Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լօռին, Ապարանը, Շիրակը, Կաղզուանի ձորը, Մակուն, Աղբակը, Խոյը, Սալմաստը, Ուրմին դատարկվեցան։

Օգոստոս ամիսն էր (1605), երբ սկսեցին քանդել այսքան լայնածաւալ մի աշխարհը։ Բնակիչներին դուրս էին անում տներից և ապա հրդեհում էին ամեն ինչ-բնակութիւն, հացի պաշար, խոտ ու յարդ։ Ոչինչ չը պիտի մնար թշնամու համար. անապատը պիտի սարսեցնէր մանաւանդ այս թշուառ բնակիչներին, ցոյց տալով, որ նրանք այլ ևս չը պիտի մտածեն յետ դառնալու մասին։ Բոլոր տեղերից մարդկանց քշում էին դէպի Արարատեան դաշտը, ուր պիտի կուտվէր գերիների ամբողջ բանակը։ Ահագին խմբերը անբան անասունների հօտեր էին դարձել, կամքից, պատւից, ոյժից ու խելքից զրկված հօտեր, որոնց պարսիկները քշում էին իրանց առաջ ամենայն հեշտութեամբ։ Ամեն դժգոհութիւն, բայց մանաւանդ դանդաղկոտութիւն պատժվում էր սրով։ Պարսիկները շտապում էին, Սինան-փաշան շատ հեռու չէր․ ժողովրդի տագնապը բազմապատկվում էր այն պատճառով, որ նրան ժամանակ էլ չէին տալիս ունեցած չունեցածը հաւաքելու, ճանապարհի պատրաստութիւններ տեսնելու։ Զարհուրելի էր այն անասնական բթութիւնը, որին հասել էր ազգաբնակութիւնը դարերի անընդհատ հարուածների տակ։ Լօռիից մինչև Աղբակ և Կաղզուանից մինչև Նախիջևան ոչինչ յամառ դիմադրութեան փորձ չեղաւ․ տասնեակ հազարներով մարդկանց մէջ հասկանալի չը դարձաւ այն միտքը