական փորձը իր պոեմների մտահղացման ու կերտման ժամանակ։ Պ–ի մի քանի գործերի թումանյանական թարգմանությունները («Օլեգի երգը», «Ջրահեղձը», «Ձմեռվա իրիկունը» ևն) բնագրի ոգին և ոճը, պատկերների համակարգը ռեալիստորեն վերարտադրելու օրինակ են։ Թումանյանը ասել է․ «Ռուս բանաստեղծներից ամենամեծը Պուշկինն է․ Եվրոպայում նման մեծ բանաստեղծ չկա» («Ա․ Պուշկինին՝ նրա ողբերգական մահվան հարյուրամյակի առթիվ», 1937, էջ 262)։ Ետհոկտեմբերյան շրջանում Պ–ի ստեղծագործությունը թարգմանելու և պրոպագանդելու գործում նշանակալի դեր են խաղացել Ե․ Չարենցը, Ա․ Իսահակյանը, Ն․ Զարյանը և ուրիշներ։ «էպիքական լուսաբաց» գրքում Չարենցը ձգտել է ստեղծագործաբար յուրացնել ռուս մեծ բանաստեղծի ժառանգությունը՝ նոր իրականության պատկերման համար։ Պ–ին նա անվանել է «համաշխարհային գրականության բանաստեղծական արեգակ» (Չ ա ր և ն ց Ե․, Երկ․ ժող․, հ․ 6, 1967, էջ 352), «պոետներից ամենապայծառն ու վսեմը» («Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», 1961, էջ 262)։

Հայերեն թարգմանվել են Պ–ի գրեթե բոլոր գեղարվեստական երկերը (հաճախ մի քանի թարգմանությամբ), հայ գրականագետները նրան նվիրել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հոդվածներ։ Պուշկինյան թեմաներով նկարներ են ըստեղծել Հ․ Այվազովսկին, Վ․ Սուրենյանցը, Մ․ Սարյանը։ Երևանում և ՀՍՍՀ այլ բնակավայրերում կան Պ–ի անունը կրող դպրոցներ, փողոցներ, պուրակներ, գյուղ (Պուշկինո, Ստեփանավանի շրջանում), լեռնանցք (Բազումի լեռնաշղթայում), որտեղ Պ․ հանդիպել է Ա․ Գրիբոյեդովի դիակը տանող սայլին։ Պ–ի երկերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Պ–ի անվան թանգարաններ և Պ–ի հուշա– թ անգար աններ կան Պուշկին, Լենինգրադ, Մոսկվա, Քիշնև, Օդեսա և այլ քաղաքներում։

Երկ․ Соч․, т․ 1–7, СПБ, 1855–57; Поли, собр․ соч․, т․ 1 – 17, М․–Л․, 1937–59; Поли, собр․ соч․, т․ 1–10, 4 изд․, Л․, 1977–79; Пушкин-критик, М․, 1950․ Երկ․, հ․ 1 – 5, Ե․, 1954-60։ Ընտ․ երկ․, հ․ 1-2, Ե․, 1937-40։

Գրկ․ Լիսիցյան Ս․, Պուշկին։ Նրա կյանքն ու գործունեությունը, Թ․, 1899։ Ա․Պուշկինին՝ նրա ողբերգական մահվան հարյուրամյակի առթիվ, հոդվածներ և նյութեր, Ե․, 1937։ Թերգիբաշյան Վ․, Պուշկին և Արևելք, Ե․, 1937։ Տերաերյան Ա․, Պուշկինը հայ գրականության մեջ, «Գիտ․ աշխատ․ ԵՊՀ», հ․ 10, 1939։ Հ ովհաննիսյան Ռ․, Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին, Ե․, 1949։ Այվազյան Ղ․, Ա․ Ս․ Պուշկինը և հայ գրականությունը, Ե․, 1949։ Ջրբաշյան է․, Հովհ․ Թումանյանը և Պուշկինը, «Գիտ․ աշխատ․ ԵՊՀ», հ․ 57, մաս 1, 1956։ Նույնի, Եղիշե Չարենցը և Պուշկինի ժառանգությունը, տես նրա «Պոետիկայի հարցեր» գրքում, Ե․, 1976։ Պուշկինին՝ հայ բանաստեղծներից (ժող․, կազմ․ Գ․ Հովնան), Ե․, 1974։ Белинский В․ Г․, Сочинения Александра Пушкина, Полн․ собр․ соч․, т․ 7, М․, 1955; Горький М․, О Пушкине, М․–Л․, 1937; Благой Д․ Д․, Творческий путь Пушкина (1813 – 1826), М․–Л,, 1950; Նույնի, Творческий путь Пушкина (1826– 1830), М․, 1967; Томашевский Б․В․, Пушкин, кн․ 1–2, М․–Л․, 1956–1961; Гуковский Г․ А․, Пушкин и проблемы реалистического стиля, М․, 1957; Ն ու յ ն ի, Пушкин и русские романтики, М․, 1965; Мейлах Б․ С․, Пушкин и его эпоха, М․, 1958; Пушкин․ Итоги и проблемы изучения, М․–Л․, 1966; Алексеев М․ П․, Пушкин․ Сравнительно-исторические исследования, Л․, 1972; А․ С․ Пушкин в воспоминаниях современников, т․ 1–2, М․, 1974; Пушкин и литература народов Советского Союза, Е․, 1975; Черейский Л․ А․, Пушкин и его окружение, Л․, 1976; Жирмунский В․ М․, Байрон и Пушкин, 2 изд․, Л․, 1978; Бонди С․М․, О Пушкине, М․, 1978; Добровольский Л․ М․ и Лавров В․ М․, Библиография Пушкинской библиографии, 1846–1950, М․–Л․, 1951․

