Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը), որոնցից արմ․՝ Ս․ Աստվածածինը, ըստ շքամուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1201-ին, վանքի առաջնորդ Հայրապետի ջանքերով։ Միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է՝ բեմի երկու կողմում նեղ ավանդատներով։ Թաղը միջին մասում ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնամույթերի վրա հենվող կամարով։ Արմ․ պատի և աբսիդի մեկական պատուհաններն ունեն շեշտված տարրերով եզրակալներ։ Հարուստ է վիմական արձանագրություններով (արմ․ պատուհանի պսակի արձանագրությունում հիշատակվում է կառուցող վարպետի՝ Աարգսի անունը)։ Մուտքի երկու կողմում նրբին քանդակազարդերով խաչքարեր են։ Ջ․ վ–ի երկրորդ՝ Ս․ Գրիգոր եկեղեցին գմբեթավոր (պահպանվել է գմբեթի գլանաձև թմբուկի ստորին մասը) դահլիճ է, որի կիսաշրջանաձև աբսիդի երկու կողմում կրկնահարկ ավանդատներ են։ Միակ՝ արմ․ մուտքը եզերված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված հյուսածո զարդամոտիվներով։ Երեք ճակատները (բացի արմ–ից) մշակված են ոչ խոր, եռանկյունաձե կտրվածքի երկուական խորշերով, որոնք, ինչպես և բոլոր պատուհաններն, ունեն պսակներ (արլ․ ճակատում՝ ընդհանուր)։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ հայտնի չեն։ Ս․ Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրությունից ենթադրվում է, որ նրա կառուցման ժամանակ Ս․ Գրիգորը արդեն կանգուն է եղել։ Երկու եկեղեցին էլ կառուցված են բաց դեղնավուն ֆելզիտի սրբատաշ, բազմերանգ քարերից։ 1973–77-ին վերաշարվել և նոր քարերով լրացվել են Ս․ Գրիգորի պատերը, թմբուկի մնացորդները, ծածկասալերով պատվել են եկեղեցիների կտուրները։ Ջ․ վ–ի շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց։

Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 6. Իջևանի շրջան (կազմ․4 Ավագյան Ա․, Ջանփոլադյան Հռ․), Ե․, 1977։ էլլարյան Ի․ Բ․, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, ի․, 1980։ Գ․ Շախկյան․

ՋՈՒՀԱՐՅԱՆ Թորգոմ Գեորգի [ծն․ 27․12․1905, գ․ Կըզըլ–Չախչախ (Կարսի նահանգ)], հայ մանկավարժ, մեթոդիստ։ Մանկավարժական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1969)։ ԱՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Երեանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը (1930)։ Դասախոսել է (1930–36) նույն համալսարանում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1945–67-ին գիտամանկավարժական աշխատանք է կատարել ՀՍՍՀ լուսավորության մինիստրությունում, մանկավարժական գիտությունների ԳՀԻ–ում։ 1967-ից դասախոսական աշխատանքի է անցել Երեանի համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում (1972–79-ին՝ ամբիոնի վարիչ)։ Մշակել է հայ գրականության մեթոդիկա։ Հեղինակ է բազմաթիվ գիտ․ աշխատությունների և դպրոցական դասագրքերի։ Աշխատությունները նվիրված են հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցմանը։

Երկ․ Հայրենագիտական աշխատանքը դպրոցում, № 1949։ Բայի ուսուցման հիմնական հարցերը, Ե․, 1956։ Հայ գրականության մեթոդիկա․ բարձր դասարանների ուսուցիչների համար, Ե․, 1966։ Հայոց լեզվի մեթոդիկա, ձեռնարկ ուսուցիչների համար, գիրք 1, Ե․, 1978։ Հայ գրականության մեթոդիկա, ձեռնարկ բուհական ուսանողների համար, 2 հրտ․, Ե․, 1980։

