ճանապարհորդութիւնից յետոյ հասնելով Շնհեր գիւղի սահմաններին, ապշում է բնութեան այն ահեղ ու վայրենի տեսարաններից, որ նրա առջև բաց է անում Որոտնայ գետի հսկայական կիրճը: Ձոր անուն տալ այդ խոր ու լայն բացուածքին շատ նուազ արտայայտիչ մի բան կը լինէր: Դա մեծ ու փոքր ձորերի, մեծ ու փոքր սարերի, շղթաների, պատռուածքների, հսկայական լանջերի, անդունդների, նեղ, կանաչազարդ հովիտների մի բարդ խառնուրդ է, որի միջով իր համար օձապտոյտ ճանապարհ է բացել Որոտնայ գետը։ Այդտեղ ահա կանգ առան մեր երկու ճգնաւորները։ Որոտնայ գետի աջ գեղանկար ափին, Տաթևից ցած դէպի հարաւ-արևելք, նրանք տեղ ընտրեցին և հիմնեցին Մեծ Անապատը։ Նրանք մենակեացներ չէին: Զանազան կողմերից եկան հաւաքվեցին աշխարհական և հոգևորական մարդիկ, որոնցից կազմվեց մի ամբողջ միաբանութիւն։
Իսկ կազմելը հեշտ չէր, հիմնադիրները մեծ դժուարութիւնների հանդիպեցին։ Վաղուց էր որ Հայաստանի մէջ մոռացվել էին միաբանական կարգերը, մինչև իսկ վանականների զգեստի ձևն էլ կորել էր։ Պէտք էր գտնել այդ կարգերը. և հիմնադիրները կարող էին այդ բանն անել, ուսումնասիրելով հին գրուածքներ։ Նրանց աջողվեց խմբագրել մի խիստ կանոնագրութիւն, որ շատ բաներով յիշեցնում է կաթօլիկ միաբանութիւնների կազմակերպութիւնը։ Գլխաւոր, առաջին նպատակն էր, ի հարկէ, կրօնաւորական մաքուր