Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի դրանից, կաթօլիկ հայը կրթութիւն կարող էր ստանալ և Հռօմում, Պրօպագանդայի դպրոցում։ Բայց որքան էլ եւրօպական կրթութիւնը մօտիկ լինէր հայ կաթօլիկ համայնքին, մենք չենք տեսնում, որ նա զարգացումով բարձր լինէր միւս հայերից, որոնց կրթարանները աղքատ ու տգէտ վանքերն էին։ Գոնէ հայ կաթօլիկներից չեն դուրս գալիս յայտնի եկեղեցական գործիքներ կամ այնպիսի ընդունակ մարդիկ, որոնք նոյն իսկ կարողանային հաւասարվել Սիւնեաց դպրոցի աշակերտներին իրանց գրական վաստակներով։

Ի՞նչ է սա ցոյց տալիս։ Պրօպագանդան միմիայն կաթօլիկութիւնն ունէր ի նկատի և նրա դպրոցները նեղ դաւանական հիմնարկութիւններ էին, որոնց մէջ լատինական լեզուն էր առաջնակարգ տեղը գրաւում։ Հայ կաթօլիկ վարդապետների ողորմելի հայերէնը, որի շատ նմուշներն են մնացել, մի լաւ ապացոյց է, որ կաթօլիկ եկեղեցին ամենևին միտք չունէր իր ծոցում պատրաստել կրթված հայեր. նրա համար բաւական էր և այն, որ հայը, ոչնչով չը զանազանվելով իր տգէտ հայրենակցից, լաւ իմանար դաւանական հարցերը, եկեղեցական գրքերի հետ ծանօթ լինէր։ Եւ այնքան խակ ու խեղճ էին հայ կրօնաւորները, որ նոյն իսկ չը կարողացան իրանց աշխատութիւններով ծանօթացնել եւրօպացիներին հայերի, նրանց լեզուի, գրականութեան հետ։ Որ այս անկարողութիւնը լոկ տգիտութեան նշան էր, կարելի է իմանալ նրանից, որ լատին կրօնաւորները. իրանց քարոզչութեան հետ կապում էին նաև հայերէն