Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդ մուկը խաբարը տանում ա իրանց թագավորին, թե թագավորի տղեն ասում ա. «Ֆլա՛ն ծովի միջին մի Քոսա ա ապրում, Քոսի կշտին մի Մատանիք կա, ընչանք էդ Մատանիքը բերել չտաս, էս երկրից չեմ էթա»։

Մկների թագավորը էս որ լսում ա, էն սհաթը մի ղոչաղ մուկ ա ղրկում էդ Քոսի ամարաթը, որ էթա, ո՛նց որ ըլնի մի ֆանդով էն Մատանիքը գողանա, վեր ունի բերի։

Էդ ղոչաղ մուկն ա՝ վեր ա կենում ընկնում ճամփա դպա Քոսի ամարաթը։ Էդ մուկն ա՝ ծովի տակովը փորիլոն, լաղում տալոն կէթա, կէթա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, կհասնի Քոսի ամարաթները, գշերը տակիցը կփորի, կնիլնի վիրև, կտենա Քոսեն քնած ա։ Քոսեն քնելիս հունարով Մատանիքը դնում էր բերանը ընենց էր քնում, որ չըլնի թե կնիկը գողանա, դնի մատը, արաբները գան, իրան վնասիլ տա։ Մուկը դե՛ս, դե՛ն կընկնի, Մատանիքը չի գտնի, վերջը որ շատ ման կգա, վարավուրդ կանի, կտենա, Քոսի բերանումը պահած ա։ Ըտեղ մի շուշա թունդ քացախ կըլնի դրած, մըն էլ աղաթասով սև տաղտեղ. կէթա պոչը կթաթխի աղաք քացախի մեջը, եննա սև տաղտեղի մեջը, ա՛ռ հա Քոսի պինչը կկոխի։ Կոխելու բաշտան Քոսեն կփռշտա, Մատանիքը բերնիցը վե կընկնի։ Մուկն էլ զաթի դրան էր բանդ, կվերունի ու յա՜լլա իրա էկած ճամփովը կգա, կհասնի իրանց երկիրը, Մատանիքը կտանի կտա թագավորի տղին։ Թագավորի տղեն իրա Կատուն վե կունի, էդ գեղիցը դուս կգա, կէթա, կէթա մի ղրաղ տեղ, Մատանիքը կդնի մատը։ Դնելու բաշտան արաբները կգան։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն արաբները։

— Ինձ վե կալեք, տարեք մեր երկիրը։

Արաբները նրան վե կունեն, կտանեն իրա երկիրը. եննա թագավորի տղեն կասի.— Էս սհաթը կէթաք ֆլա՛ն ծովի միջի ամարաթիցը Քոսին վե կունեք, կքցեք ծովը, ամարաթը իրա սարք ու կարգովը, թագավորի աղջկանովը կտանեք կդնեք էլի աղաքվա տեղը։

Արաբները ալբիալը թագավորի տղի հրամանը կկատարեն, Քոսին կքցեն ծովը, ամարաթը իրա սարք ու կարգովը, թագավորի աղջկանովը կտանեն կդնեն իրա աղաքվա տեղը։

Թագավորի տղեն կնկանը ո՛ր կտենա, կուրախանա, աշխարով մին կըլնի, ուրախություններիցը չեն իմանում ի՛նչ անեն։ Նո՛ր