Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եւ այսպէս, լեհահայը միայն եկեղեցու միջոցով էր կապված հայութեան հետ։ Բաւական էր խզել և այդ կապը, այնուհետև Լեհաստանի հայերը ազգային գոյութեան որ և է յենակէտ չը պիտի ունենային։ Բայց նոյն իսկ կրօնի շրջանում էլ աւանդապահ և ջերմեռանդ լեհահայը մի առանձին մատենագրական ընդունակութիւն ցոյց չը տուեց։ Հոգևորականութիւնը նոյնպէս անպատրաստ էր և տգէտ, ինչպէս Հայաստանում։ Դեռ աւելի վատ-լեհահայերը կրօնական ուսում, ղեկավարութիւն սպասում էին Հայաստանից։ Իսկ մենք արդէն գիտենք, թէ ինչ էր Հայաստանի դրութիւնը. այդ մտաւոր անապատը ոչինչ, ի հարկէ, չէր կարող տալ իր հեռաւոր զաւակներին մի այնպիսի վճռական ժամանակ, երբ կաթօլիկ կղերը եռանդուն դաւանափոխական գործունէութիւն էր սկսել նրանց մէջ։ Լեհաստանում միմեանց հետ ընդհարվում էին երկու մտաւոր դրութիւններ․ մի կողմում եզուիտներն էին, որոնք բացի ահագին հեղինակութիւնից ու ծածուկ խարդավանքներից՝ զինված էին նաև գիտութեամբ. իսկ հակառակ կողմում կանգնած էր՝ տգէտ, ողորմելի հայ հոգևորականութիւնը։

Էջմիածինը Լեհաստանի համար հայագիտութեան ամենաբարձր կենտրօնն էր: Բայց լեհահայերից շատ քչերն էին գնում այնտեղ հայերէն լեզուն ուսումնասիրելու համար։ Փիլիպպոս կաթողիկոսի օրով, 1646-ին, Լվօվից էջմիածին գնացին Ստեփանոս և Թէոդորոս Վարդանեան եղբայրները, որոնք ազնուական ծագում ունէին: