Սա մի պաստմական օրէնք է, որը նկատել կարող ենք նոյն իսկ մեր օրերում։ Յայտնի է, որ կաթօլիկութիւնը առաջին անգամ Հայաստանի մէջ մտցնողները հայեր էին (ունիթօրները), յայտնի է որ այդ ֆանատիկոսները կատաղի անհաշտութեան այնպիսի անվայել աստիճանների էին հասնում, որ նոյն իսկ Հռօմի աթոռը ստիպված էր լինում սանձահարել նրանց։ Հայը այդպէս էր ոչ միայն Հայաստանում, այլ և Եւրօպայում։ Լեհաստանի գործը հայի ձեռքով սկսվեց, հայի ձեռքով էլ վերջացաւ։
Այդ գործը մէկն էր այն պատմական տրագեդիայի արարուածներից, որի բեմ հանդիսացաւ Լեհաստանը XVII դարում։ Դա ինքն ըստ ինքեան վերցրած՝ մի դժբախտութիւն էր, բայց մի և նոյն ժամանակ մի փոքրիկ կտոր այն ընդհանուր դժբախտութեան, որին մատնվեց ամբողջ Լեհաստանը եզուիտների առաջնորդութեամբ։ Լուսաւոր, բարգաւաճ երկիրը ընկղմվեց խաւարի մէջ․ կորաւ նրա գրական հարստութիւնը, ժողովրդի արիւնը թունաւորվեց, և երկիրը դիմեց դէպի մահ: Տանջանք, արիւն, կրակ, ստորութիւն, խաբէութիւն... և այս բոլորը ի՞նչ անունով, ինչու՞ համար։ Քրիստոսի անունով և կղերի աշխարհական տիրապետութեան համար...
Անկեղծ մարդը, որ դաւանական նախապաշարմունքներից վեր է և որի համար ամենից նուիրականը մտքի ու խղճի ազատութիւնն է, չէ կարող զզուանքով երես չը դարձնել այդ տեսարաններից, որոնց մէջ հերոսները կամ տգէտ ու