Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի պաամ․ անհատներն ու նրանց արարքները։

Պսկովյան աքսորում է Պ․ իմացել Դեկտեմբերյան ապստամբության մասին, ծանր վերապրել նրա հինգ ղեկավարների մահապատժի և հարյուրավոր մասնակիցների աքսորի լուրը։ Չնայած ուժեղացող ռեակցիային, նա հավատարիմ է մնացել ազատասիրական գաղափարներին, որի լավագույն վկայությունն են աքսորված ընկերներին ձոնված չափածո ուղերձը՝ «Ի Սիբիր» (1827) և այլ երկեր։ 1827-ին Պ․ իրավունք է ստացել նորից բնակվելու Պետերբուրգում։ Նիկոլայ I-ը և նրա պաշտոնյաները շատ աշխատեցին «վնասազերծել» բանաստեղծի ազատասեր քնարը, բայց ապարդյուն․ Պ–ի կոնֆլիկտը ցարական արքունիքի և արիստոկրատական վերնախավի հետ ժամանակի ընթացքում գնալով խորացավ։

1820-ական թթ․ 2-րդ կեսին և 30-ական թթ․ Պ–ի ստեղծագործական հանճարը հասավ հասունության բարձրագույն աստիճանի, կերտվեցին թեմատիկայով, ոճով ու ժանրային կազմով բազմազան երկեր։ Նա ռեալիզմի դիրքերից վերամշակեց Արևելքի և Արևմուտքի գրականության շատ թեմաներ, սյուժեներ և կերպարներ, վերակառուցեց և նորովի իմաստավորեց դասական գրական ժանրերը (էլեգիա, օդա, հիմն, բալլադ, պոեմ, չափածո վեպ, պատմվածք և վիպակ, ողբերգություն ևն)։ 1830-ի աշնանը Պ․ ապրել է բուռն ստեղծագործական վերելք, երբ եղել է Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում («բոլդինյան աշուն»), երեք ամսվա ընթացքում նա ստեղծեց տարբեր ժանրերի շուրջ 50 երկ։ Այստեղ նա ավարտեց իր գլխ․ երկը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31, հայ․ հրտ․ 1949) չափածո վեպը, որը դարձավ, Բելինսկու բնորոշմամբ, ռուս, կյանքի գեղարվեստական հանրագիտարանը։ Դա ռուս գրականության առաշին ռեալիստական վեպն է, որը ներկայացնում է 1810–20-ական թթ․ հասարակական կյանքի լայն համայնապատկերը և այդ ֆոնի վրա առաջավոր անհատի հոգևոր դրաման, իրականության հետ նրա անհաշտելի կոնֆլիկտը։ Օնեգինը պատկանում է այն սերնդին, որը պատմականորեն իր ուղին ավարտել է դեկաբրիստական ապստամբությամբ և աքսորով (թեև գրաքննական նկատառումներով Պ․ ստիպված է եղել վեպից հանել ժամանակի քաղ․ շարժման մասին խոսող գլուխները, որոնցից միայն առանձին հատվածներ են մեզ հասել)։ Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի, Պ․ ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը։

1830-ի «բոլդինյան աշնանը» Պ․ գրել է նաև իր «փոքր ողբերգությունները» («ժլատ ասպետը», «Մոցարտը և Մալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին», հայ․ հրտ․ 1934՝ «Դրամատիկական հատվածներ» խորագրով)։ Դա դրամատուրգիայի մի նոր ինքնատիպ ժանր է, որը համեմատաբար ոչ մեծ ստեղծագործության սահմաններում ներկայացնում է ոչ այնքան գործողության ծավալումը, որքան մարդկային ամենաբարդ կրքերի և հույզերի առաջացման ու զարգացման ընթացքը։ Այս երկերը առաջնակարգ տեղ են գրավում ռուս, հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ։

Տարիներ շարունակ բանաստեղծին զբաղեցրել է Պետրոս I-ի, նրա իրագործած մեծ վերափոխումների թեման։ Բացի մի շարք քնարական գործերից, այդ թեմային են նվիրված «Պոլտավա» (1828, հայ․ հրտ․ 1937) և «Պղնձե հեծյալը» (1833, հայ․ հրտ․ 1946) պոեմները, «Պետրոս մեծի սևամորթը» (1827) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835) աշխատությունը։ «Պղնձե հեծյալը», որ գրել է երկրորդ «բոլդինյան աշնանը», Պ–ի ամենաբարդ և խոր երկերից է։ Փառաբանելով Ռուսաստանի մեծ վերափոխիչի գործունեության պատմ․ նշանակությունը՝ Պ․ միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի և «փոքր մարդու» իրավունքների անհաշտելի հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը։ Նրա կերպարի և ճակատագրի մեջ Պ․ օբյեկտիվորեն պատկերեի է տիրող իրավակարգի դեմ միայնակ անհատի ընդվզումը՝ գիտակցելով հանդերձ վերջինիս պատմ․ անհեռանկարայնությունը։

