Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայացնում, մի խօսքով անում է այն, ինչ կարող էր անել մի կաթօլիկ միսիօնար, որի համար անհասկանալի, յուզիչ ու անտանելի բան էր թէ ինչու հայերը յամառութեամբ կպած են իրանց եկեղեցուն և չեն ուզում Հռօմ գնալ, այն էլ իր պէս մի «բարեխիղճ» կրօնաւորի առաջնորդութեամբ։ Հերետիկոսներ փրկելու համար նա նոյն իսկ անվայել խարդախութիւններ է արել։ Այսպէս, նա մի տեղ վկայութիւն է բերում մի եկեղեցական ժողովից, որին նոյն իսկ լատին եկեղեցին չէ ընդունում, իսկ մի ուրիշ տեղ նա խարդախել է Եփեսոսի ժողովի մի որոշումը, որպէս զի ցոյց տայ թէ հայերը այդ որոշումով պարտաւորված էին հնազանդվել Հռօմի պապերին։ Եւ այլ այս տեսակ քաջագործութիւններ՝ մարդկանց մոլորեցնելու, խաբելու համար...

Այսպէս է այդ ստուար աշխատութեան առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները վիճաբանական են, այսինքն պարունակում են երկար ու անվերջ վէճեր դաւանական, ծիսական զանազան հարցերի վերաբերմամբ, օրինակ, այն մասին թէ մեռածները իսկո՞յն էն ներկայանում Աստուծուն (իհարկե, եթէ արդար են) թէ ժամանակ անցնելուց յետոյ։ Վիճաբանութեան մանրամասնութիւնների մէջ մենք չենք մտնի այն պարզ պատճառով, որ այդ բոլորը համարում ենք աստուածաբանական հնոտիք, որի վրա զուր ժամանակ և աշխատանք է վատնված։ Բայց Գալանոսին բնորոշելու համար կասենք որ նա վիճում է կրքով, վիճում իբրև նեղսիրտ աղանդաւոր, որի