Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ռային։ Համակարգերը բաղկացած են աղբյուրներից, գլիացին կառուցվածքներից, խողովակաշարերից, ջրամբարներից և ջրման տաշտերից։

Գրկ․ Մելիքյան Գ․Մ․, Բնակավայրերի ջրամատակարարումը ն արոտավայրերի ջրարբիացումը, Ե․, 1966։ Գ․ Մեչիքյան

ՋՐԱՐՋԵՐ (Procyon), ջրարջերի ընտանիքի գիշատիչ կաթնասունների սեռ։ Հայտնի է 2 տեսակ, սովորական և խեցգետնակեր Ջ․։ Սովորական Ջ․(Բ․ lotor), տարածված են Հս․ Ամերիկայում (Մեքսիկա, ԱՄՆ)։ Մարմնի երկարությունը մոտ 75 սմ է, պոչի երկարությունը՝ 25 սմ։ Թաթերը կարճ են4 երկար, շարժուն մատներով։ Գլուխը լայն է, դունչը՝ կարճ, ականջները՝ խոշոր, կլոր։ Մորթին թավ է՝ ղեղնամոխրագույն ն․ սե մազերով, պոչի վրա կան 5–7 լայն, գորշ կամ սև գույնի օղակներ։ Վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք, ցերեկը թաքնվում են որջերում՝ ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում։ Ձմռանը խորը քուն են մտնում։ Սնվում են գորտերով, կրծողներով, ձկներով, ինչպես նաև հատապտուղներով ու մրգերով։ Բազմանում են հունվար–փետրվարին, հղիությունը 63 օր է։ Մորթին արժեքավոր է։ 1936-ից ՍՍՀՄ–ում կլիմայավարժեցվել են Հեռավոր Արեելքում, Հս․ Կովկասում․ Ադրբեջանում, Կիրգիզիայում, Բելոռուսիայում։ Խեցգետնակեր Ջ․ (P․ cancrivorus) տարածված են Հվ․ և Կենտր․ Ամերիկայում։ Մարմինը երկարացած է, մորթին հարթ է՝ կարճ մազերով։

ՋՐԱՑԱՏԿ, տես Ջրային մարզաձևեր։

ՋՐԱՓԻ, գյուղ ՀՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 18 կմ հվ–արմ․։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, ավտոմահեռախոսակայան, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1970-ին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման կապակցությամբ Ներքին ՋրաՓի և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցման պատճառով։ Ներքին Ջրափի գյուղում պահպանվել էին միջնադարյան կարավանատան և կամրջի մնացորդներ, որոնք սպասարկել են Անի տանող մայրուղին։ Կառուցվել են Անի մայրաքաղաքի ծաղկման առաջին (X–XI դդ․) կամ երկրորդ (XII–XIII դդ․) ժամանակաշրջանում։ Կարավանատունը պատկանում է եռանավ դահլիճ տիպին։ Ընդարձակ (13,65x31,0 մ) դահլիճը ութ զույգ մույթերի միջոցով բաժանվում է միջին (լայն․՝ 4,15 մ) և կողային (լայն․՝ 3,8 մ) նավերի, լուսավորվում և օդափոխվում է թաղածածկի երդիկների միջոցով։ Կամրջի կիսավեր կառուցվածքից Ախուրյանի ձախ ափին պահպանվել էին հենարանի հիմքերը, աջ ափին՝ կիսակամարն ու մեծ կամարի սկիզբը։ Իր չափերով (ընդհանուր երկարությունը՝ 125,0 մ, իսկ գետը գոտկող կամարի բացվածքը՝ 34,0 մ) կամուրջը միջնադարյան Հայաստանում ամենախոշորն էր։ ճակատային պատերի միջև ու կամարից բարձր գտնվող տարածությունը սնամեջ էր։ Այդ հնարանքը միջնադարյան կամրջաշինարարները կիրառել են կամրջի կառուցվածքին թեթևություն հաղորդելու, շինանյութը խնայողաբար ծախսելու և միջին տարածությունը օդափոխելու միջոցով (ճակատային լուսամուտների օգնությամբ) այն խոնավությունից զերծ պահելու նպատակով։ Վերին Ջրափի գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին պահպանվել էին մի այլ կամրջի մնացորդներ։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով կարավանատունը փոխադրվել և վերականգնվել է նոր տեղում (Ջ–ից հս․, այստեղ է տեղափոխվել նաև Վերին Ջրափի գյուղի XIX դ․ եկեղեցին), իսկ կամուրջների ավերակները մնացել են ջրի տակ։

