Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛ղա,— ասումա փռնչին,— դո՞ւ չասէցիր. «Էն գլխէն օվ կգա կուշտդ, ըս՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց կասի՝ վէ կունէս կկօխէս փուռը»։ Էն գլխէն կնիկդ էկավ, վօնց վօր ասէլ իր՝ ընէնց հարցրէց, յէս էլ անսաս վէ կալա քցէցի թէժ փուռը։

— Այ հարա՜յ,— ձէն ա տալի բէզրգյանը,— քու տո՛ւնը քանդվի, վօնց վօր դու իմ տունը քանդէցիր, թօղիր։

Խէղճը շատ ա գլխին վա՛յ տալի, լա՛ց ըլնում, համա էլ ո՛ւր, բանը բանից ա՛նց էր կացէ։ Թօ՛ղում ա փօր-փօշման, դառը-տխուր գալի տուն։

Իրիգունը տղէն դուքանիցը գալիս ա։

— Տղա՛,— ասում ա բէզրգյանը,— քէզ մի բան պտի հարցնէմ, համա վօր դրուստը չէս ասէ՝ էլ ձէռիցս չէ՛ս պրծնի։

— Ա՛սա,— ասում ա տղէն,— կա՛սէմ, խի՛ չէմ ասի։

— Դու ա՛րի դրուստն ասա՝ քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անցկացէ։

Տղէն առաջ չէմ ու չում արէց, չո՛ւզէց մղուր գա, ասէց բալի իղակօրուստ անի, համա տէհավ վօր չէ՛, բանը ո՛ւրիշ թավուր ա, բէզրգյանը ամէն բան գիտա, էլ չկարաց պահի. ասէց՝ հա՛լ-նաղլ ըսէ՛ց, ըսէ՛նց, ըսէնց բա՛ն, նստէց մին-մին նա՛ղլ արէց, վօնց վօր յէս ձէզ նա՛ղլ արի։

— Լա՛վ,— ասէց բէզրգյանը,— յէս քէզ ավատում էմ. համա վօր դու իմ կնկա կօրչէլու սաբաբն էլար, սրանից դէնը քու աշխատանքն ինձ հա՛րամ ա կացէ, վօր վօտիցդ ընչանք գլուխ վօ՜սկի էլ դառնաս՝ ինձ պէտքը չէս։ Հրէ՛ս,— ասէց,— էս քու սաղ տարվա թամամ հախը. ապրանքից էլ ինչ վօր քէզ կհասնի, կէթաս վէ՛ կունէս, կէթաս յէդ քու յէրկիրը։ Աստօծ քէ՛զ բարի տա, ընձ էլ։

— Լա՚վ,— ասէց տղէն,— վօր ուղում էս՝ ըտէ՛նց կանէմ։

Հա՛ց կէրան պրծա՛ն, պառկէցին, քնէցին։ Առավօտը լիսը բա՛ցվէց թէ չէ՛ տղէն վէ՛ կացավ, գնաց դուքան, դուռը բա՛ց արէց, ապրանքից ինչ վօր իրան կհասնէր, չօրսից մինը վէ՛ կալավ, էլ յէդ դուռը շի՛նէց, բէրէց բալանիքը տվէց բէզրգյանին, հէննէն մնաս բա՛րօվ արէց, էկավ քրէհդա՛րնէր բռնէց, ապրանքը բա՛րցիլ տվէց, ընգավ ճամփա՝ դո՛ւզ դպա իրանց գէղը։

Է՛կավ, է՛կավ, է՛կավ, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, հի՛նգ օր, մախլասի, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ՝ հէնց էն ա հասվէհաս էր, գէղի կշտին մութը գէտինը կօխէց։