Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարպետ, բաժանել են աշխատանքը և գործում են մեծ համբերութեամբ։ Անտարբեր ու անգործ չէ նոյն իսկ ծերունի խոհարար Տէր Յուսիկը, նա էլ օգնում է եղբայրներին։ Նայելով շրջապատող պարսկական իրականութեան, մտաբերելով, որ այդ աշխատաւորներից շատերը տարիներ առաջ բռնութեամբ հեռացրված էին իրանց հայրենի հողից և արտասունքներով էին թրջում այն երկար ճանապարհը, որ վերջը բերեց հասցրեց նրանց այստեղ, տեսնելով թէ որպիսի յոյսերով և սրբազան ակնկալութիւններով են այդ մարդիկ պատում իրանց ձեռքով շինած անարուեստ, կոպիտ մամուլի շուրջը, դուք յիշում էք ֆրանսիական հռչակաւոր պատմաբան Միշլէին, որ XIX դարի աոաջին կէսից հիացմունքով նայում էբ XVI դարի վենետիկեան մեծ տպագրիչների դաժան աշխատութիւններին և բացականչում էր․ «Սուրբ գործ»։

Իր սարքած տնային գործով Խաչատուր Կեսարացին, բնականաբար, չէր կարող բաւականանալ այդ պատճառով էլ աղաչում էր ընթերցողներին ներողամիտ լինել տպագրական պակասութիւնների վերաբերմամբ, որովհետև, ասում է, այդքանը միայն կարելի եղաւ անել։ Բայց նա մի և նոյն ժամանակ միջոցներ է ձեռք առնում, որ օգտակար գործը կատարեալ ու գեղեցիկ էլ լինի: Առանց Եւրօպայի օգնութեան յոյս չունենալով հասնել այդ նպատակին, նա 1639 թւին, երբ «Հարանց Վարքը» դեռ տպված վերջացած չէր, Եւրօպա ուղարկեց իր աշխատակիցներից մէկին.