Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կմնանք: Տար էդ էրկու էրեխիդ՝ մինը արտի էս գլխին մորթա, մինը՝ էն, տես ո՜նց ա կանանչում. թե չկանանչի՝ ես տամ։

Մարդը կասի,— Ա՛յ քյաֆուր, ա՛յ անաստոծ, ես ո՛նց կղմըշեմ իմ ազիզ բալեքը տանեմ մորթոտեմ, որ ինչ ա՝ արտս պտի կանանչի։ Ջըհանդամի՛ն կանանչի, սև խավարի՛ն. որդկերանցիցս ձնռը վեր ունեմ, թե պտի ցորենս կանանչի՞։

— Դու գիտաս, ա՛յ մարդ, ես մի բան էր ասեցի, սրանից դենը քեֆը քունն ա, ի՛նչ կուզես արա՛, կուզես մորթա՛, կուզես չէ. դո՛ւ անհաց կմնաս, ի՛նձ ինչ։

Խեղճ մարդը մնացել էր էրկու կրակի միջին, էրեխեքանցը տաներ մորթեր՝ ձեռը չէր զորում. չմորթեր՝ ի՞նչ աներ, պտի սոված մեռնեին։ Վերջը միտք արեց, որ չսըպանի, հենց տանի չոլը, ընդե բաց թողա, գա. ի՞նչ կըլնեն՝ կըլնեն։

Ըտենց էլ անում ա։ Մի օր վեր ա ունում էրեխեքանցը, հեննեն տանում չոլը։

Ասում ա.— Ա՛յ որդիք, դուք ըտե կացեք, ես հրես գալիս եմ։

Ասում ա ու ինքը մի ուրիշ ճամփով եդ գալի տուն, նրանց թողում ընդե։

Քիր ու աղպեր մնում են մտիկ անելոն, թե էս ա՝ որդե որ ա իրանց հերը կգա։ Մնում են մի սհաթ, էրկու սհաթ՝ տենում են ո՛նչ հեր կա, ո՛նչ զադ։ Քիրը աղպորիցը մի պուճուր մենծ ա ըլնում. գլխի ա ընկնում, որ հերը բերել ա իրանց ըստե բաց թողե, ինքը գնացե տուն: Աղպորը վեր ա ունում, մի ճամփա բռնում, էթում:

Քիր ու աղպեր սոված, ծարավ մի քանի օր իրար վրա ճամփա են էթում։ Ճամփեքին էլ, որ ասես, առու, զադ չի ռաստ գալի, որ մի պուճուր ջուր էլ ա խմեն՝ ծարավու խեղճերը պատռվում ին։ Քիրը ասենք մենծ էր, ոնց որ ըլներ էլի կդիմանար, համա աղպերը չէր կարում դիմանա, ծարավու խեղճ աղպոր բերանը պապանձվել էր։

Գալիս են գալի, շատն ու քիչը աստոծ գիտա, աղպերը տենում ա ճամփին մի կովի պճղի տեղ լիքը ջուր։

— Քո՛ւրիկ,— ասում ա,— էս պճղիցը մի քիչ ջուր չխմե՞մ. ախա՛ր ես ծարավ մեռա, է՜։

— Չէ՛, չէ՛, չէ՛, ա՛ղպեր ջան, մի՛ խմի, կով կդառնաս։ Մի քիչ էլ կա՛ց, էս ա որդե որ ա աղբուր ռաստ կգա՝ կխմես։