Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրա հին շորերիցը հագցնում, եննա հացի թադարեք ա տենում. մի քանի ձուկն ա խաշում, կիրակուր էփում, մախլաս՝ ի՛նչ որ աստոծ տվել էր՝ բերում ա դնում աղաքը, որ ուտի։ Խեղճ կնիկը ղաթի սոված, նխտից ընկած՝ հացը որ տեհավ, գիլի նման վրա պրծավ հացին։ Կերավ, կշտացավ, ասսուն փառք տվեց, թոռչուցը, նրա մորիցը շնորհակալ էլավ, ղրաղ քաշվեց։

— Հմի ա՛սա տենանք,— հարցրեց թոռչին,— էս ի՞նչ բաս ա, քեզ ո՞վ բերեց քցեց ծովը։

— Բա չե՞ս ասի,— ասեց էդ կնիկը,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Նո՛ր նստեց ըստե մին-մին նաղլ արեց նրանց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ չե՞ս առնի,— հարցրեց թոռչին,— զաթի ես էլ ազապ, մարդ ու կնիկ ըլնենք, ըստե իրար հեննա ապրենք։

— Չէ՛,– ասեց էդ կնիկը,— ես մարդ ունեմ, իմ հալալը ո՞նց հարամեմ: Ուզում ես,— ասեց,— ա՛րի քիր ու աղպեր ըլնենք։

— Ըլնե՛նք,— ասեց թոռչին,— թող քու ասածն ըլնի։

Ըսօրվանից դենը թոռչին քանի էթում էր ձկան, ասսու հրամանով, ամեն թոռի անհեսաբ ակն ու մարգարիտ էր հանում ծովիցը. համա խեղճը չէր իմանում ըտոնք թանգ բաներ ա, որ տանի ծախի, բոլ փող կտան։ Ըսենց էնքամ ակն ու մարգարիտ հանեց ծովիցը, որ տանը էլ դնելու տեղ չկար՝ էնքա՜մ շատ էր։

Օրեն մի օրը միտք արեց, ասեց՝ արի մի քանի հատ տանեմ քաղաք, շանց տամ, տենամ կա՞ռնեն։ Քաղաք հասավ թե չէ, գնաց մի զարգյարի դուքան, ակն ու մարգարտները հանեց, շանց տվեց։

— Հատին հիսուն մանեթ տա՞մ,— ասեց զարգյարը:

Թոռչին ծիծաղաց, հենց իմացավ տնազ ա անում։

— Դե՛ լավ, հարիր մանեթ տամ,— վրա բերեց զարգյարը։

Թոռչին էլի ծիծաղաց: Մախլաս՝ գլխներդ ինչ ցավացնեմ, զարգյարը ինչ գին ասում էր, թոռչին ծիծաղում էր։ Էնքամ արեց, որ հատը հինգ հարիր մանեթով ծախեց։

— Ա՛յ ուստա,— ասեց թոռչին,— սրանցից որ էլ բերեմ՝ կա՞ռնես։

— Կառնեմ, խի՛ չեմ առնի,— ասեց զարգյարը։

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց,— կբերեմ։

Թոռչին ուրախ-ուրախ փողերը դրեց ջեբը, եդ դառավ, էկավ