Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրա նազիր֊վեզրի հեննա էկավ ըտերանք ման գալու: Էդ թոռչիքը իրեք լավ ձուկն ին կալե. բերում են տալի թագավորին փեշքաշ: Թագավորն էլ վեր ա ունում, տալի նազրին.

— Ա՛ռ,— ասում ա,— էս ձկննրը տա՛ր, տո՛ւ աղջկանս, ղաթի հիվանդ ա, բալի սիրտն ուզում ա, թո՛ղ խաշիլ տա՛ ուտի։

Էս նազիրն ա՝ ձկները վեր ա ունում, բերում թագավորի ամարաթը. գնում ա մի էրծաթե սինու մեջ, տանում ա տալի թագավորի աղջկանը

Աղջիկը որ տենում ա, հարցնում ա.— Էդ ձկները է՞գ են, թե որձ:

— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի, ո՛րձ են,— ասոմ ա նազիրը։

— Դե՛ն տարեք, կորցրե՛ք,— ասում ա աղջիկը,— չե՞ք գիտա, որ ես ըսկի որձեղենի էրես չեմ ուզում տենամ, ուր մնաց ուտեմ։

Ձկները էս խոսքը որ լսում են, իրերքն էլ վեր են կենում, պոչների վրեն կաննում, ծիծաղում, էլ եդ շրըփալեն վեր ընկնում: Թագավորի աղջիկը, նազիրը քոմմա մնում են արմացած, թե՝ էս ի՜նչ բաս ա։ Նազիրը վեր ա ունում էդ ձկները, տանում դնում մի տոլար, պահում. ինքն էլ վեր ա կենում, էթում թագավորին մին֊մին նաղլ անում, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Թագավորը էս որ լսում ա, բերանը մնում ա բաց: Եննա նազրին հրամայում ա.— Տա՛ր,— ասում ա,— էդ ձկները մի թաքուն տեղ պահա՛. ես, ոնց ըլնի, պտի իմանամ էս ի՞նչ բաս ա, էդ ձկները խի՞ ին ծիծաղում:

Թագավորը եննա եդ ա դառնում սուս ու փուս իրա ամարաթը։ Անց ա կենում մի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մախլասի՝ մի տարի, օրեն մի օրը թագավորի աղջիկը կանչում ա նազրին:

— Կէթաս,— ասում ա,— սաղ մեր մհալը ման կգաս, կհարցնես, կտենաս որդե իմ անումը չեն տալի, ինձ չեն ճանանչում, կգաս կասես, որ ես ընդե մարդի էթամ:

— Լա՛վ,— ասում ա նազիրը։— Ճամփի թադարեք ա տենում, վե կենում, ընկնում ճամփա։


Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի գեղ։ Դուս ա գալի հանդը, տենում հրես մի ծեր մարդ, մըն էլ մի ջահել տղա չութ են անում։