Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էթամ նրանց կուշտը,— ասում ա,— մի քիչ դինջանամ, հաց-մաց ուտեմ, էլ եդ վե կենամ էթամ իմ ճամփեն:

Էդ չութ անողն էլ էն Չութչին ա ըլնում, որ մի իմաստուն տղա ա ունենում:

Էդ իմաստուն տղեն թագավորի նազրին որ տենում ա, հորն ասում ա.— Ա՛յ հեր, հրես տենում ես, թագավորի նազիրը գալիս ա. որ գա քեզ բան հարցնի՝ ջուղաբ տո՛ւ․ մարդ ա, որ ինձ էլ բան հարցնի, ես ի՛նչ ասեմ՝ չբարկանաս:

— Լա՛վ,— ասում ա,— ա՛յ որդի, դու գիտաս, ի՛նչ ուզում ես ա՛սա։

Թագավորի նազիրը գալիս ա, հասնում դրանց։

— Բարի աջողում, բա՛րի,— ասում ա նազիրը,— ի՞նչ կա, ի՞նչ չկա. քեֆնե՜րդ, հալնե՜րդ. ո՞նց եք, ի՞նչ եք անում։

— Ջանսաղությո՛ւն, թագավորի նազիրը սաղ ըլնի,— ասում ա Չութչին, — կանք, ապրում ենք, է՛լի։ Խեր ըլնի, բա դո՞ւ էդ ուր ես Էթում,— հարցնում ա։

— Էթում եմ մեր մհալը պտտեմ, տենամ ի՛նչ կա, ի՛նչ չկա. թագավորիցը խալխը հո գանգատավոր չե՞ն։

— Թագավորի նա՛զիրը սաղ ըլնի, — ասում ա Չութչու տղեն,— զուր ես չարչարվում. ինչքամ էկել ես՝ տասն էսքամ էլ էթաս հլա թագավորի աղջկա անումը կա․ զուր տեղը մի՛ էթա, ե՛դ դառ, գնա՛ քու բանին․ դու էլ ես մեղք, ձիդ էլ։

Թագավորի նազիրը տղի էս ջուղաբը որ լսում ա, մնում ա զարմացած, փոր֊փոշման եդ ա դառնում, գալի։ Գալիս ա թագավորի աղջկանը մին֊մին նաղլ անում թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն տեղը մի Չութչի կար, նրա տղեն ըսենց ջուղաբ տվեց։

Թագավորի աղջիկը էս որ լսում ա, մնում ա միտք անելոն, թե էս ի՛նչ բաս ա, էն տղեն խի՛ պտի ընենց ասեր։

Անց ա կենում մի քանի վախտ, էս թագավորի աղջիկը զաստահիվանդ ա տալի։ Աշխարքումը ինչքամ գլուխ հեքիմ ա ըլնում՝ թագավորը բերիլ ա տալի՝ աղջիկը չի լավանում։ Օրեն մի օրը էս աղջիկը հորը կանչիլ տվեց իրա կուշտը։

— Թագա՛վորը սաղ ըլնի,— ասեց,— բա չես ասի՝ էս գշեր էրազումս տեհա՝ մեր տերտերն էկավ, ասեց. «Ա՛յ որդի, քու դեղ ու դարմանը ի՜նչ մենծ բան ա, որ չեք անում. քանի ամիս ա՝ հիվանդ, տեղ ու բարձով թեք ընկած ես. չէ՛ դու էլ մեղք ես, ջահել֊