ՋՈՒՂԱ, Զողա, քաղաք Մեծ Հայքի Մյունիք նահանգի Երնջակ գավառում, Երասխի ձախ ափին, խոր կիրճում, այժմյան Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի մերձակայքում։ Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին՝ Մարաստանի արքա Աժդահակի ժառանգներին Հայաստան գերեվարելու ավանդական պատմության կապակցությամբ։ Սկզբում եղել է ավան, X–XIII դդ․ քաղաքավան, XV–XVII դդ․՝ քաղաք։ XVI դ․ Ջ․ բաղկացած է եղել 10 թաղից, ունեցել 2–4 հզ․ տուն՝ մոտ 20–40 հզ․ զուտ հայ բնակչությամբ։ Ջ․ զարգացումը սկսել է X–XII դարերից՝ կապված Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի ճանապարհին գտնվելու հետ։ Ջ–ի հայ վաճառականները, որոնք իրենց կոչել են խոջա (տես Խոջայություն), XV–XVII դդ․ առևտուր են արել ինչպես Իտալիայում (Ջենովա, Վենետիկ), այնպես էլ Հնդկաստանում։ Առետրին զուգընթաց զարգացել է նաև արհեստագործությունը՝ հատկապես ոսկերչությունը, դաջագործությունը, ասեղնագործությունը, քանդակագործությունը, թանկագին քարերի մշակումը, բրուտագործությունը։ 1604–05-ին Հայաստանում պարսից շահ Աբրաս I-ի կազմակերպած բռնագաղթին ենթարկվել են նան Ջ–ի բնակիչները։ Նրանք բնակեցվել են Սպահանի մոտ՝ հիմնադրելով Նոր Ջուղան։ Բռնագաղթից հետո Ջ․ ավերվել է և միառժամանակ մնացել անմարդաբնակ։ Սակայն շուտով բռնագաղթից փրկված և Նոր Ջուղայից փախած ջուղացիները վերահաստատվել են հայրենի քաղաքում։ Կյանքը Ջ–ում շարունակվել է մինչև 1848-ը, երբ բնակիչները տեղափոխվել են քիչ արլ․՝ Երնջակ և Արաքս գետերի միախառնման ավազանում, Չորուտ լեռան փեշին հիմնադրելով Ջ․ գյուղը։ Վերջինս, գտնվելով Ռուսաստանի և Իրանի սահմանին, շուտով դարձել է երկու տերությունների միջև կատարվող առևտրի հանգուցակետ։ XIX դ․ կեսին, պետ․ սահմանային ծառայությունների՝ մաքսատան, փոստատան, կայազորի շենքերի և այլ կառույցների հետ, Ջ․ գյուղից 3 կմ․ արլ․, Արաքսի ափին առաջացել է նոր բնակավայր՝ Ջուլֆան։

Միջնադարում Ջ․ հայտնի է եղել ճարտ․ կոթողներով, որոնք մեծամասամբ հիմնահատակ ավերված են կամ կիսակործան։ Արժանահիշատակ են հատկապես Արաքսի վրա կառուցված հնգաթռիչք կամուրջը, գերեզմանատունը (տես Ջուղայի գերեզմանատուն), Ամենափրկիչ վանքը (IX–X դդ․), քաղաքային բաղնիքը (XVI դ․), գլխավոր իջևանատունը (XV–XVI դդ․), Ջ–ի կամ Դարվազրի բերդը (X-XII դդ․), Պոմբոլոզի կամ Տավարածի (Հովվի, XV–XVI դդ․) և Ա․ Աստվածածին (XII –XIII դդ․) եկեղեցիները, ծածկած շուկան և այլ հուշարձաններ։

Ջ․ հայ միջնադարյան մշակույթի և գրչարվեստի կենտրոններից է։ Ամենափրկիչ վանքում, Մ․ Մարգիս, Ս․ Աստվածածին, Ս․ Գեորգ, Ս․ Հովհաննես և այլ եկեղեցիներում բազմացվել ու մանրանկարվել են մեծ թվով ձեռագրեր։ Պահպանվածներից ամենահինը ընդօրինակել է Սարգիս գրիչը՝ 1286-ին։ Ջ–ում են ստեղծագործել նաև Խաչատուր քահանան (XIV դ․), գրիչ և ծաղկող Մարիամը (XV դ․), մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցին (XVI դ․ 2-րդ կես –XVII դ․ սկիզբ), Հովհան Դարգամարգեցին (XVI–XVII դդ․) և շատ ուրիշներ։ Ջ–ում գրչագրված ձեռագրերի մի մասը պահվում է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։