1830-ական թթ․ Պ․ հաճախ է դիմել գեղարվեստական արձակին, գրել «Բելկինի պատմվածքները» (1830), «Պիկովայա դամա» (1833, հայ․ հրտ․ 1937) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33, հայ․ հրտ․ 1934), «Կապիտանի աղջիկը» (1833–36, հայ․ հրտ․ 1895) վեպերը և այլ երկեր։ Նախորդ շրջանի ռոմանտիկ–սենտիմենտալ ուղղության համեմատությամբ նրա արձակը նոր երևույթ էր՝ կառուցված բոլորովին այլ սկզբունքներով, որոնց մասին նա գրել է․ «ճշգրտություն և հակիրճություն – ահա արձակի առաշին արժանավորությունը։ Արձակը պահանջում է մտքեր ու մտքեր․․․» (Պուշկին Ա․ Ա․, Երկ․, հ․ 5, 1960, էջ 73)։ Պ․ սկզբնավորել է ռուս, ռեալիստական արձակը, նախանշել հետագայում Ն․ Դոգոլի, Ֆ․ Դոստոեսկու, Լ․ Տոլստոյի ստեղծագործության մեջ լիակատար զարգացում ստացած մի շարք թեմաներ ու կերպարներ («փոքր մարդու» թեման «Բելկինի պատմվածքներում», փողի իշխանության կործանիչ հետևանքների մոտիվը «Պիկովայա դամա»-ում են)։ Մեծ տեղ է գրավել ժողովրդի տարերային դժգոհության և ապստամբության թեման [«Դուբրովսկի», «Կապիտանի աղջիկը», ինչպես նաև «Պուգաչևի պատմություն» (1833, հայ․ հրտ․ 1936, ուսումնասիրություն)], որը Պ․ բացահայտել է խոր համակրանքով, իր պատմ․ օբյեկտիվ բովանդակությամբ։

Պ․ սերտորեն կապված է եղել ժող․ բանահյուսության հետ, տարբեր ձևերով օգտագործել նրա սյուժեներն ու կերպարները՝ դրա մեջ տեսնելով ժողովրդայնության հասնելու հիմնական ուղիներից մեկը։ Այդ ձգտումն առավել ուժեղացավ 1830-ական թթ․, երբ նա գրեց իր չափածո հեքիաթները («Տերտերն ու իր Բալդի ծառան», 1830, հայ․ հրտ․ 1937, «Քնած դշխուհին և յոթ քաջերը», 1833, հայ․ հրտ․ 1911, «Սալթան թագավորի հեքիաթը», 1831, հայ․ հրտ․ 1849, «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին», 1833, հայ․ հրտ․ 1884՝ «Ոսկե ձկնիկ» վերնագրով) ևն։ Այստեղ հարազատորեն վերարտադրված են ժողովրդի հայացքը կյանքի նկատմամբ, բանահյուսության ոճական և ժանրային յուրահատկությունները։

1830-ական թթ․ Պ․ ձգտել է համախմբել ռուս, գրականության առաջավոր ուժերը, ստեղծել պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում։ Նրա ակտիվ մասնակցությամբ հրատարակվող «Լիտերատուրնայա գազետա» (1830–31) թերթի և իր հիմնադրած <Սովրեմեննիկ> ամսագրի (1836) էջերում հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական և գրական–քննադատական հոդվածներով։

Կյանքի վերջին տարիներին Պ–ի համար գնալով անտանելի դարձավ արքունական–արիստոկրատական միջավայրը, որի հետ նա ստիպված էր կապված մնալ ծառայողական պարտականությունների բերումով։ Ցարական պալատի և ազնվական վերնախավի ինտրիգները, բանաստեղծի և նրա կնոջ արժանապատվությունը վիրավորող բամբասանքն ու կեղծագրերը ի վերջո ավարտվեցին Ռուսաստանում հոլանդական դեսպան Հեկկերենի որդեգիր, ֆրանսիացի վտարանդի ժ․ Դանտեսի հետ մենամարտով։ 1837-ի հունվ․ 27 (փետր․ 8)-ին Պ․ մահացու վիրավորվեց և երկու օր անց վախճանվեց։

Պ․ XIX դ․ ռուս, մշակույթի մեծագույն դեմքն է, ռուս նոր գրականության և ազգ․ գրական լեզվի հիմնադիրը։ Նրանից են սկիզբ առնում բոլոր առաջավոր, իրոք ժողովրդային և բարձր գեղարվեստական արժեքները, որ ստեղծվել են XIX–XX դդ․ ռուս, գրականության մեջ՝ Լերմոնտովից և Դոգոլից մինչև մեր օրերը։ Դեռևս բանաստեղծի կենդանության ժամանակ Դոգոլը նրա մասին գրել է․ «Նրա մեջ ռուսական բնությունը, ռուսական հոգին, ռուսական լեզուն, ռուսական բնավորությունը արտացոլվել են նույնպիսի մաքրությամբ, նույնպիսի զտված գեղեցկությամբ, որով լանդշաֆտը արտացոլվում է օպտիկական ապակու ուռուցիկ մակերեսի վրա» (Դոգոլ Ն․ Վ․, Երկ․ ժող․, հ․ 6, 1955, էջ 36)։ Նրա հաստատած գեղարվեստական սկզբունքները հզոր ազդեցություն են գործել նաև ռուս, արվեստի մյուս ճյուղերի (երաժշտություն, կերպարվեստ, թատրոն) զարգացման վրա։ Մ․ Դորկին նրան համարել է «բոլոր սկիզբների սկիզբը» ռուս«գրականության մեջ։ Պ–ի ստեղծագործության մեջ առավել լրիվությամբ են մարմնավորված ռուս․ ազգ․ բնավորության և մշակույթի լավագույն գծերը։