է․ Ջրբաշյան

ՊՈՒՇԿԻՆ (1728–1918-ը՝ Ցարսկոյե Սելո, մինչև 1937-ը՝ Դետսկոյե Սելո, Ա․ Ս․ Պուշկինի մահվան 100-ամյակի կապակցությամբ կոչվել է նրա անունով), քաղաք (1808-ից) Լենինգրադի մարզում։ Ենթարկվում է Լենինգրադի քաղսովետին։ 89 հզ․ բն․ (1980)։ Ունի երկաթուղային կայարան։ Կա մեքենաշինություն, խաղալիքների ֆաբրիկա։ Հիմնադրվել է 1708-ին, որպես ռուս, թագավորների արտաքաղաքային նստավայր։ 1811-ին այստեղ բացվել է լիցեյը, որտեղ 1811 –17-ին սովորել է Ա․ Ս․ Պուշկինը։

Պ․ ունի կանոնավոր հատակագիծ (մոտ 1780, ճարտ․ Չ․ Կամերոն)։ Քաղաքում է ՍՍՀՄ խոշորագույն պալատապուրակային անսամբլը (XVIII –XIX դդ․)։ Համալիրի ճարտ․ դոմինանտը Մեծ (Եկաաերինյան) պալատն է (1717–23-ին կառուցվել է ոչ մեծ քարե պալատ, որը 1743–48-ին ընդլայնվել և վերակառուցվել է, ճարտ–ներ՝ Ա․ Վ․ Կվասով, Ս․ Ի․ Չևակինսկի)։ 1752–57-ին պալատը վերակառուցվել է (ճարտ․ Վ․ Վ․ Ռաստրելի) ռուս, բարոկկոյին բնորոշ հանդիսավոր ու շքեղ ձևերով, ճակատների ու ինտերիերների ճոխ ու հարուստ հարդարանքով։ 1780– 1790-ական թթ․ պալատի ձախ կողմից կցակառուցվել են «Ագաթե սենյակների», «Կախովի այգու» և Կամերոնի սյունասրահի (բոլորն էլ՝ ճարտ․ Չ․ Կամերոն) համալիրը և Զուբովի կողաշենքը (ճարտ․ Ցոլ․ Մ․ Ֆելտենի նախագծով), աջ կողմից՝ Եկեղեցական կողաշենքը և Լիցեյի մասնաշենքը (երկուսն էլ՝ ճարտ․ Ի․ Վ․ Նեելով, մասամբ վերակառուցվել են 1811-ին, ճարտ․ Վ․ Պ․ Ստասով), փոփոխվել մի շարք սենյակների հարդարանքը (բոլորն էլ՝ կլասիցիզմի ոճով)։ 1720–1860-ական թթ․ ստեղծվել են Պ–ի պուրակները (այժմ՝ 600 հա տարածությամբ)։ Եկատերինյան և Ալեքսանդրյան պուրակները, որ բաղկացած են կանոնավոր (1720–21) և բնապատկերային (1771–80) մասերից, ընդգրկում են՝ Ալեքսանդրյան պալատը (1792–96, ճարտ․ Ջ․ Կվարենգի), բազմաթիվ տաղավարներ (այդ թվում՝ էրմիտաժը, 1743–54, ճարտ–ներ՝ Մ․ Գ․ Զեմցով, Վ․ Վ․ Ռասարելլի և ուրիշներ), դեկորատիվ կառույցներ (ավերակներ, զրուցարաններ, կասկադներ), հուշարձաններ, իտալացի վարպետների քանդակներ, լճակներ, արհեստական ջրանցքներ։

Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ավերված անսամբլը գրեթե ամբողջովին վերականգնվել է (բացառությամբ Մեծ պալատի ինտերիերների մի մասի, վերականգնման նախագծի հեղինակներ՝ Ն․ վ․ Բարանով, Ա․ Ա․ Կեդրինսկի, Ն․ Ե․ Տումանովա և ուրիշներ)։

ՊՈՒՇԿԻՆԻ ԼԵՌՆԱՆՑ (նախկինում՝ Բզովդալի լեռնանցք), գտնվում է Հայկական ՍՍՀ–ում, Բազումի լեռնաշղթայի արլ․ մասում։ Բարձրությունը 2038 մ է։ Պ․ լ–ի տակ կառուցված ավտոխճուղային թունելով (երկարությունը 1830 Վ) Փամբակի հովիտը կապվում է Լոռվա դաշտի հետ։