Բարսեղ վարդապետը Ամրդօլուի վանքում մի շատ յանդուգն միտք է յղանում—հասկանալ այդ հին, թագնված գրական գանձերր․ հասկանալ, ի հարկէ, առանց ուսուցիչների օգնութեան, քանի որ ուսուցիչներ չը կային, հասկանալ ինքնակրթութեամբ, յամառ աշխատասիրութեամբ։ Նա միայն մի միջոց ունէր իր համարձակ մտքին հասնելու համար-կարդալ և մտածել: Կարդալ չը հասկանալով, նորից և նորից կարդալ, անվերջ առաջ գնալ ու յետ դառնալ և լարել մի և նոյն ժամանակ միտքը, ջանք դնել ըմբռնել այդ անհասկանալին:
Աշխատասիրութիւնը, ասած է, սարեր է հալեցնում։ Բարսեղ վարդապետը երկար տարիների տանջանքով կարողացաւ յաղթել արգելքների մի մասը։ Կարողացաւ հասկանալ Դաւիթ Անյաղթի «Սահմանք Իմաստասիրութեան» աշխատութիւնը, որի մէջ յունական փիլիսոփայութեան տեսութիւնն է դրված, և ապա անցաւ նոյն Անյաղթի թարգմանած Պորփիւրի «Ներածութեան»։ Բարսեղ վարդապետի կրած չարչարանքները աւելի ևս հասկանալի կը լինեն, եթէ մենք աչքի առջև ունենանք որ Դաւիթ Անյաղթի գրութիւնները սաստիկ խորթ ու խրթին ոճով են գրված, հելլէնաբանութիւններով լիքն են: «Արտաքին գիտութիւնները» առհասարակ քիչ յարգ էին վայելում հայ հոգևորականութեան մէջ, իսկ Դաւիթ Անյաղթի գործերը մանաւանդ շատ սիրելի չէին նոյն իսկ հին ժամանակներում, քանի որ նուրբ ու լուրջ բովանդակութեան հետ ունէին Անյաղթի սարսափելի հայերէնը։