Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբարք», նորից բացականչում է Յովհաննիսիկ վարդապետը։ Մարդիկ շան, կատուի միս էին ուտում, մարդիկ իրար էլ չէին խնայում, իրար միս էլ կերան: Ամարասի մօտ, մի գիւղում մի հարուստ մարդ մի հատ եօթնամեայ երեխայ ունէր: Հարուստի տան շուրջը հաւաքվել էին մերձակայ գիւղերից բազմաթիւ կանայք. և հարուսաը, որքան կարողանում էր, կերակրում էր նրանց։ Բայց մի օր քաղցած կանայք, դժբախտ երեխային կանչում են մի տուն, սպանում են, ուտում նրա մի ոտը անդամների հետ։ Մի ուրիշ տեղ էլ, ինչպէս ասում էին, մի ծեր մարդ կերել էր իր աղջկայ մարմինը։

Այս սարսափները երկու տարի տևեցին: Վայրենացաւ երկիրը, անապատ դարձաւ։ Տնային շները վայրենացել էին և գիւղերից դուրս մարդիկ էին որսում. գայլերը մտնում էին գիւղերը և քնած մարդկանց ուտում։ Եւ դժբախտ երկիրը դեռ շունչ քաշել չէր սկսել, երբ դարձեալ վերսկսվեցին պարսկա-թիւրքական պատերազմները, որոնց բեմն էին դառնում Արևելեան Հայաստանի զանազան կողմերը։

1583-ին օսմանցիները վերցրին Երեանը և աւերեցին նրան։ Հրամայված էր բերդ շինել Երեանում. և օսմանեան զօրքերը առանց այլ և այլութեան քանդեցին հայոց եկեղեցիները, որպէսզի նրանց քարերը գործածեն բերդի պարիսպների վրա։ Ապա օսմանցիները նորից գրաւեցին Թաւրիզը։ Պարսիկները կենտրօնացել էին Ղարաբաղում և այդտեղ էին աշխատում կազմակերպել