Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործողութիւնները շարունակելու համար, անշուշտ ջուղայեցիները շատ գոհ էին, որ իրանց հարստութիւններով և ընծաներով գրաւել են Իրանի բռնակալի սիրտը։ Չէին իմանում խեղճերը, որ միամիտ երեխաների պէս խաղացել են ամեն ինչ ոչնչացնող մի կրակի հետ և հէնց այդ օրվանից իրանց ձեռքով ստորագրել են իրանց սոսկալի դատավճիռը…

Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Ամուր էր այդ բերդը, որովհետև օսմանցիները նոր էին քանդել հայոց եկեղեցիներն ու վանքերը և նրանց քարերով շրջապարիսպ էին շինել։ Եւ Շահ-Աբասը չէր էլ ուզում յամառ ու խիստ յարձակումներով նուաճել բերդապահ օսմանցիներին. նա լաւ էր ճանաչում թշնամուն։ Մի մի բերդի դէմ յարձակումներ գործելիս էլ` Շահը խնայում էր իր զօրքը և առաջ էր ուղարկում շրջականերից հաւաքած հայերին, որոնք կոտորվում էին, ընկնելով օսմանեան և պարսից կրակների մէջ։

Եթէ թիւրքաց կանօնաւոր զօրքը այնքան երկիւղ էր ազդում պարսից Շահին, այդ չէր նշանակում, թէ նա պիտի վախենայ և խաղաղ ու անպաշապան ազգաբնակութիւնից։ Ընդհակառակը, նա շտապեց ցոյց տալ, որ նախրի այդ հօտերի հետ նա կարող էր իր ունեցածի պէս վարվել, յենվելով իր քաջ գնդերի բազմութեան վրա։ Հետևելով իր նախորդների օրինակին, նա զօրքեր ուղարկեց դէպի արևմուտք` օսմանեան երկիրները կողոպտելու և գերելու համար։ Պարսիկները հրային լաւայի պէս անցան Շիրակի, Էրզրումի