Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մտքերի տրամաբանական հստակեցման գաղափարի զարգացումն է, որով նա սկզբնավորում է տրամաբանական վերլուծության անգլ․ տարբերակը (տես Նեոպոզիտիվիզմ)։ Տրամաբանական վերլուծության առնչությամբ Ռ–ի ստացած արդյունքներից կարևորագույնը նկարագրությունների տեսությունն է։ Ռ․ դավանում է գիտ․ ճշգրտության իդեալը, այդ թվում և փիլ–յան մեջ։ Ի տարբերություն այլ նեոպոզիտիվիստների, նա չի ժխտում փիլ․–մետաֆիզիկական պրոբլեմները, որոնք նրա կարծիքով նույնպես հստակեցվում են տրամաբանական-քննադատական վերլուծությամբ։ Իմացաբանության բնագավառում Ռ․ ի վերջո հարել է հյումիզմին․ ֆիզիկական աշխարհի մասին մեր գիտելիքները վերաբերում են «օբյեկտների կառուցվածքային վերացական հատկություններին»՝ արտահայտված մաթեմատիկայի լեզվով, իսկ ընկալումների մեջ տրված հատկություններին օբյեկտիվ իրողություն վերագրելու համար բավարար հիմքեր չկան։ Ռ․ համոզված աթեիստ է, կրոն, բարոյականության քննադատ։ Նրա հասարակական–քաղ․ հայացքների համար բնորոշ, են բուրժ․ ազատամտությունը, հատկապես մտքի ազատության և անձնավորության ազատության ջատագովությունը։ Ռ․ պագուոշյան շարժման կազմակերպիչներից է․ 1955-ին նա Ա․ էյնշտեյնի հետ նախաձեռնել է ականավոր գիտնականների կոչը՝ արգելելու միջուկային զենքը և ոչնչացնելու դրա պաշարները։ Արժանացել է գրականության գծով նոբելյան մրցանակի (1950)։

Երկ․ Our Knowledge of the External World․․․, Chicago-L․, 1915; The Analysis of Mind, N․ Y․-L․, 1924; Introduction to Mathematical Philosophy, L․, 1953; The Analysis of Matter, N․ Y․-L․, [1954]; Mysticism and Logic, N․ Y․, 1957; My Philosophical Development, N․ Y․, 1959; An Inquiry into Meaning and Truth, L․, [1967]; Ինչու՝ ես քրիստոնյա չեմ, թրգմ․ անգլ․, Ե․, 1960; Человеческое познание․ Его сфера и границы, пер․ с англ․, М․, 1957; История западной философии, пер․ с англ․, М․, 1959․

Գրկ․ Нарский И․ С․, Философия Б․ Рассела, М․, 1962; Богомолов А․ С․, Английская буржуазная философия XX века, М․, 1973, гл․ 5․ <;․Գեորգյան

ՌԱՍԻՆ (Racine) ժան (21․12*1639, Ֆերտե–Միլոն–21․4․1699, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1673)։ Սովորել է Բովեի կոլեժում (1653–55)։ Այդ տարիներին Ռ. որոշ ժամանակ գտնվել է յանսենիստների ազդեցության տակ, ապա խզել կապերը․ գրել է ներբողներ («Աենի հավերժահարսը», 1660), առնչվել արքունիքի հետ։ Վաղ շրջանի ողբերգություններն են՝ «Թերատիս կամ Թշնամի եղբայրները» (բեմ․ և հրտ․ 1664), «Ալեքսանդր» (1665)։ «Դատամոլներ» (բեմ․ 1668, հրտ․ 1669, հայ․ հրտ․ «Դատասերք», 1863) միակ կատակերգությունում Ռ․ ծաղրել է ֆրանս․ դատարանը։ Ֆրանս, դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ նոր էջ է բացել Ռ–ի «Անդրոմաքե» (բեմ․ 1667, հրտ․ 1668) ողբերգությունը։ Ստեղծել է սիրային կրքերի կլասիցիստական ողբերգություն՝ առաջին պլան մղելով բարոյականության հարցը։ Նուրբ և ճշգրիտ պսիխոլոգիզմը բացահայտել է պարտքի և կրքի, սիրո և ատելության միջև տառապող, ներքնապես երկատված անհատի դրաման։ Առավել խոր և բանաստեղծորեն է նկարագրել կնոջ հոգեկան աշխարհը։

Բանաստեղծի ողբերգությունների կառուցվածքը պարզ է ու բնական, ենթարկվում է հերոսների զգացմունքների ներքին տրամաբանությանը։ Դրա շնորհիվ․ Ռ–ի մոտ բնավորություններն ու խոսքը նշանակալի են դառնում հատկապես այն դեպքերում, երբ արտաքին գործողությունները հանգում են գրեթե ոչնչի և հեշտությամբ տեղավորվում են եռամիասնության շրջանակներում։ Այդ կազմակերպված ձևը, միաժամանակ, ծայրահեղորեն հագեցած է իր շրջանակներում մոլեգնող կրքերով, որոնք կուրացնում են մարդուն, դարձնում նրան սեփական կամքին և բանականությանը հակառակ, հանցագործ և բռնակալ, իր անսանձության զոհը։ Ռ–ի իդեալական հերոսուհիները, ընդհակառակը, համառորեն դիմագրավում են կույր կրքերն ու կամայականությունները, պատրաստ են ինքնազոհության, որպեսզի պաշտպանեն հավատարմությանը բարոյական պարտքի հանդեպ և փրկեն իրենց հոգեկան մաքրությունը։

Քաղ․ բնույթի «Բրիտանիկուս» (բեմ․ 1669, հրտ․ 1670, հայ․ հրտ․ 1869) ողբերգությունում քննադատված է բացարձակ միապետությունն ու բռնակալությունը։ Ինքնահրաժարման ռասինյան իդեալը առավել ցայտուն է մարմնավորված «Բերենիկե» (բեմ․ 1670, հրտ․ 1671) ողբերգությունում։ Իսկ հետագա «Բայազետ» (բեմ․ և հրտ․ 1672), «Միհրդատ» (բեմ․ և հրտ․ 1673, հայ․ հրտ․ 1869), «Իֆիգենիան Ավլիսում» (բեմ․ 1674, հրտ․ 1675, հայ․ հրտ․ 1869) ողբերգությունները Ռ․ նորից կառուցել է միապետական բռնակալության և նրա զոհերի կոնֆլիկտների հիման վրա։ «Փեդրա» (բեմ․ և հրտ․ 1677, հայ․ հրտ․ 1861) ողբերգությունում նա մեծ ուժով բացահայտել է բարձր բարոյականության տեր կնոջ կերպարը, որը դժվարին պայքար է մղում իրեն հաղթող հանցագործ կրքի դեմ։ Դա կապված է նորից յանսենիզմին անդրադառնալու հետ։ Ռ․ մեղադրվեց անբարոյականության մեջ, տապալվեցին նրա «Փեդրա»-ի առաջին բեմադրությունները։ Ռ․ իր կապերը խզեց թատրոնի և գրական աշխարհի հետ։ 12 տարվա ընդմիջումից հետո միայն նորից անդրադարձավ դրամատուրգիային («Եսթեր», բեմ․ և հրտ․ 1689, հայ․ հրտ․ 1914)։ Կրոնաքաղաքական դրամայի նոր ժանրը ավելի պարզորոշ ձևավորվեց Աստվածաշնչի թեմաներով գրված «Դոթողիա» (բեմ․ 1690, հրտ․ 1691, հայ․ հրտ․ 1834) ողբերգությունում, որտեղ արդի հասարակական կյանքի բովանդակությունը ամբողջությամբ դուրս է մղել սիրո թեման։

Ռ–ի գրական գործունեությունն ավարտվում է «Հոգևոր երգեր» (1694) և «Պոր Ռոյալի հակիրճ պատմությունը» (հրտ․ 1742) գործերով։ Կլասիցիզմի խոշորագույն բանաստեղծ Ռ․ մեծ ազդեցություն է գործել այդ գրական ուղղության բոլոր ներկայացուցիչների վրա։

Երկ․ CEuvres completes, P․, [1969]; Ֆեդրա, տես Ֆրանսիական կլասիցիզմ, Ե․, 1982։ Բրիտանիկ․ Գոթողիա, Միհրդատ․ Իփիգենի Ավլիս, տես ճաշակք հին և նոր ողբերգությանց, [ժող․], Վնտ․, 1869։

ՌԱՍԿ (Rask) Ռասմուս Քրիստիան (1787–1832), դանիացի լեզվաբան։ Կոպենհագենի համալսարանի գրադարանավար (1829) և արլ․ լեզուների պրոֆեսոր (1831)։ Պատմահամեմատ․ լեզվաբան․ հիմնադիրներից։ Ռ․ իսլանդերենի ծագման հարցը քննելիս առաջինն է կիրառել պատմահամեմատական մեթոդը, ապացուցել գերմ․ լեզուների ազգակցությունը բալթիկ–սլավ․ լեզուների, հունարենի և լատիներենի հետ՝ դրանց միջև հնչյունական համապատասխանություններ գտնելով և դրանց քերականական համակարգերը համեմատելով («Ուսումնասիրություն հին հյուսիսային կամ իսլանդական լեզվի ծագման մասին», 1818)։ Ռ․ անդրադարձել է հայերենի, սանսկրիտի, զենդերենի, պահլավերենի և պարսկերենի ցեղակցական կապերին։ Զբաղվել է նաև զենդերենի և «Զենդ–Ավեստա»-ի հարցով, նպաստել հին պարսկ․ սեպագրերի վերծանմանը, ուսումնասիրություններ նվիրել կովկասյան և ուրալա–ալթայան լեզուներին։ Ռ․ սկանդինավական գիտական լեզվաբանության հիմնադիրն է։

Երկ․ Udvalgte afhandlinger, Bd 1–3, Кфbenhavn, 1932–35․

Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։

ՌԱՍԿԻՆ (Ruskin) Ջոն (1819–1900), անգլիացի արվեստաբան, հրապարակախոս։ 1839-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Լինելով Թ․ Կարչերի հետևորդը՝ Ռ․ իր աշխատություններում («ժամանակակից գեղանկարիչներ», 5 հ․, 1843–60, «ճարտարապետության յոթ ջահերը», 1849, «Վենետիկի քարերը», 3 հ․, 1851–53, «Արվեստի քաղաքատնտեսություն», 1857) զարգացրել է Ա․ Շաֆլոսբերիի գեղեցիկի և բարու միասնության ըմբռնումը, հանդես եկել բնության, գեղեցիկի և բարձր բարոյականության սինթեզ արվեստին թշնամաբար տրամադրված կապիտալիստական քաղաքակրթության ռոմանտիկական քննադատությամբ՝ կոչ անելով վերածնել միջնադարյան ձեռքի աշխատանքը, գեղարվեստական ստեղծագործության կոլեկտիվ ձևերը։ Ռ–ի հայացքները շատ բանով պայմանավորել են պրեռաֆայելիտների գեղագիտության հակաբուրժ․ տարրերը (գրել է «Պրեռաֆայելիտիզմ, գիրքը, 1851)։ Դիմելով անգլ․ պրոլետարիատին («Նամակներ Մեծ Բրիտանիայի բանվորներին և աշխատավորներին», 1871–86)՝ Ռ․ մեծ համբավ է ձեռք