Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս կրթական-վերանորոգչական փոքրիկ ու համեստ կենտրօնը Արևելեան Հայաստանի մէջ հեղինակութիւն սաացաւ: Բայց այդ ժամանակ Արևմտեան Հայաստանում էլ կար մի փոքրիկ հիմնարկութիւն, որի վրա մենք այստեղ պիտի ուշադրութիւն դարձնենք մանաւանդ այն պատճառով, որ նա Սիւնեաց դպրոցի և պակասները լրացնողն էր։

Դա նոյնպէս մի վանական դպրոց էր, որ գտնվում էր Բաղէշ քաղաքում։ Բաղէշը այդ ժամանակներում մի ընդարձակ քրդական խանութեան սեփականութիւնն էր։ Այդտեղ այժմ էլ կայ մի հին վանք, որ կոչվում է Ամրդօլու (Ամլորդւոյ) վանք։ Հին ժամանակներից Ամրդօլուի վանքը ունէր դպրոց, իսկ XVII դարի առաջին քառորդում այդ դպրոցի գլիաւորն էր Բարսեղ վարդապետը։

Բռնութիւնների երկար դարերում ոչ միայն չէր կարելի որ դրսից գիտութեան լոյս մտնէ Հայաստանի մէջ, այլ և կորաւ ու անհետացաւ հայկական հին լուսաւորութիւնլը։ Նրանից մնացած աղքատ, ողորմելի փշրանքներով էր ապրում հայութիւնը անկման դժբախտ ժամանակներում։ Թէ որքան մեծ էր այդ աղքատութիւնը, կարելի է եզրակացնել նրանից, որ Հայաստանի գրագէտ մասը այլ ևս չէր հասկանում հին հայերէն թարգմանութիւնները յունական փիլիսոփաներից, քերականութիւնը, տրամաբանութիւնը, մի խօսքով այն ամենը, ինչ մեր հոգևոր գրականութեան մէջ կոջվում է «արտաքին գիտութիւններ»։