Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի խռվակ: Ուսուլով էդ խռվակովը մննում ա բաղչեն. դե՛ս, դե՛ն ա մտիկ տալի, տենում ա մարդ-մադաթ չկա, վռազ-վռազ մի խնձոր քաղում ա, էլ եդ դուս ա գալի, էթում։ Էթում ա, չոլի մեջտեղը կաննում. ասում ա. «Ըստե ուտեմ, որ մարդ չիմանա»։ Ուտում ա, պրծնում, տենում ա ի՞նչ՝ հրես դհա ջահելացավ, դառավ ոնց որ մի տասնըհինգ տարեկան աղջիկ: Խեղճ կնիկը մնաց մոլորած, գլխին վա՜յ տալոն։

— Ես կերա,— ասեց,— որ մեռնեմ, պրծնեմ էս աշխարքիցը, դհա ջահելացա։

Սուս ու փուս գալիս ա, իրանց դռան աղացին կաննում։ Իրիկունը մարդը տուն ա գալի, տենում ա՝ դռանը մի ջահել, սիրուն աղջիկ կաննած ա, կնկանը չի ճանանչում. մննում ա տուն, քունջ ու պուճախ ա ընկնում, տենում ա կնիկը տանը չի: Էթում ա հարևաններին ա հարցնում, նրանք էլ կնկա տեղը չեն իմանում. վերջը ճարը կտրած, գալիս ա էդ աղջկանն ա հարցնում.

— Ա՛ղջի,— ասում ա,— էս տան կնկանը հո չե՞ս տեհե:

— Ե՛ս եմ,— ասում ա,— էս տան կնիկը. ի՞նչ ես ուզում։

— Չէ՛, ջա՛նըմ, ի՜նչ ես ասում. իմ կնիկը յաշն առած կնիկ էր, դու ջահել աղջիկ ես։

Աղջիկը երդում, կրակն ա ընկնում, թե. «Ես քու կնիկն եմ, որ քու կնիկն եմ», մարդը չի ավատում:

— Դե՛ որ իմ կնիկն ես,— ասում ա մարդը,— արի՛ էթանք տուն։

— Էթա՛նք,— ասում ա։

Կնկա կռնիցը բռնում ա, քաշ տալի նեքսև։ Տանում ա տուն, տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ սըխկում ա՛, սալջարդ անում, վե քցում, նոր ինքը թեք ա ընկնում, քնում։ Էս խեղճ կնիկը մնում ա գլխին, ոտին տալոն։

— Ես յաշով կնիկ ի,— ասում ա,— մարդս ասսու իրան օրը ծեծում էր, հմի ջահելացա, դհա բեթար ա ծեծում, չեմ գիտա ինչ անեմ, ո՛ր ջուրն ընկնեմ, որ պրծնեմ նրա ձեռիցը։

Առավոտը որ լիսանում ա, մարդը նախիրն աղաքն ա անում, էթում հանդը, կնիկը մտքի հեննա ա ընկնում, միտք ա անում, միտք ա անում, վերջն ասում ա. «Էթամ թագավորին գանգատ, աղաչանք անեմ, մարդիս կանչի, խրատի, բալի ինձ չծեծի»։