Մելիքսէթը Դաւիթի հաճութեամբ գնացել էր Շահ-Աբբասին դրդելու ու մատնութիւններ անելու, այժմ այդ երկուսը, իրանց արածի փոխարէն ոչինչ վարձատրութիւն չը ստանալով պարսիկներից, աշխատում էին գոնե միահեծան իշխանաւոր մնալ հայերի վրա և ապրել փառաւոր կերպով։ Յաղթողը վերջը Մելիքսէթն էր, որ պարսից կառավարութիւնից կապալով վերցրեց հոգևոր իշխանութիւնն ու սկսեց աջ ու ձախ կեղեքել, հարստահարել ժողովուրդը, որպէս զի նրանից կողոպտածով կաշառէ խաներին և ինքն էլ իր ազգականների ու սիրելիների հետ Երևանում փափուկ ու առատ ապրուստ ունենայ։ Դա մի վեղարաւոր խան էր․ շրջում էր պարսիկ ձիաւորներով շրջապատված, հրամայում էր, առնում, տանջանքների էր ենթարկում ընդդիմացողներին, իսկ աւելի զօրաւոր հակառակորդներին ոչնչացնում էր մատնութիւններով։
Հայոց փառամոլ և սրբավաճառ կաթողիկոսների շարքում այս մարդը ամենավատ կերպարանքն է ներկայացնում։ Դեռ նոր էր սովը վերջացել Հայաստանում, Էջմիածնի մէջ երևան եկան երկու կաթօլիկ պատերներ, որոնք ընծաներ մատուցին Մելքիսէթ կաթողիկոսին։ Բաւական էին այդ ընծաները, որպէս զի Մելքիսէթը կատարէր այն ամենը, ինչ ուզում էին կաթօլիկ հոգևորականները։ Նա ստորագրեց մի թուղթ, որով յայտնում էր իր հպատակութիւնը Հռօմի աթոռին (1610)։ Նա նոյն իսկ թոյլ տուեց, որ պատերները մտնեն Հռիփսիմէի աւերակ վանքը, քանդեն