Գրկ․ Հարությունյան Վ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե․, 1960։ Ս․ Նազարյան, Վ․ Հարությունյան

ՋՐԱՔԻՍՆԵՐ, ազնվաքիսներ, կզաքիսների ընտանիքի Mustela սեռի գիշատիչ կաթնասունների 2 տեսակ։ Եվրոպական Ջ․ (M․ lutreola) տարածված են Եվբոպայում, ՄՍՀՄ եվրոպական մասի և Հվ–արլ․ Սիբիրի հարթավայրային շրջաններում։ Ամերիկական Ջ․ (M․ vison) ապրում են Հս․ Ամերիկայում, ՍՍՀՄ–ում կլիմայավարժեցված են եվրոպական մասի շրջաններում, Հեռավոր Արևելքում։ Եվրոպական Ջ–ի մարմնի երկարությունը 45 սմ է, պոչի երկարությունը՝ 20 սմ, կենդանի զանգվածը՝ մոտ 800 գ։ Վերջավորությունները կարճ են։ Մատները միացած են թույլ զարգացած լողաթաղանթով։ Մորթին թավ է, փայլուն, գորշ գույնի տարբեր երանգներով։ Ապրում են անտառներին մոտ գետերի, լճերի և ճահիճների շրջակայքում։ Բները գետնափոր են, երբեմն զբաղեցնում են այլ կրծողների (մշկամուկ, ջրառնետ) բները։ Սնվում են մանր կաթնասուններով, թռչուններով ու դրանց ձվերով, գորտերով, ձկներով։ Զուգավորվում են փետրվար–ապրիլին։ Հղիությունը 43–77 օր է։ Մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ են։ Ամերիկական Զ–ի երկարությունը մինչև 54 սմ է։ Մարմինը ձգված է, ճկուն։ Արժեքավոր մորթատու գազանաբուծության հիմնական օբյեկտն է։ Գազանաբուծության տնտեսություններում բազմացվում են խոշոր Ջ․, որոնք սեռահասուն են դառնում 9–10 ամսականում։ էգն ունենում է 5–6 (մինչև 12) ձագ։ Սնվում են մսաձկնային, բուսական և այլ կերերով։ ՍՍՀՄ–ում և արտասահմանում աշխատանքներ են տարվում գունավոր Ջ–ի ստացման ուղղությամբ, որոնց մորթին (երկնագույն, բաց դարչնագույն) ավելի թանկարժեք է։

ՋՐԲԱԺԱՆ, հարևան գետային ավազանները բաժանող գիծ, որն անցնում է ռելիեֆի ամենաբարձր նիշերով։ Լեռնային շրջաններում Ջ․ լավ է արտահայտված և անցնում է լեռնաշղթաների կատարներով, հարթավայրերում՝ դժվար նշմարելի է։ Ջ․ գիծը էրոզիոն և տեկտոնական պրոցեսների շնորհիվ տեղափոխվում է։ Տարբերում են մակերևութային և ստորերկրյա Ջ–ներ։ Ստորերկրյա Ջ․ այն գիծն է, որն անցնում է տարբեր ուղղությամբ հոսող ստորերկրյա ջրհոսքերը բաժանող ջրամերժ ապարների ամենաբարձր նիշերով։

ՋՐԲԱՇՅԱՆ էդվարդ Մկրտչի (24․9․1923, Երևան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1970), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ՝ 1974)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ի հայոց լեզվի ու գրականության բաժինը (1950)։ 1950-ից նույն համալսարանում դասախոսում է գրականության տեսություն, գեղագիտություն և հայ նոր գրականություն։ Զուգահեռաբար խմբագրել է «Մովետական գրականություն» (1961–62), «Բանբեր Երևանի համալսարանի» (1967–77) հանդեսները, գլխավորել է ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի