Ջեյրան-օղլին ես, խոսք չունեմ ասելու, քվորս հըմար եք էկել՝ առեք տարեք։
Հ՚առավոտենց լիսը բացվեց, բարին բացվի ձեր վրին, թաքավորի տղին ու հարսին թողին էրումը, հ՚իրենք վե կացան, էթացին ավի։
Վեց դևը գնաց մի դհով, Ջեյրան-օղլին գնաց մի դհով։
Թաքավորի տղեն ու Քառսուն հուսատեր ախչիկը մնացին կիրակուր էփելու։ Թաքավորի տղեն ջուրը լքցրուց պղինձը, կրակ արուց, կոտորեցին միսը, լքցրին պղինձը։ Կիրակուրը էփելուց ետո, Քառսուն հուսատերը ասեց. — Թաքավորի տղա, ծունկդ դի, մի քիչ քնեմ։ — Տղեն ծունկը դրուց, ախչիկը գլուխը դրուց վրեն՝ քնեց։ Տղեն սկսեց մազերի հետ հաղ անելը. տեհավ իրեք հատ բալնիք. իրեն բինիշը դրուց ախչկա գլխատակը, ինքը վե կացավ դռները բաց անի։ Էրկու դուռը բաց արուց, միչին զատ չկար. էն մինն էլ բաց արուց՝ տեհավ, որ Սիպտակ դևը ժնջլով կապած ա սնիցը. մի պղինձ փլավ՝ մի ոչխար վրեն, մի պղինձ էլ ջուր՝ հ՚առաչը դրած։ Հասնըմ չի որ ուտի, տենըմ ա, կիսաջան ա ըլնըմ։
— Վա՜յ դու բարով ես էկել, ա՜յ տղա, — ասեց Սիպտակ դևը։ — Չարդ տանեմ, էրկու քավկիր էտ փլավից տաս ուտե՜մ, էտ անիրավները քառսուն օր ա բռնել են, մի կտոր հաց չեն տվել, որ ուտեմ։
Տղեն քավկիրը վե կալավ, մի տասը քավկիր փլավ տվուց Սիպտակ դևին:
— Մին է՛լ, տղա, մին է՛լ տղա, — սաղ պղինձը կերավ։
— Դե մի քիչ էլ ջուր տո՛ւ խմեմ։
Ասեց. — Ախր ես կարալ չեմ վեր ունիլ։
Ասեց. — էտ ժնջիլը տու դնեմ բերանս։
Տղեն ժնջիլը տվուց, դևը դրուց բերանը ու քաշեց, քաշեց պղինձը մոտացրուց, դրուց բերնին քամեց։
Մնել ըսենց անելուն պես՝ ժնջիլները կտրվեց, մեկը դիպավ թաքավորի տղի ճակատին։ Տղի հ՚ուշքը գնաց, վեր ընկավ։ Սիպտակ դևը վե կացավ, տղին կոխեց դարմանի մեչը, էկավ Քառսու հուսավոր ախչկան վե կալավ ու գնաց։ Գնաց մտավ հ՚իրա տունը։
Հ՚իրիկունը դևերն էկան, օխտը ավ ին բերել. քիչ ետո Ջեյրան–օղլին էկավ՝ տասնըչորս ավ էր հ՚ուսին քցել բերել։ Էկան մտան նեքսև, դրանք ասեցին. — Մեր քիրն հ՚ո՞ւր ա։