Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում է. «Տես, Տէր Ոսկան, պետք է որ մեզանից մեկը մնայ այստեղ մեր վարդապետի հետ․ այս գիտութիւնն էլ շատ հարկաւոր է մեզ, որպէս զի գնալով Սպահան, սովորեցնենք միմեանց։ Եթէ դու կամք ունես սովորելու, դու գնա, ես այստեղ կը մնամ վարդապետին ծառայելու, իսկ եթէ չունես, ես կը գնամ և դու կը ծառայես վարդապետին»։

Դեռ երեխայ էր Ոսկանը, դեռ գիտութեան նշանակութիւնը լաւ չէր ըմբռնում, բացի դրանից, Սիմէօնը նրանից տարիքով մեծ էր․ ուստի նա թոյլ տուեց որ Սիմէօնը գնայ Էջմիածին, իսկ ինքը մնաց Երևանում։ Սիմէօնը Մելքիսէթից սովորեց այն ամեն, ինչ այդ վարդապետը սովորել էր Լիմի անապատում։ Յետոյ, երբ Խաչատուր Կեսարացին նորից դարձաւ Ջուղայի առաջնորդ, երկու աշակերտներն էլ, Սիմէօնն ու Ոսկանը, գնացին նրա հետ և Ոսկանը Սիմէօնից սովորեց ինչ պակաս էր թողել իր կրթութեան մէջ։

Փիլիպպոս կաթողիկոսի ժամանակ Ոսկանը կանչվեց էջմիածին։ Այս անգամ Ոսկանը էջմիածնում գտաւ Պիրօմալիին, մօտեցաւ նրան, թողեց ամեն ինչ և սկսեց եռանդով աշակերտել լատին վարդապետին։ Իր նոր ուսուցչից Ոսկանը այնքան սովորեց լատիներեն լեզուն, որ սկսեց թարգմանութիւններ անել։ Բացի լատիներէնից, նա սովորեց և քերականութիւն, բնաբանութիւն, փիլիսոփայութիւն, աստուածաբանութիւն, երկրաչափութիւն, աստղաբաշխութիւն։ «Բայց այս բոլորը, աւելացնում է Ոսկանը, ոչ լիապէս, ինչպէս