Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արարատեան երկիրը։ Երկու օր ճանապարհ գալով, այդ կարաւանը կանգ առաւ. բեռնակիր անասունները և գրաստները յոգնել էին, առաջ չէին գնում։ Ջալալիները վերցրին նրանց բեռները, բաժան-բաժան արին և շալակել տուին գերի կանանց և տղաներին։ Առջևում դեռ մի սար կար։ Եւ ահա այդտեղ սկսվեցին բեռնակիր մարդկանց տանջանքները։ Շատերի ոտներն ու ձեռքերը ցրտատար եղան, շատերը զոհ գնացին բուքերին։ Գնում են ցորեն շալակած խեղճ կանայք, գնում էն ձիւների մէջ, նրանց ոյժերը թուլանում են, և ահա նրանք շալակով նստում են ձիւնի վրա, շարժվել չեն կարողանում ու այդպէս էլ մեռնում են։ Դիակներ փռելով, անողոք ձմեռվայ ձիւները տանջանքների հառաչանքով դղրդեցնելով, սարսափելի կարաւանը հասաւ, վերջապէս, Կարբի, ուր աւազակները կենդանի մնացած կանանց ու երեխաների մեծ մասը ծախեցին, մի մասն էլ իրանք վերցրին։

Անթիւ ու անհամար էին տառապանքները։ Առաքել պատմագիրը նկարագրում է և մի սարսափելի դէպք, ուր հարիւրաւոր հոգիներ էին դատապարտված մահվան։ Այդ դէպքը պատահեց դարձեալ Գառնի գիւղում, ուր Շահ-Աբբասի գերեվարութեան ժամանակ այնպիսի աղէտ տեղի ունեցաւ։ Այս անգամ էլ ազգաբնակութեան մի մասը, մօտ հինգ հարիւր հոգի, թագնվեց ջալալիների ձեռքից մի մեծ այրի մէջ։ Ջալալիները շրջապատեցին այդ այրը, բայց ոչինչ չկարողացան անել։ Քարայրը մեծ էր, միայն մի նեղ բերան