Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրագոյն աստիճաններին։ Մարդակերութիւնը համատարած երևոյթ էր։ Դարձեալ մարդկային միսը կերակուր դարձաւ, դարձեալ ծնողները իրանց երեխաների մսով էին կշտանում։ Եւ այդ զարհուրելի աղէտը տևեց ամբողջ չորս տարի։ Սկսվելով 1606 թւին, սովը դեռ թոյլ էր, յաջորդ երկու տարիները կատաղութեան ծայրին հասաւ, 1609-ին դարձեալ թուլանալ սկսեց և միայն 1610-ին բոլորովին թողեց դժբախտ աշխարհը։

Մարդկային համբերութիւնը, դիմացկանութիւնն էլ սահմաններ ունեն։ Մարդկանց և բնութեան ստեղծած աղէտները միացել էին ամեն ինչ մահացնելու համար։ Եւ ազգաբնակութիւնը, հնազանդվելով սարսափելի ճակատագրին, սկսեց դէս ու դէն փախչել, ցրվել։ Նոր գաղթականութիւններ գնացին դէպի Ղրիմ, Լեհաստան, Մօլդավիա, Պարսկաստան։ Շահ-Աբբասն էլ իր ծրագիրը չէր մոռանում։ 1608-ին, երբ կատաղի սովը տարածված էր ամեն տեղ, Շահի մարդիկ նորից շրջում էին երկրի զանազան կողմերը, հաւաքում էին բնակիչներին․ նրանց երկու մեծ խմբով տարան Պարսկաստան, բնակեցրին Սպահանում։

Ել մնացած դատարկութեան ու յուսահատութեան մէջ թագաւորում էր կղերի զզուելի քարասրտութիւնը։ Մինչդեռ շուրջը քար քարի վրա չէր մնում և հայ ժողովուրդը, կարծես, իր վերջին շունչն էր փչում, Դաւիթն ու Մելիքսէթը խայտառակ վէճեր էին մղում միմեանց դէմ, թէ ով պիտի կաթողիկոս մնայ։ Բաւական չէր, որ